Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԴՐԱՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

Փետրվար 14,2009 00:00

\"\"
Ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանը ստանում է
$10000 իր պարգեւատրումը:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը երեկ պարգեւատրեց մրցաշրջան 2008-ի մեր մարզական հերոսներին

Անցած տարվա դեկտեմբերի վերջին «Օջախ» ռեստորանային համալիրում կազմակերպված մարզաշխարհի ավանդական տարեմուտի երեկոյի ժամանակ Մոսկվայից ժամանած հայտնի գործարար Սամվել Կարապետյանի անունից (նա ավելի ուշ ընտրվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ) հայտարարվեց, որ իր եւ իր հիմնադրած «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներին եւ 2008 թվականին Եվրոպայի չեմպիոնի կոչում նվաճած մարզիկներին որպես խրախուսանք սահմանվում է $10-հազարական գումար:

Երեկ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանը պարգեւավճարները հանձնեց տերերին:

Մինչ արարողությունը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն ասաց. «Պարոն Սամվել Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ նա խոսքի տեր մարդ է: Կարող եք հարցնել, թե այս հաճելի արարողությունն ինչո՞ւ այսքան ձգձգվեց: Պատճառը մեկն է: Պարզապես, հարմար պահ չէր լինում, որ մեր հերոսները միասին Երեւանում լինեին: Նրանք, ինչպես գիտեք, արդեն հունվարից անընդհատ գտնվում են ուսումնամարզական հավաքներում, մասնակցում տարբեր մրցումների՝ նախապատրաստվում են մրցաշրջան 2009-ի պատասխանատու մեկնարկներին: Այսօր, ստացվել է այնպես, որ մեր չեմպիոնների մեծ մասն այստեղ է: Ուստի՝ հարմար պահն օգտագործվում է»:

Այնուհետեւ, Վահե Կարապետյանը դրամական խոշոր մրցանակները հանձնեց Դրեզդենի շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն՝ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին (քանի որ նրանք Հայաստանում չեն, պարգեւներն ստացավ Գաբրիելի հայրը), Վլադիմիր Հակոբյանին, Արտաշես Մինասյանին, Տիգրան Պետրոսյանին, հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանին (մրցանակը վերջինին կփոխանցի Վլադիմիր Հակոբյանը), Եվրոպայի չեմպիոն Յուրի Պատրիկեեւին (մրցանակն ընդունեց նրա անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը), ծանրորդներ Մելինե Դալուզյանին, Նազիկ Ավդալյանին (նա այս օրերին ուսումնամարզական հավաքի է Թեոդոսիայում, դրա համար էլ պարգեւը հանձնվեց հորը), Տիգրան Գ. Մարտիրոսյանին, Տիգրան Վ. Մարտիրոսյանին, թաեքվոնդոիստ Արման Երեմյանին, բռնցքամարտիկներ Հովհաննես Դանիելյանին, Էդուարդ Համբարձումյանին, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, ծանրորդ Առաքել Միրզոյանին, Եվրոպայի պատանիների չեմպիոն, ըմբիշ Ռոբերտ Ղարիբյանին:

Պարգեւատրվածների եւ ընդհանրապես մարզիկների անունից Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Վ. Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեցին Սամվել Կարապետյանին եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամին, նշելով, որ իրենց ներդրած մտավոր եւ ֆիզիկական հսկայական ջանքերի թե՛ բարոյական եւ թե՛ նյութական գնահատումը որքան ոգեւորում, այնքան էլ պարտավորեցնում է: Եվ նրանք կանեն ամեն բան՝ Հայաստանի մարզական դրոշի պատիվն այսուհետեւ էլ բարձր պահելու համար:

Արարողության ավարտին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանն «Առավոտին» ասաց. «Հաշվի առնելով, որ պարգեւատրություններին արժանացած մարզիկները հայկական սպորտի ներկայիս չափորոշիչներն են, Սամվել Կարապետյանը եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամն այս հատկացումներն արեցին նրանց ոգեւորելու, սպորտի զարգացումը Հայաստանում խթանելու նպատակով: Մեր հիմնադրամը նմանատիպ բազմաթիվ ակցիաներ է կատարում նաեւ այլ ոլորտներում: Մարզական այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու, եթե մենք տեսնենք առնվազն նույնատիպ արդյունքներ: Սա մեզ համար, որպես հայ մարդու, եւ բարի կամքի դրսեւորում է, եւ պարտականություն: Մենք միշտ կանգնած ենք լինելու մեր մարզաշխարհի լավագույն ներկայացուցիչների կողքին: Սամվել Կարապետյանը, որը վերջերս ընտրվեց ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, պատրաստակամ է խրախուսել լավագույններին, անկախ այն բանից, թե նրանք որ մարզաձեւն են ներկայացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել