Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիս 07,2009 00:00

Երեւանցիների իրավունքների պաշտպանությունը՝ քաղաքապետի թեկնածուների ծրագրերում

Ավագանու եւ քաղաքապետի ոչ բոլոր թեկնածուներն են իրենց նախընտրական ծրագրում նշել, թե ինչպես են պաշտպանվելու երեանցիների իրավունքները: Բնականաբար, ՏԻՄ ընտրությունների արդյունքում չի կարելի ակնկալել օրենսդրական բարեփոխումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինն օրենսդիր մարմին չէ: Սակայն չի կարելի մոռանալ, որ շատ հաճախ մարդու իրավունքները ոտնահարվում են հենց այս համակարգում, այստեղ հաճախ է մարդը հանդիպում բյուրոկրատական քաշքշուկների, տարբեր առիթներով բախվում կոռուպցիայի պատին, ոտնահարվում են նրա իրավունքները: Չմոռանանք, որ բազմաթիվ երեւանցիներ, ովքեր դարձել են, այսպես կոչված, պետական կարիքների զոհեր եւ որոնցից շատերի սեփականության իրավունքների փլատակների վրա են կառուցվել Հյուսիսային պողոտան եւ շատ էլիտար շենքեր, Երեւանի ապագա քաղաքապետից ակնկալում են իրենց ոտնահարված իրավունքների վերականգնում կամ առնվազն՝ այսուհետեւ դրանց պաշտպանություն: Սակայն, ծանոթանալով քաղաքապետացուներ առաջադրած կուսակցությունների նախընտրական ծրագրերին, տպավորություն է ստեղծվում, թե դրանցից շատերը տրաֆարետային ծրագրեր են, որոնք առանձնապես նոր բան չեն խոստանում երեւանցուն:

Երեւանը կանաչ-կարմիր քաղաք դարձնելու ծրագիր ներկայացնող ՀՀԿ-ին կարծես թե առանձնապես չի էլ մտահոգում երեւանցու սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրը. այդ մասին կուսակցության նախընտրական ծրագիրը որեւէ կետ չի ներկայացնում: Դրանք միայն շատ հպանցիկ հիշատակվում են «Երեւանը կարգուկանոնի քաղաք» ենթակետում, այն էլ՝ հիմնականում զվարճանքի վայրերի, գիշերային ակումբների եւ բացօթյա սրճարանների հետ շփման համատեքստում: Այստեղ նշվում է. «Քաղաքի զարգացմանը զուգընթաց՝ Երեւանի համար մեծ խնդիր է հանրային սննդի, ծառայություն մատուցող կազմակերպությունների եւ զվարճանքի վայրերի կանոնակարգումը եւ վերահսկումը: Երեւանում կարգուկանոն հաստատելու, բնակիչների անվտանգությունն ու անդորրը ապահովելու համար ծրագրում ենք:

– Խիստ պայքար ծավալել ապօրինի շինարարության, քաղաքի ճարտարապետական տեսքի աղավաղման դեմ,

– կանոնակարգել մայրաքաղաքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի եւ սպասարկման այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքները,

– խիստ վերահսկողություն սահմանել գիշերային ակումբների եւ բացօթյա սրճարանների գործունեության նկատմամբ»: Այսքանով սահմանափակվում են Երեւանը կարգուկանոնի քաղաք դարձնելու՝ հանրապետականների պատկերացումները:

Հիմնականում սոցիալական քաղաքականություն որդեգրած ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում նույնպես առանձնապես չի հիշատակվում մայրաքաղաքի բնակչի իրավունքների մասին: Ընդամենը կուսակցությունը խոստանում է. «Քաղաքային իշխանության հիմնական նպատակը պետք է լինի քաղաքի բնակչության կյանքի համար հարմարավետ եւ նորմալ պայմանների ստեղծումը. իսկ գործունեությունը պետք է ուղղված լինի քաղաքացու պահանջմունքների բավարարմանը, անվտանգության ապահովման եւ ծառայությունների ոլորտի զարգացմանը»:

Երեւանի բնակիչների իրավունքների վերաբերյալ լուրջ հոգատարություն է ցուցաբերում մայրաքաղաքի համար մայրապետ առաջադրող «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ խոստանալով իրականություն դարձնել «Քաղաքապետարանը ծառայում է երեւանցուն» կարգախոսը: Օրինացերկրականները կարեւորում են քաղաքացիներին բյուրոկրատական քաշքշուկներից ձերբազատելը եւ նշում. «Քաղաքացի- քաղաքային պետական ծառայող ուղղակի շփման նշանակալի նվազեցում՝ ծառայողների կողմից չարաշահումները եւ հնարավոր դրամաշորթումները կանխարգելելու համար: Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ծավալում»: Ծրագրում նշվում է, որ Երեւանում մասնավոր էլիտար շինարարության մեծ մասն իրականացվել է «հողը փող է» սկզբունքով, ոչնչացնելով կանաչ տարածքները եւ զանգվածաբար ոտնահարելով քաղաքացիների իրավունքները: Ընդ որում, քաղաքի զարգացման գործընթացում հաճախ են տեղ գտել անհամաչափություններ: Ուստի այս ոլորտում ՕԵԿ-ն անհրաժեշտ է համարում. «Քաղաքաշինության ոլորտում ամրապնդել օրինականությունը եւ կանխել ապօրինի շինարարության բազմազան դրսեւորումները:

Բացառել քաղաքացիների իրավունքների եւ շահերի ոտնահարումը կառուցապատման ծրագրերի իրականացման գործընթացում, միաժամանակ քաղաքացիների համար՝ շինություններ կառուցելու ընթացքում չհարուցել արհեստական խոչընդոտներ եւ բյուրոկրատական քաշքշուկներ, եթե վերջիններս չեն վնասում մյուս քաղաքացիների շահերին՝ թափանցիկ դարձնելով շինարարության համապատասխան ընթացակարգերը եւ ձեւակերպումները:

Առանց քաշքշուկների օրինականացնել երեւանցիներին պատկանող բնակելի տներն ու տնամերձ հողատարածքները»:

Քաղաքացիների իրավունքների ոլորտում խոստումնալից է նաեւ ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը, որն անգամ նախատեսում է. «Ձեւավորել քաղաքապետարանի վարչական կառույցներից անկախ եւ ավագանուն հաշվետու օմբուդսմենի ենթաինստիտուտ՝ քաղաքացիների իրավունքների հարցերով:

Բացառել ժողովներ, հանրահավաքներ կազմակերպելու՝ ազատության իրացմանն ուղղված իրավունքների անհարկի սահմանափակումները, ստեղծել ազատ խոսքի ամբիոն՝ հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայության եւ քաղաքապետարանի ներկայացուցչի մշտական ներկայությամբ:

Բացառել բյուրոկրատական քաշքշուկները, բարձրացնել «մեկ պատուհանի» եւ սոցիալական ծառայությունների որակը:

Պատժել կոռուպցիոն ցանկացած դրսեւորում»:

«Առավոտը» փորձեց Հայ ազգային կոնգրեսից իմանալ նրանց նախընտրական ծրագիրը կամ դրա գտնվելու «վայրը», սակայն երկօրյա «բանակցություններից» հետո մեզ այդպես էլ ոչինչ պարզ չդարձավ: ՀԱԿ-ից պատասխանում էին, որ այն պատրաստ չէ, մի քիչ ուշ զանգեք, կամ էլ ասում էին, որ միայն Մուսինյանը կարող է ասել, որն էլ տեղում չէր լինում:

Ժողովրդական կուսակցությունն իր «Խոսք ընտրողներին» նախընտրական ծրագրում կարեւորելով քաղաքացիների վստահությունը քաղաքապետարանի նկատմամբ, վերջինիս բաց եւ թափանցիկ աշխատանքը, նշում է. «Պետք է ներդաշնակվեն պետական կառույցների լիազորություններն ու երեւանցիների սահմանադրական իրավունքները: Մենք ստեղծելու ենք այնպիսի նախադրյալներ, որոնք հասարակությանը հնարավորություն կտան ամբողջությամբ վերահսկել քաղաքապետարանի եւ նրա ենթակառուցվածքների գործունեությունը՝ բացառելով չարաշահումները բոլոր բնագավառներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել