Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐՍՏԻՑ ՓՐԿՈՒՄ Է ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 16,2009 00:00

Հայաստանի ազգային գրադարանում մայիսի 15-ին բացվեց մի յուրօրինակ ցուցահանդես՝ նվիրված հայագետ Արգամ Այվազյանի՝ Նախիջեւանի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության 45-ամյակին: Գրադարանի ցուցափեղկերում ներկայացված են հեղինակի՝ 1966-2008թթ. հրատարակած գրքերը, հոդվածները: Առանձին բաժնով ներկայացված են նրա գործունեության մասին պատմող լուսանկարներ, մամուլում հրապարակված հոդվածներ, Ա. Այվազյանի մասին գիտության եւ մշակույթի հայտնի գործիչների կարծիքները: Շնորհավորելով հեղինակին՝ հայ մշակույթին, հայագիտությանը եւ հուշարձանների պահպանության գործին մատուցած ծառայությունների համար, գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը Արգամ Այվազյանին հանձնեց Ազգային գրադարանի բարձրագույն պարգեւը՝ «Հակոբ Մեղապարտ» մեդալ:

Ա. Այվազյանի վաստակը կարեւորեցին նաեւ պատմական գիտությունների թեկնածու Ժ. Խաչատրյանը, թատերագետ Բախտիար Հովակիմյանը եւ այլք: Գրադարանում ցուցադրվեց Ա. Այվազյանի հեղինակած «Խզված մեղեդի՝ Ջուղա» ֆիլմից մի հատված: Օրվա բանախոսները կարեւորեցին Ա. Այվազյանի կատարած հայրենանվեր գործը, որ մեծ նշանակություն ունի եւ գիտական, եւ քաղաքական տեսանկյունից: Մանավանդ որ, մեր ժողովրդի ստեղծած այդ հարուստ ժառանգությունը վերջին տարիներին Ադրբեջանի եւ Նախիջեւանի իշխանությունների կողմից ենթարկվում է հիմնահատակ կործանման:

Ա. Այվազյանի ուսումնասիրությունների շնորհիվ Նախիջեւանի պատմամշակութային ժառանգությունը հասու է դարձել հայագիտությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել