Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմումներին ընթացք կտրվի

Մարտ 03,2009 00:00 Share

Զոհերի իրավահաջորդների նամակները՝ հուլիսին

\"\"
Թամարա Շաքարյանը խորհուրդ է տալիս սպասել:

2006 թ. մայիսի 16-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Շնայդերի կողմից բավարարվեցին թիվ CV 02-01750 եւ CV 02-02596 դատական հայցերը՝ ընդդեմ ԱՔՍԱ ապահովագրական ընկերության: Ցեղասպանության զոհերի ժառանգների կամ ապահովադիրների իրավահաջորդների հայցադիմումների ներկայացման վերջնական ժամկետը 2007 թ. հոկտեմբերի 1-ն էր: Մինչեւ 2008 թ. մայիսը պետք է կայանար հայցադիմում ներկայացրած անձանց որպես իրավահաջորդ ճանաչման գործընթացը, որից հետո էլ հայցադիմում ներկայացրած անձինք փակ ծրարով պետք է ստանային դրական կամ բացասական պատասխաններ: Մինչեւ անցյալ տարվա դեկտեմբեր ամիսը նախատեսված էր ավարտել դրական պատասխան ստացած անձանց փոխհատուցման վճարումների հարցը: «Առավոտին» դիմած տասնյակ ժառանգներ մտահոգված են, որ այս հարցի կապակցությամբ որեւէ նորություն չկա, ավելին՝ ԱՔՍԱ-ի կայքէջը չի թարմացվում, ԱՔՍԱ-ն ըստ էության կորած է:

ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Թամարա Շաքարյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիները բողոքում են հիմնականում ժամկետների հետ կապված, քանի որ ֆրանսահայ փաստաբանների խումբը, որպես հարցի լուծման վերջնաժամկետ, նշել էր 2008 թ. դեկտեմբերը:

Հիշեցնենք, որ ֆրանսահայ փաստաբան Վարդգես Եղյանի եւ մյուսների նախաձեռնությամբ, ՀՀ արդարադատության նախարարության օգնությամբ, մեկնարկեց Ցեղասպանության զոհերի ժառանգների դիմումների ընդունումը նախարարություն: Առավել հիմնավորված 3840 դիմումները ուղարկվեցին համապատասխան հասցեներով:

Թ. Շաքարյանի փոխանցմամբ, նախարարությունն այդ գործընթացում սահմանափակ դեր է ստանձնել. «Մեր առաքելությունը կայանում էր նրանում, որ մենք պետք է քաղաքացիներին օգնեինք դիմումների լրացման, անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու հարցերում, գնահատում էինք այդ փաստաթղթերի բավարար կամ անբավարար լինելը: Դրանով ավարտվեց մեր առաքելությունը: Թե դիմումների բավարարման, թե մերժման, թե հատուցման հետ կապված՝ արդարադատության նախարարությունն այլեւս որեւէ պարտականություն, պատասխանատվություն չի կրում: Իրենք՝ ֆրանսահայերը, ստեղծել են խորհուրդ, որը պետք է այդ դիմումները քննարկի, դրանից հետո դրական կարգով պիտի ճանաչվի՝ դիմումատուն հանդիսանո՞ւմ է նախորդի ժառանգը, թե՝ ոչ: Այդ դիմումների բավարարումից կամ մերժումից հետո փաստաբանները կապ էին հաստատելու դիմումատուների հետ, եւ այդ կարգով էլ իրականանալու է նրանց դիմումների ճակատագրի լուծման հարցը»:

Ժառանգներին նամակ ուղարկվելու է ցանկացած դեպքում, անկախ նրանից՝ մերժվե՞լ է, թե՞ բավարարվել: Ահա այդ պատասխան-նամակների ուշացումն է անհանգստացնում քաղաքացիներին:

Ի դեպ, խորհրդականի տվյալներով, այդ նամակները կհասնեն հասցեատերերին այս ամռանը՝ հուլիսին, եթե ինչ-ինչ հանգամանքներ կրկին չխանգարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել