Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպումներ Լեհաստանում

Ապրիլ 30,2009 00:00

Լեհաստանում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Լեհաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Շիգլոյի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության համաձայնագիր Հայաստանի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակը: «Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների կառուցողական դիրքորոշումը Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու գործում: Դա կարեւոր է ոչ միայն կովկասյան տարածաշրջանի, այլ նաեւ ողջ Եվրոպայի համար: Մենք պատրաստակամ ենք աջակցել այդ գործընթացին»,- նշել է Ալեքսանդր Շիգլոն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել քաղաքական կոնսուլտացիաներ անվտանգության խորհուրդների միջեւ երկու երկրներին հուզող առանցքային խնդիրների առնչությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերով:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Լեհաստանի արտաքին գործերի պետական քարտուղար Անջեյ Կրեմերի հետ: Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Պետքարտուղարի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագիրը: Անջեյ Կրեմերը ողջունել է Հայաստանի իշխանությունների` Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունները խորացնելուն ուղղված ջանքերը:

Իսկ ՕԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լեհաստանում գտնվող Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Համաշխարհային քրիստոնեա-ժողովրդավարական ինտերնացիոնալի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինիի հետ: Ինտերնացիոնալը աշխարհի ավելի քան 120 քաղաքական կազմակերպությունների միություն է, որին անդամակցում է նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում եվրոպական խորհրդարանում: Ա. Բաղդասարյանը ելույթ է ունեցել ինտերնացիոնալի կառավարման խորհրդի նիստում, որտեղ ներկայացրել է Հայաստանում կատարվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերություններին: Նիստում որոշվել է կազմակերպել ինտերնացիոնալի մասնակից քաղաքական ուժերի համաժողով Երեւանում: Պարոն Բաղդասարյանի եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հանդիպման ընթացքում քննարկվել է քաղաքական խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել