Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեգործությունը տարբերենք բարեգործությամբ զբաղվելուց»

Մայիս 19,2009 00:00

Կամ՝ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենից ժառանգած դասերը

«Փոքրաթիվ ժողովուրդները պետք է գիտակցեն, որ կարիք ունեն մեծ բարեկամների»: Այս խոսքերը նորվեգացի գիտնական, նավապետ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենինն են: Օրերս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի եւ Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված համալսարանի խորհրդի առաջին պատվո անդամ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակին: Հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի «Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը» ֆիլմի ցուցադրությունից հետո, ելույթներով հանդես եկողները «բացահայտեցին» Նանսեն գիտնականին, մարդասերին, հասարակական գործչին:

«Նանսենյան անձնագիր» արտահայտությունը, թերեւս, բոլորն էլ լսել են, բայց գուցե չգիտեն, որ դրան հասնելու համար բազում ջանքեր են պահանջվել մեծ մարդասերից: Պատճառն այն էր, որ Ազգերի լիգան դժվարությամբ ընդունեց նրա առաջարկը: Իսկ երբ 1920-ին լիգայում քննարկվում էր Մեծ եղեռնի հարցը, Նանսենն ասում էր. «Մինչ այստեղ կվիճեն սահմանների հարցի շուրջ, պետք է հայ ժողովրդին փրկել ոչնչացումից, որպեսզի մարդ մնա այդ երկրում բնակվելու համար: Ամեն օրն անգամ խիստ կարեւոր նշանակություն ունի, կարող է պատահել այնպես, որ մինչ մենք այստեղ վիճում ենք, այնտեղ կոտորվի մի ողջ ժողովուրդ»: Ի վերջո, Ազգերի լիգայի խորհուրդը ստիպված եղավ 1924-ին հաստատել հայ գաղթականներին ինքնության վկայական տալու նանսենյան նախաձեռնությունը: 320 հազար հայ գաղթական ստացավ նանսենյան անձնագիր, ինչը բարելավեց նրանց սոց-իրավական վիճակը 52 երկրներում:

«Առավոտին» Նանսեն-մարդասերի մասին իր խոհերը փոխանցեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը. «Նանսենը ամենանեղ, ծանր օրերին թեւութիկունք է եղել հայ ժողովրդին, Եղեռնի ժամանակ պատմական հայրենիքից բռնությամբ վտարված հայ գաղթականներին, նոր-նոր ստեղծված խորհրդային տնտեսությանը, գիտությանն ու մշակույթին: Դեռ մանկության տարիներից մեր երազներով շրջել ենք նրա նշանավոր «Ֆրամ» նավի անձնակազմի հետ, հեռակա մասնակցել նրա երկրագիտական աշխատանքերին: Բայց երբ կարդում ենք նրա կենսագրությունը, հասկանում ենք, թե ինչքան նվիրված է եղել հայ ժողովրդին, նույնիսկ մահճում վերջին խոսքը «հայ» է եղել»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս անել, որ երիտասարդ սերունդը, որը երբեմն չի ճանաչում նույնիսկ հայ մեծերին, ճանաչի նաեւ օտարազգի մեծերին: Պարոն Մուրադյանն ասաց. «Դա մի հարվածով լուծելու բան չէ. այդ գործընթացը պիտի սկսվի դպրոցից, երեխան այդ տարիքից պիտի ծանոթանա հայ եւ ուրիշ ազգերի մեծերին, ովքեր առնչվում են մեր ժողովրդի պատմությանն ու կենսագրությանը»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ իր ելույթում բարձրաձայնեց Նանսենից ժառանգած 10 կարեւոր դասերը: Դրանցից են. «Նպատակին հասնելու համար չպետք է երկնչել ոչնչի առաջ: Բոլոր դեպքերում ասել ճշմարտությունը՝ լինի աշխարհի հզորներին, միջազգային կառուցներին, թե որեւէ անհատի: Բարեգործությունը պիտի տարբերել բարեգործությամբ զբաղվելուց, գթասրտությունը՝ գթասրտությամբ զբաղվելուց: Սերն ու հանդուրժողականությունը ամենագեղեցիկ ծառերն են այս կյանք կոչվող անտառում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել