Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերը մոտենում են

Մայիս 07,2009 00:00

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության սկզբին հաշված օրեր են մնում:

Աշխարհի առաջնության կազմկոմիտեն աշխատում է գերլարված օրակարգով: Այնքան լարված, որ դժվարացել է կազմկոմիտեի եւ հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի իրազեկ անդամներին «բռնացնելը» եւ լրացուցիչ տեղեկություններ ստանալը: Դա բնական է ու, կարծում ենք, ոչ ոք այսօր նեղանալու կամ դժգոհելու մտադրություն չունի: Այդուհանդերձ, մենք աշխատում ենք հնարավորությունների ներածի չափ նոր տեղեկատվություն հաղորդել «Առավոտի» մարզասեր ընթերցողներին: Մասնավորապես, մինչեւ վերջերս հայտարարվում էր, որ իրենց մասնակցության նախնական հայտը հաստատել են աշխարհի 46 երկրների ազգային ֆեդերացիաներ: Երեկ տեղեկացանք, որ այդ թիվն արդեն հասել է 51-ի (ճիշտ է, խոզի գրիպի պատճառով Մեքսիկան չի ժամանելու Երեւան): Իսկ դա նշանակում է, որ մասնակից բռնցքամարտիկների թվաքանակը նույնպես ավելանում է: Աշխարհի պատանեկան առաջնության եւ AIBA-ի ինտերնետային կայքերը մինչեւ այս վերջին տվյալները տեղեկացնում էին նաեւ, որ բոլոր 13 քաշային կարգերում մասնակիցներ ունենալու են յոթ հավաքականներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Հունգարիան, Թուրքիան, Ղազախստանը եւ Ուկրաինան:

Մեր ունեցած տեղեկություններով, կազմակերպիչների՝ աշխարհի առաջնությունը հովանավորելու կամ դրա արժանապատիվ անցկացնելուն աջակցելու հորդորներին առայժմ արձագանքողներ չկան: Միայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որ կանգնել է մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի եւ կազմակերպիչների կողքին ու օգնում է կարգավորել առաջացող ամեն մի խնդիր:

Ինչ վերաբերում է մենամարտերի կազմակերպման կարգին, պատանի բռնցքամարտիկները, որոնց տարիքը չպետք է գերազանցի 16-ը, ռինգում անցկացնելու են երկու րոպե տեւողությամբ երեքական ռաունդ, որոնց միջեւ լինելու է մեկական րոպեանոց ընդմիջում:

«Առավոտը» կաշխատի առաջիկա օրերին կազմկոմիտեի պատասխանատուներից մեկի հետ զրուցել եւ նախապատրաստության ընթացքի ավարտական փուլի մասին լրացուցիչ ինֆորմացիա հաղորդել մարզասերներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել