Լրահոս
Օրվա լրահոսը

Տագնապալի, բայց՝ ոչ աղետալի

Ապրիլ 17,2009 00:00

Հանրակրթական հաստատություններում մարտի կեսերին անցկացված ընթացիկ ստուգումներն ամփոփելու նպատակով երեկ «Նովոստի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպեց ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը:

Ըստ պարոն Մկրտչյանի՝ ԳԹԿ-ն միայն ավարտական եւ միասնական քննությունները կազմակերպելու համար չէ, իրենց նպատակն ու գործառույթները շատ ավելի լուրջ են. «Կամաց-կամաց գնում ենք մեր հիմնական նպատակին՝ հանրակրթության որակի բարձրացմանը», ինչին կնպաստի նաեւ ընթացիկ գնահատումը: Այս անգամ ԳԹԿ-ն կազմակերպել եւ անց է կացրել Արագածոտնի մարզի եւ հանրապետության ոչ պետական դպրոցների ընթացիկ գնահատումը, իսկ ՀՀ մյուս դպրոցներում ընթացիկ գնահատումն անց է կացվել այդ դպրոցների ուժերով: ԳԹԿ տնօրենը ներկայացրեց Արագածոտնի մարզի եւ մասնավոր դպրոցների 11-րդ դասարանցիների ցույց տված արդյունքների ամփոփումը: Իսկ արդյունքները, ըստ նրա՝ «շատ տագնապալի են, սակայն՝ ոչ կատաստրոֆիկ», իր իսկ խոսքերով՝ «ինքնասպանության կարիք չկա»: 11-րդցիների միջին գնահատականը 10 բալանոց համակարգով «հայոց լեզու եւ գրականություն» առարկայից եղել է 7,2 միավոր, մաթեմատիկայից՝ 5,7, իսկ հայ ժողովրդի պատմությունից՝ 7,3: Այդ իրավիճակը պարոն Մկրտչյանի համար անընդունելի է. «Հանրակրթության մակարդակը հանրապետությունում չպետք է միջին լինի»։ «Տագնապալի» իրավիճակը շտկելու համար հարկավոր է աշխատել՝ նոր եւ կատարելագործված դասագրքեր ստեղծել, ուսուցիչների որակը՝ վերապատրաստումների շնորհիվ, բարձրացնել եւ ընդհանրապես՝ բարձրացնել հասարակության, այդ թվում շեշտեց՝ «ծնողների ու լրագրողների» մակարդակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել