Լրահոս
Օրվա լրահոսը

Գողը տանից է

Մայիս 12,2009 00:00

\"\"Երեկ «Հայելի» ակումբում բանաստեղծուհի Մետաքսեն ու դերասան Ազատ Գասպարյանն իրենց վրդովմունքն ու զայրույթն արտահայտեցին վերջերս օրաթերթերից մեկում հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի մասին հրապարակված հոդվածի վերաբերյալ: Ըստ panorama.am-ի՝ Մետաքսեն նշեց, որ չի կարելի մոռանալ հայի իսկական արժեքն ու «թքել իր ափսեի մեջ»: Բանաստեղծուհու խոսքով, հասարակության մոտ անտարբերություն է նկատվում, իսկ դա շատ վտանգավոր է: «Անտարբերությունը երկու մահ է: Շիրազը բազմաթիվ սերունդներ է դաստիարակել հայրենասիրության ոգով, իսկ այստեղ, փաստորեն, քարը շպրտում են Արարատի վրա»,- նկատեց Մետաքսեն: Դերասան Ա. Գասպարյանն իր խոսքը սկսեց մի ասացվածքով. «Գողը, որ տանից լինի, եզը երդիկից կհանի»: Ազգային արժեքների, ազգային հարստության, գիտության ու մշակույթի հանդեպ այսպիսի վերաբերմունքը Ա. Գասպարյանը, պարզապես, հայի, ազգային արժեքների դեմ մշակված քաղաքականություն համարեց: «Չարենցին վարկաբեկեցին, մենք հանգիստ նստեցինք, մեկը չեղավ Հայաստանում, որ դրան ընդդիմանար: Հիմա մի թերթ գրում է, թե Շիրազը փչացրել է մի ամբողջ սերունդ 60-ականներին: Հիմա ես այդ գրողին դեմ տամ Ավետիք Իսահակյանի՞ ասածը, Համո Սահյանի՞, թե՞ մեր ամբողջ ազգի խոնարհումը մեծն Շիրազի դեմ: «Քնար Հայաստանի»-ով մեծացավ մի սերունդ, ու այդպես գրել Շիրազի՞ մասին…»,- վրդովված նշեց Ա. Գասպարյանը: Դերասանն ու բանաստեղծուհին նշում են, որ Շիրազը բազմիցս գրել է «Ղարաբաղս գերի է» տողերը ու դրանով հնչեցրել է հայրենասերի, հայ ժողովրդի ահազանգը:

Այս խնդրին, բանախոսների հավաստմամբ, պետք է արձագանքեն գրողների միությունը, մշակույթի նախարարությունը: Ա. Գասպարյանը հիշեցրեց 1946 թվականին ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության նիստին Ալեն Դալեսի ճառը, որտեղ նշվում էին կետեր, որոնց համաձայն՝ հատուկ քաղաքականություն էր տարվելու Սովետական Միությունը՝ իր ամբողջ հանրապետություններով, վերացնելու համար: «Առաջին քայլերից էր ազգային հեղինակությունները վարկաբեկելը: Սա մտածված քաղաքականություն է: Որեւէ հիվանդություն իր նախատիպը պետք է ունենա: Այսօր շարունակվում է այս քաղաքականությունը, թե ինչու՝ չգիտեմ»,- ասաց Ա. Գասպարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել