Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՍԱՀՄԱՆԱԽԱ՞ԽՏ

Մարտ 25,2009 00:00

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են ամերիկացի 2 լրագրողների ձերբակալությունը եւ հայտարարել, որ նրանց մեղադրանք է առաջադրվելու՝ չին-կորեական սահմանն անցնելու համար: ԱՄՆ քաղաքացիներ, ազգությամբ չինացի եւ կորեացի 2 կին լրագրողներ ռեպորտաժ էին պատրաստում Չինաստանում հյուսիսկորեացի փախստականների մասին: Երբ նրանք ընդհուպ մոտեցել են կորեական սահմանին, սահմանապահները նրանց կոչ են արել դադարեցնել նկարահանումները, քանի որ դա սահմանի վրա արգելված է: Լրագրողներն, ըստ երեւույթին, չեն անսացել այդ հորդորներին եւ ձերբակալվել են: Առայժմ անհայտ է, դա տեղի է ունեցել չինակա՞ն, թե՞ կորեկան տարածքում: Ենթադրվում է, որ լրագրողներին տարել են Փհենյան՝ հարցաքննելու: Այժմ Միացյալ Նահանգների առջեւ բարդ խնդիր է՝ փորձել ազատել սեփական քաղաքացիներին: Խնդիրը բարդանում է հատկապես նրանով, որ վերջերս այդ երկրների միջեւ հարաբերությունները խիստ վատթարացել են: Փհենյանը պատրաստվում է արբանյակ արձակել, որը Վաշինգտոնի կարծիքով օգտագործվելու է ռազմական նպատակներով: ԱՄՆ-ը հայտարարեց, որ վերացնելու է այդ արբանյակը, իսկ Հյուսիսային Կորեան ի պատասխան՝ դա գնահատում է որպես պատերազմի սպառնալիք: ԱՄՆ քաղաքացիներին արդեն մի քանի անգամ ձերբակալել են Հյուսիսային Կորեայի տարածքում, եւ Միացյալ Նահանգներին հաջողվել է ազատել նրանց, սակայն այժմ իրավիճակը բարդանում է այնքանով, որ ձերբակալվածները լրագրողներ են, որոնց նկատմամբ Փհենյանում առանձնակի վատ վերաբերմունք կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել