Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՑԿԵՂԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Ապրիլ 17,2009 00:00

«Հայաստանում կան քաղցկեղը բուժելու բոլոր հնարավորությունները: Եթե հիվանդը մեզ է դիմում քաղցկեղի ոչ վերջին փուլում, ապա մենք վիրահատության, քիմիաթերապիայի միջոցով կարողանում ենք բուժել այն»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց ուռուցքաբան Լուսինե Սադոյանը: Նրա խոսքերով, ոչ ոք ապահովագրված չէ քաղցկեղից, այն բնորոշ ախտանշաններ չունի, ուստի ահազանգի դեպքում պետք է անպայման լուրջ քայլերի դիմել: Բժշկի ներկայացմամբ, մեր երկրում քաղցկեղից մահացությունների 50-60%-ի պատճառը մարդկանց անտեղյակությունն ու անտարբերությունն է. «Մենք, չգիտես ինչու, չենք խոսում քաղցկեղի մասին: Մեր հասարակությունն անտեղյակ է այս բնագավառից: Հետաքրքիր է՝ ՁԻԱՀ-ն ավելի սարսափելի հիվանդություն է, բայց դրա մասին հիվանդի հետ խոսում ենք, իսկ քաղցկեղի մասին՝ լռում»: Մասնագետների ներկայացմամբ, համակարգիչը, բջջային հեռախոսը, ժամանակակից արդյունաբերությունը ռադիոակտիվ դաշտ են ստեղծում եւ շատ հաճախ դառնում գլխուղեղի քաղցկեղի առաջացման պատճառ: Ըստ Լ. Սադոյանի, չնայած այսօր Հայաստանը եւ աշխարհն ի զորու են բուժել քաղցկեղը, այնուամենայնիվ, 2006-ին մեր երկրում այդ հիվանդությունից մահացել է 4000 մարդ: Հայաստանում քաղցկեղով հիվանդացողների 52%-ը տղամարդիկ են, իսկ 48%-ը՝ կին: Տղամարդիկ հիմնականում հիվանդանում են թոքերի եւ աղեստամոքսային համակարգի ախտահարումներով, իսկ կանանց շրջանում տարածված է վերարտադրողական օրգանների քաղցկեղը: Բացի այդ, Հայաստանում ամեն տարի 80-90-ով ավելանում են արյան քաղցկեղով հիվանդ երեխաները, որոնց 85%-ը բուժվում է: Մեկ տարվա ընթացքում բելգիական ծրագրի շրջանակներում Ֆիզիկայի ինստիտուտում տեղադրվելու է քաղցկեղն արագ հայտնաբերող սարք, որի արժեքը 40 մլն եվրո է: Քանի որ քաղցկեղը սոցիալական հիվանդություն է, ՀՀ կառավարությունը այդ հիվանդության անվճար բուժումը վերցրել է իր վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել