Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ հանդիպման վայր

Ապրիլ 23,2009 00:00

«Ապագան քոնն է» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է կրթական եւ մշակութային ծրագրեր՝ հատուկ հաստատությունների երեխաների, երիտասարդների, մանկատների, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար: Կազմակերպության հոգեբանները դասախոսություններ ու հանդիպումներ են կազմակերպում դպրոցներում եւ էքսկուրսիաներ՝ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր ու թանգարաններ: Հերթական նախագիծը «Մշակութային բազմազանությունն» էր՝ ուղղված մշակութային երկխոսության խրախուսմանն ու զարգացմանը: Կազմակերպությունը փորձել է համախմբել տարբեր ազգերի երիտասարդներին, որոնք սովորում են Երեւանում, եւ Հայաստանում հաստատված ազգային փոքրամասնությունների եւ այլ երկրի համայնքների ներկայացուցիչներին: Չեն անտեսվել նաեւ փախստականները, ինչպիսիք են Իրաքի եւ Բաքվի հայերը, որոնք ներկայացնելու են տվյալ երկրների մշակույթը: Ծրագիրը ընթանում է երկու փուլով՝ երկխոսություն եւ տոնավաճառ: Առաջին փուլում մասնակիցները հանդիպում են իրար, ծանոթանում, ներկայացնում են իրենց երկրները, մտերմանում եւ, ինչու չէ, նաեւ ընկերանում: Իսկ երկրորդ փուլը բուն միջոցառումն է, որը տեղի կունենա մայիսի 21-ին, ՄԱԿ-ի գրասենյակում՝ ՀՀ-ում դեսպանատների ու հյուպատոսարանների աշխատակիցների ներկայությամբ: Մասնակիցները իրենց երկրները ներկայացնելու են մի քանի ձեւով՝ ցուցահանդեսներով, ազգային ուտեստները, երգն ու պարը կամ տվյալ երկրի մասին ֆիլմ ցուցադրելու միջոցով: Տոնավաճառի հասույթը, որի ընթացքում վաճառքի են հանվելու մասնակիցների ձեռքի աշխատանքները, նվիրաբերվելու է Հայաստանում ապրող որեւէ փախստական ընտանիքի, իսկ թե հատկապես որին, կորոշվի ՄԱԿ-ի գրասենյակի հետ միասին:

Ծրագրի մասնակիցներից է վրաց համայնքի ներկայացուցիչ Աննան, նա ասում է. «Իմ մայրը վրացի է, իսկ հայրս՝ հայ. ես ինձ համարում եմ ե՛ւ լիարժեք հայ, եւ՛ լիարժեք վրացի: Ուրախ եմ, որ մասնակցելու եմ այս ծրագրին եւ հնարավորություն եմ ունենալու ներկայացնելու վրացական մշակույթը»:

Այստեղ ապրում են մեր երկրում հաստատված արտասահմանցիներ: Եղել են դեպքեր, երբ մի այլ երկրի նույն քաղաքի բնակիչներ իրար առաջին անգամ Հայաստանում են հանդիպել, ծանոթացել ու մտերմացել: Երեւանի սրճարաններում հաճախ կհանդիպենք տարբեր ազգերի ներկայացուցիչների (իրանցի, հնդիկ, արաբ ու եվրոպացի), որոնք հավաքվում են հայկական խորովածի սեղանի շուրջ եւ հնչեցնում են ամենաջերմ կենացները: Այս հանդիպումների ընթացքում արտասահմանցիները խմում են Հայաստանի կենացը, քանի որ այն իրենց համար դարձել է տարբեր ազգերի ներկայացուցիչների հանդիպման վայր՝ անտեսելով մշակութային տարբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել