Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհ են հավասարապես

Մարտ 21,2009 00:00

\"\"Պատգամավորները փնթփնթացին լրագրողների վրա

Քաղաքական ուժերը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսքները մեկ արած քննադատեցին լրատվամիջոցներին: Լրագրողներից հավասարաչափ դժգոհ էին եւ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության», եւ կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի: Այս երկու ուժերի ներկայացուցիչները գրեթե նույն բառապաշարով ԶԼՄ-ների հասցեին կոշտ բաներ ասացին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը որոշեց բոլորին հանդուրժողականության կոչ անել. «Ես չգիտեի, որ հայոց գրերը երբեւիցե կօգտագործվեին այդ ձեւով: Ես գիտեմ, որ ադրբեջանական ԶԼՄ-ներին ներհատուկ է այդ «ոչնչացնող» վերաբերմունքը»,- ասաց տիկին Ալավերդյանը եւ իր զարմանքը հայտնեց, իր կարծիքով, հայկական մամուլում առկա «ոչնչացնող» վերաբերմունքի առիթով: Տիկին Ալավերդյանը նաեւ ոտանավոր կարդաց, որում կոչ է արվում սնվել «կենաց խոսքով», իսկ «մերկության դեմ որպես ծածկոց՝ արդարության հանդերձ հագնել»: «Մենք ո՞վ ենք, որ դուք մեր առիթով նսեմացնում եք այդ լեզուն»,- հարցրեց Լարիսա Ալավերդյանը եւ հիշեցնելով, որ «մեծ պահոց օրերն» են, ասաց. «Ամոթի զգացումը դեռ ոչ մեկին վատ դրության մեջ չի դրել, հակառակը՝ դրա պակասն է միշտ վնաս տվել թե մարդուն, թե խմբին, թե ազգին»: Աչքալուսանք տվեց, որ «day.az»-ը փակվել է (ի դեպ, վաղուց արդեն վերաբացվել է -Մ. Ե.), եւ ասաց, որ այս լրատվամիջոցի «ստերին» միայն Հայաստանում էին «բանի տեղ դնում»:

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, ոչ թե պետք է պարզել՝ մեր մամուլը ազատ է, թե ոչ, այլ պետք է պարզել՝ «Արդյոք մամո՞ւլ է»: Պարոն Սահակյանն այսքանով չբավարարվեց եւ հավելեց. «Ես մի առիթով ասել եմ հետեւյալը, որ լրագրողական կազմը հիմնականում պատահականություններ են, ծառայում են բոլորին անխտիր, պարզապես պիտի մամուլին օգնել, որ ոտքի կանգնի: Ոչ թե անձերը պիտի կանխորոշեն մամուլի հետագա գործունեությունը, այլ՝ երեւույթները, դրանց մեկնությունները: Մեր մամուլն այսօր ինչով ասես զբաղվում է՝ բացի հրապարակախոսությունից, բացի լրատվությունից, որեւէ թերթում մենք չունենք լրատվություն, մենք ունենք տվյալ աշխատողի կամ գործչի մեկնաբանություններ, ցանկացած լուր մեկնվում է լուրը գրողի կողմից, այսինքն՝ չունենք արձանագրային լրագրություն»:

Լրագրողները խորհուրդ տվեցին պարոն Սահակյանին որեւէ բուհում դասավանդել «Լրագրության հիմունքները» առարկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել