Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին ռուսամե՞տ է

Մարտ 11,2009 00:00

Վրաստանում շարունակվում է ստորագրահավաքը՝ նախագահ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով: Ընդդիմադիր կուսակցությունների 2 խմբեր մտադիր են մինչեւ ապրիլ ամիս հավաքել առնվազն 1 միլիոն ստորագրություն: Պահպանողական կուսակցության լիդերներից մեկը՝ Զվիադ Ձիձիգուրուն, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ մտադիր է ողջ աշխարհին ցույց տալ, թե վրաց ժողովուրդը չի սատարում նախագահի քաղաքականությանը: «Սահակաշվիլին իր առաջ նպատակ է դրել հանձնել Վրաստանը Ռուսաստանին՝ վարկաբեկելով անկախության գաղափարը: Նա արդեն հանձնել է Ռուսաստանին մի շարք ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ Ինգուրի ՀԷԿ-ը, բայց մենք կկանգնեցնենք այդ գործընթացը»,- ասել է Ձիձիգուրին: Հետաքրքիր է, որ Սահակաշվիլու կողմնակիցները որպես փաստարկ օգտագործում են այն պնդումը, թե նախագահի հրաժարականը Կրեմլի պատվերն է: Այսպիսով, իշխանությունն ու ընդդիմությունն իրար մեղադրում են Մոսկվայի պատվերը կատարելու մեջ: Ընդդիմադիր մեկ այլ խումբ, որը ղեկավարում է ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան, ստորագրահավաքն անվանում է ժողովրդական պլեբիսցիտ, ընդունելով, սակայն, որ այդ միջոցառումը որեւէ իրավական հետեւանք չի կարող ունենալ: Սա պարզապես քաղաքական ճնշման ձեւ է ապրիլի 9-ին՝ Վրաստանի անկախության օրը, տասնյակ հազարավոր մարդկանց փողոց հանելուց առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել