Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՆՈՒՅՆԻՍԿ ՄՏՈՎԻ ԵՆ ՀԱԿՎԱԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ

Ապրիլ 17,2009 00:00

\"\"Դավաճանելու համար կոնկրետ պատճառներ պետք չեն

\"\"Տխուր վիճակագրություն. սոցիոլոգները պնդում են, որ կանանց 97%-ը բախվել է ամուսնու դավաճանության հետ կամ ունի բոլոր հիմքերը դրանից զգուշանալու համար:

Տղամարդկանց շրջապատում բարձր հեղինակություն է վայելում նա, ով չի վազում շրջազգեստների հետեւից, բայց ստեղծված հնարավորության դեպքում պահը բաց չի թողնում: Այն տղամարդիկ, որոնք հավատարիմ են իրենց կանանց, հաճախ արժանանում են իրենց ընկերական շրջապատի քննադատությանը կամ ավելի վատ՝ ծաղրին, ու եթե ոչ բացահայտ, ուրեմն՝ գաղտնի:

Հոգեբան Անի Խաչատրյանի խոսքերով, տղամարդու դավաճանությունը ինքնահաստատման դրսեւորումներից մեկն է. «Բոլոր տղամարդկանց մոտ էլ դավաճանությունը բարձրացնում է ինքնագնահատականը: Նրանք դառնում են ավելի ինքնավստահ, ավելի հաստատուն ու վճռական: Եվ հետաքրքիրն այն է, որ քչերին է տանջում մեղքի զգացումը, քանի որ իրենց դեպքում դա բնական երեւույթ է. եթե տղամարդ է, ուրեմն իրեն կարելի է՝ սա աքսիոմա է գրեթե բոլոր տղամարդկանց համար»:

Տղամարդկանց համար լավ արդարացում է իրենց եւ կանանց օրգանիզմների գենետիկ տարբերությունը, սակայն բոլոր տվյալները հանգեցնում են նրան, որ գենետիկան ընդամենը հարմար պատճառաբանություն է, իսկ դավաճանության դրդապատճառները առավելապես հոգեբանական են: Սակայն որքան էլ այդ պատճառները հոգեբանական լինեն, միեւնույն է, հոգեբանները դժվարանում են միանշանակ ասել, թե ինչն է տղամարդկանց դրդում դավաճանության: «Միշտ չէ, որ դավաճանության համար ինչ-որ կոնկրետ պատճառներ են պետք: Դա կարող է լինել ալկոհոլի ազդեցության տակ, հետաքրքրությունից դրդված կամ հենց այնպես՝ առանց որեւէ պատճառի: Սակայն ինձ թվում է, որ հիմնական պատճառները ընտանեկան հոգսերն են, աշխատանքային դժվարությունները կամ միգուցե հենց կինը, քանի որ կանայք հաճախ ըմբռնումով մոտենալու ու հասկանալու փոխարեն, վեճեր են սարքում, ու տղամարդն էլ մի կերպ գլուխն ազատում է եւ ուրիշ տեղ մխիթարանք փնտրում»,- ասում է 31-ամյա Սարգիս Մելքոնյանը:

Պարզվում է, որ պրոբլեմի էությունը տղամարդկային բնավորության ու խառնվածքի տարբեր տեսակներն է: Տղամարդը դավաճանում է իր կնոջը տարբեր պատճառներով, բայց եթե պարզեք ձեր ամուսնու բնավորության տեսակը, առավել հեշտությամբ կկարողանաք կառուցել ամուսնական հարաբերությունների քաղաքականությունը: Ուսումնասիրությունները առանձնացրել են տղամարդկանց 3 տեսակ՝ ռոմանտիկ, կրակոտ «մաչո» եւ տնակյաց:

Ռոմանտիկների դեպքում կինը երբեք չպետք է կանխատեսելի լինի. նրանց համար ընտանեկան կյանքում միշտ ինչ-որ նորություն, հետաքրքրություն է պետք: Գործը ավելի բարդ է «մաչոների» դեպքում, քանի որ նրանց ձգում են բոլոր տեսակի լավ հաճույքները՝ համեղ ուտելիք, ընտիր խմիչք, բարձրաճաշակ ու թանկ հագուստ, գեղեցիկ կանայք եւ այլն: Նրանք սիրում են, երբ կինը իրենց շարունակ ասում է, թե ինչքան խելացի, ինչքան լավն են իրենք, ու որ նրանց հանդեպ տածած սերը գնալով մեծանում է. հետազոտողները սա համարում են ամենաարդյունավետ միջոցը: Տնակյացների համար ամենակարեւորը տան հարմարավետությունն է. նրանք առաջին հերթին գնահատում են կայունությունը, լավ խոհանոցը, տան մաքրությունն ու կոկիկությունը: Ի դեպ, խնամել տղամարդկանց ու հաճախակի ասել, որ նրանք թանկ են ձեզ համար՝ հարկավոր է բոլորին:

Հազիվ թե արժե, որ բոլոր տղամարդկանց անխտիր դիտենք որպես դավաճանների, սակայն տղամարդիկ ստեղծված են այնպես, որ իրենց անպարփակ հեռանկարներում ներառում են ցանկացած, նույնիսկ անծանոթ կանանց: Եվ արդեն վաղուց հոգեբանները եկել են այն եզրահանգման, որ տղամարդիկ, ինչպես իրականում, այնպես էլ մտովի, շատ ավելի հակված են դավաճանության, քան կանայք: «Համաձայն եմ, որ տղամարդիկ ավելի շատ են դավաճանում իրենց կանանց, իմ կյանքում էլ նման դեպքեր մեկ-մեկ պատահել են, բայց ես այն կարծիքին եմ, որ կինը դրան պետք է ոչ թե հիվանդագին, այլ ըմբռնումով վերաբերվի: Խոսքս ոչ թե մշտական սիրուհիների մասին է, այլ րոպեական թուլության՝ այն էլ հազվադեպ: Ես դա բնական եմ համարում, բայց միայն տղամարդկանց դեպքում. այո, միգուցե էգոիստ եմ, բայց երբեք չեմ ընդունել ու չեմ ների կնոջ դավաճանությունը»,- ասում է 43-ամյա Աշոտ Կարապետյանը:

Հետազոտողները փորձեցին պարզել նաեւ, թե ընդհանրապես տղամարդը կարո՞ղ է ապրել առանց դավաճանության: Հետազոտությունները ցույց են տվել տղամարդկանց «ձախ» չգնալու չորս հիմնական պատճառ: Առաջինը՝ մեղքի զգացումն է, երկրորդը՝ վախը: Վախենում են կորցնել այն, ինչ արդեն ունեն: Երրորդը՝ խղճի ձայնը. երբ զգում են, որ դա վատ է անդրադառնում հարազատ մարդկանց վրա, մտածում են, մի՞թե ցանկալի է շրջապատված լինել ցավով, տխրությամբ. իհարկե՝ ոչ, եւ վերջինը՝ կնոջ հանդեպ ունեցած սերը:

Ի դեպ, ըստ վերը նշված հետազոտության, պարզվել է նաեւ, որ կանանց ընդամենը 30%-ն է դավաճանում ամուսիններին: Ըստ այս տվյալների, կարելի է ենթադրել, որ կամ տղամարդկանց ավելի հեշտ է խոստովանելը, որ դավաճանել են, կամ էլ կանայք պարզապես ավելի զգուշավոր են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել