Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՐԻԳՈՐՈՎԻՉԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՍՊԱՐՏԱԿԸ» ԿՏԱՐԲԵՐՎԻ»

Փետրվար 27,2009 00:00

Համոզված է Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը

Աշխարհի մի շարք առաջատար երաժշտական թատրոններում գոյություն ունի հրավիրված դիրիժոր հասկացությունը, երբ այս կամ այն դիրիժորը հրավիրվում է ղեկավարելու որեւէ երաժշտադրամատիկական երկ` սեփական մեկնաբանությունն ու արտահայտչականությունը բերելով տվյալ թատրոնին: Արդեն տեւական ժամանակահատված Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը իր աշխատանքը համատեղում է Սանկտ Պետերբուրգի Ելենա Օբրազցովայի ղեկավարած Միխայլովյան կամ Փոքր թատրոնի հրավիրված դիրիժորի պարտականությունների հետ: Ընդ որում, նա այդ թատրոնում որպես երաժշտական ղեկավար իրականացրել է Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: Հենց այս հանգամանքն էլ առիթ դարձավ զրուցելու արվեստագետի հետ:

– Ինչո՞վ բացատրել աշխարհահռչակ Ելենա Օբրազցովայի կողմից Ձեր ընտրությունը, եւ, արդյոք, մինչ հրավերը ծանո՞թ էիք երգչուհու ու նրա թատրոնի հետ:

– 2000 թվականից աշխատում եմ իտալացի իմպրեսարիո Էտտորե Վոլոնտիեի հետ, որը 17 տարի համագործակցել է Վալերի Գերգիեւի հետ, իսկ ինձ նրա հետ ծանոթացրել է Գեղամ Գրիգորյանը: Իմպրեսարիոյի հետ համագործակցության արդյունքում աշխատանքային գրաֆիկս գերծանրաբեռնված է: Հյուրախաղերով հանդես եմ եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ճապոնիայում, Հունաստանում, Անգլիայում…, ղեկավարել եմ լավագույն նվագախմբեր, օրինակ, աշխատել եմ Սանկտ Պետերբուրգի Յուրի Տեմիրկանովի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ելույթ ունեցել Ռիկարդո Մուտտիի կողմից անցկացվող «Ռավեննա» հայտնի փառատոնում եւ այլն: Կանգնել եմ Մեծ թատրոնի, Իտալիայի «Լա Ֆենիչի», «Կարլո Ֆենիչի», «Կալիարի», Վերդիի անվան, Լոնդոնի «Կոլիզեյ» եւ, իհարկե, Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնների նվագախմբերի դիրիժորական վահանակների մոտ: Միխայլովյան թատրոնում «Սպարտակ» եւ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային բեմադրություններում որպես երաժշտական ղեկավար հրավեր ստացել եմ ոչ թե անձամբ Ելենա Օբրազցովայի, այլ՝ իմպրեսարիոյիս միջոցով:

– Ձեր գործունեության մեջ ակնհայտ է հակումը դեպի ռոմանտիզմը, սակայն որպես բեմադրող-դիրիժոր իրականացրել եք «Սպարտակը», որն իր վրա է կրում դասական ռեալիզմի ազդեցությունը:

– Ինքս լինելով ռոմանտիկ, շատ եմ սիրում 20-րդ դարի երաժշտությունը՝ Ստրավինսկի, Պրոկոֆեւ, Շոստակովիչ… ինչ վերաբերում է Խաչատրյանին, նրա արվեստը մեր արյան մեջ է:

– Դուք հանդիսանում եք Ազգային օպերային թատրոնում սկսված «Սպարտակ» բալետային բեմադրության աշխատանքների երաժշտական ղեկավարը: Արդյո՞ք մեր բալետային խումբն իր պրոֆեսիոնալ որակներով ու պատրաստվածությամբ այսօր կարող է բեմ հանել համաշխարհային բալետային արվեստի գլուխգործոցներից մեկը:

– Այս օրերին մեր թատրոնի բալետային խումբը եւ Յուրի Գրիգորովիչի ասիստենտները զբաղված են «Սպարտակի» նախապատրաստական աշխատանքներով: Գրիգորովիչն էլ առաջիկայում կժամանի Հայաստան: «Սպարտակի» հայաստանյան պրեմիերան նախատեսված է մայիսի առաջին տասնօրյակում: Ինչ վերաբերում է մեր բալետային խմբի պատրաստվածությանը, ճիշտ չէ ասել՝ այս խումբն ուժեղ է, մյուսը՝ թույլ, որովհետեւ բոլորն ունեն իրենց դեմքը: Ելնելով բալետային խմբի արտիստների տվյալներից՝ ցանկացած բալետմայստեր անում է իր փոքր «շեղումները», թեեւ հիմնական դրամատիկական գիծը նույնն է մնում: Գրիգորովիչի հայաստանյան «Սպարտակն» էլ հաստատ կտարբերվի ժամանակին նրա՝ Մեծ թատրոնում բեմադրածից, չնայած հիմքում նույն երաժշտությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել