Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԱԲԸ ՉԻ՞ ԳՈՐԾԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

Մայիս 06,2009 00:00

\"\"Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում երեկ փորձում էին շտկել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի չափից դուրս անկեղծ արտահայտությունները:

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը մի քանի օր առաջ ստացել էր Հատուկ քննչական խմբի կողմից փաստահավաք խմբին ներկայացված այն դիտարկումները, որոնք նախորդ օրն ամբողջությամբ տպագրվել էին մեր թերթում։ Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այն կարծիքին է, որ այս դիտարկումների ուսումնասիրությունը բավականին մեծ ծավալի աշխատանք է պահանջում, եւ այդ պատճառով հանձնաժողովը որոշեց առաջիկա նիստին հրավիրել Հատուկ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին՝ «առավել բովանդակալից քննարկման համար»։ «Ամենայն հավանականությամբ ուրբաթ օրը նիստ կհրավիրենք, որին կհրավիրենք Հատուկ քննչական խմբի ղեկավարին»,- «Առավոտին» ասաց պարոն Նիկոյանը։ Հանձնաժողովը քննարկեց նաեւ մամուլի որոշ հրապարակումներ, որոնք առնչվում էին ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ հանձնաժողովին ներկայացրած տեղեկություններին: Սամվել Նիկոյանը հայտնեց, որ մի շարք լրատվամիջոցներ խեղաթյուրել են իրականությունը եւ, մասնավորապես՝ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի եւ Հայկ Հարությունյանի երկխոսությունը ներկայացրել են որոշ շեղումներով։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ, որին մասնակցում էր նախկին ոստիկանապետը, Արամ Կարապետյանը փորձեց ճշտել՝ մարտի 1-ին գործե՞լ է հատուկ շտաբ, եւ նախկին ոստիկանապետը պատասխանեց, որ գործել է, բայց եւ միաժամանակ կոպտեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահին՝ ասելով, որ նա բարոյական իրավունք չունի հարցեր տալու, քանի որ այդ ամենի կազմակերպիչներից մեկն էլ ինքն է եւ իրեն պետք է հարցեր տան։ Արամ Կարապետյանը հակադարձեց, որ ինքը մեղադրյալ չէ, եւ որ իրեն հարցեր տալու հնարավորություն ունեցել են երեք ամիս անազատության մեջ պահելով եւ դրանից հետո՝ եւս մեկ տարի։

Պարոն Նիկոյանը երեկ ընթերցեց Արամ Կարապետյան-Հայկ Հարությունյան երկխոսությունը։ Եվ բացատրեց, թե ինչու է երկխոսությունն այդքան կարեւորում՝ «որպեսզի որեւէ լրատվամիջոց հնարավորություն չունենա հնչեցրած հարցերը եւ պատասխանները կեղծել, խեղաթյուրել, ինչը, ցավոք, արդեն ոմանք արել են»։ Հանձնաժողովի նախագահը նաեւ ասաց, որ իր կարծիքով որոշ մասերի խեղաթյուրման հետեւանքով տպավորություն է ստեղծվել, որ շտաբը գործել է նախագահականում. «Հայկ Հարությունյանը նման միտք չի արտահայտել, նման բան չի ասել։ Մենք կարող ենք մտածել, որ նրա պատասխանը թերի է, մենք կարող ենք գրավոր հարց ուղղել եւ գրավոր պատասխան ստանալ, ինչը եւ պայմանավորվել ենք, մենք կարող ենք եւս մեկ հանդիպում կազմակերպել, բայց նրա ասածը չի կարելի խեղաթյուրել»,- երեկ հայտարարեց Սամվել Նիկոյանր։

Ի դեպ, հանձնաժողովի նախագահը երեկ կրկին անդրադարձավ փաստահավաք խմբին եւ հայտարարեց, որ փաստահավաք խմբի ղեկավարի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու են հանձնաժողովին ուղարկած հույժ գաղտնի նյութերը հայտնվել մամուլի էջերում։ Խմբի ղեկավարը ի պատասխան ասել է, որ դա իր համար եւս անընդունելի է, եւ խոստացել է միջոցներ ձեռք առնել։ Երեկ պարզվեց նաեւ, որ փաստահավաք խմբի երեք անդամներ ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը։

«Առավոտը»՝ հիշեցնելով նախկին ոստիկանապետի միտքն այն մասին, որ մարտի 1-ին ոստիկանության գործողությունները օրինաչափ էին, ուզեց ճշտել՝ հանձնաժողովի նախագահը ե՞ւս այդ կարծիքին է։ Պարզվեց՝ ոչ ամբողջապես. «Ոստիկանության գործողությունները մարտի մեկից սկսած բազմաթիվ էպիզոդներ ունեն, յուրաքանչյուր ժամի եւ յուրաքանչյուր գործողության համար պետք է առանձին գնահատականներ տալ։ Ամբողջական գնահատական՝ որպես հանձնաժողովի նախագահ, ես չէի ուզենա տալ։ Ես կառանձնացնեի Ազատության հրապարակում առավոտյան կատարված գործողությունները, կառանձնացնեի հրապարակից դուրս, ցրելուց հետո, հարակից փողոցներում ոստիկանության գործողությունները, եւ արդեն՝ քաղաքապետարանի մոտ, եւ հետո՝ մնացած տեղերում գործողությունների գնահատականները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել