Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՄԻՇՏ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ»

Մայիս 16,2009 00:00

\"\"Հիշեցնում է քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Հեղինե Բիշարյանը

Աջափնյակ համայնքի ընտրողների հետ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակի հանդիպումը նախատեսված էր անցկացնել բացօթյա, սակայն վերջին պահին այս որոշումը փոխվեց, եւ հանդիպումը կայացավ «Անի» հանդիսությունների սրահում: Այստեղ սովորաբար հարսանիքներ եւ խնջույքներ են տեղի ունենում, եւ տարածքը հարմարեցված է միայն նման միջոցառումների համար: Նախապես հայտնի էր, որ աջափնյակցիների հետ հանդիպմանը պետք է մասնակցի նաեւ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, սակայն նա հանդիպմանը չեկավ: Ասացին՝ խիստ զբաղված է. այս օրերին Երեւանում են գտնվում մի շարք երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ: Ի դեպ, նկատելի է, որ կուսակցությունների լիդերների մասնակցությունը քարոզարշավին բավականին մեծ ազդեցություն է ունենում ընտրողների վրա, նախ՝ ավելի շատ մարդ է հավաքվում, եւ հետո՝ հանդիպումը դառնում է շատ ավելի ազդեցիկ: ՕԵԿ-ի դեպքում կուսակցության լիդերը առայժմ մասնակցել է միայն մայիսի 2-ին՝ կուսակցության ծրագրի մեկնարկին: ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Ասլանյանը բացատրեց ընտրողներին. «Դուք լավ գիտեք, որ բոլոր ընտրություններում «Օրինաց երկիրը» միշտ եղել է հաղթող: Եվ այդ շարունակությունը ապահովելու ենք մենք՝ իրար հետ միասին, եւ խնդրում եմ նաեւ, որ ամսի 31-ին ամեն մի քաղաքացի, ամեն մեկդ, որ նստած եք այստեղ, սիրելի երեւանցիներ, հիշեք մի բան՝ ուզո՞ւմ եք փոխել ձեր կյանքը, ապա պետք է քվեարկեք համար 7-ին (քվեաթերթիկում սա ՕԵԿ-ի համարն է- Մ. Ե.), սրա մասին ասեք նաեւ ձեր հարեւաններին, ձեր ընկերներին, ձեր բարեկամներին: Ավելին, եթե նկատել եք, շատ են խոսում, որ մեր բոլորի նախընտրական ծրագրերը համարյա նույնն են, չկա նման բան, մեր ծրագիրը յուրահատուկ է»:

Ցուցակում երրորդը՝ Գրիգորի Վահանյանը իր հերթին աջափնյակցիներին բացատրեց. «Մենք իշխանություն չենք ընտրում, մենք ընտրում ենք ինքնակառավարման մարմին, որտեղ ավագանին գերակա է եւ հսկելու է քաղաքապետի գործունեությունը»: Հենրիկ Բակունցը, ինչպես միշտ, խոսեց ՕԵԿ ծրագրի առողջապահությանը վերաբերող կետերի մասին եւ ասաց, որ կուսակցությունը պատրաստակամ է զբաղվել «քաղաքի առողջացմամբ»:

ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը վստահություն հայտնեց. «Ձեր ծափերը վկայում են, որ հոգով-սրտով, ջիգյարով, ինչպես միշտ ասում է մեր գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, մեզ հետ եք»: Աջափնյակում եւս Հեղինե Բիշարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ կուսակցության խորհրդին՝ իրեն վստահելու համար (նկատի ունի ցուցակում իր առաջինը լինելը). «Մեր կուսակցության նախագահը միշտ ազնիվ որոշումներ է կայացնում եւ արդար, այ, դրա համար հարկավոր է երկար ճանապարհ գնալ նրա հետ, ճանաչել, վստահել եւ շարունակել ճանապարհը նրա հետ»: Ըստ տիկին Բիշարյանի, ՕԵԿ-ը իր պատմության մեջ «մշտապես իր հավակնոտ ծրագրերով ներկայացել է ժողովրդին, վստահության քվեն վերցնելուց հետո գնացել է կատարելու եւ կատարել է հնարավորինս շատ, նորից է եկել ձեզ ասելու իր նոր ծրագրերի մասին, նորից է վերցրել վստահության քվեն: Այս անգամ նույնպես «Օրինաց երկիր» կուսակցությունը վճռական գնում է Երեւան քաղաքի ընտրություններին»: Ըստ տիկին Բիշարյանի, պետք է խթանել, «ինչպես Արթուր Բաղդասարյանն է ասում, որ ամեն մարդ ունենա մեկ խանութ եւ ոչ թե մեկ մարդ՝ հարյուր խանութ, ինչպես վերջին շրջանում մոդայիկ է՝ հզոր սուպերմարկետներ բացել, մի տասնյակ-հարյուրավոր մարդկանց, միջին եւ փոքր բիզնեսի մարդկանց մեծ վնաս հասցնել: Ահա այս առումով մենք ունենք խնդիր եւ պետք է միասնական պայքարենք, որպեսզի մեր նախընտրական ծրագրի դրույթի իրականացման ճանապարհով կարողանանք լուծել չքավորության խնդիրը մեր մայրաքաղաքում»: Հանդիպմանը մասնակցող կանանց էլ խորհուրդ տվեց՝ իրենց տան ներսը մաքրելուց բացի, մաքրել նաեւ բակերը եւ շենքերի շքամուտքերը. «Բակից պետք է սկսել, սիրելիներս, մենք պետք է պահանջենք, որ համայնքի ղեկավարները ժամանակ առ ժամանակ գան շենք, մտնեն այն մուտքը, որտեղից մենք ամեն օր օգտվում ենք, եւ ցույց տանք այն խնդիրները, որոնք կան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031