Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Մայիս 22,2009 00:00

Թաիլանդի Չանգմայ քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի 1-ին պատանեկան առաջնությունը, որտեղ, մեդալներից բացի, խաղարկվում են նաեւ եկող տարի Սինգապուրում կայանալիք պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Նախորդ համարներում արդեն տեղեկացրել ենք, որ Չանգմայում յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա կարող է նվաճել տղաների եւ աղջիկների՝ առավելագույնը երկուական ուղեգիր: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ երկիրը թիմային պայքարում առաջնությունը եզրափակի առնվազն 9-րդ հորիզոնականում:

Հայաստանն առաջնությանը մասնակցում է միայն տղաների թիմով: Արդեն մրցահարթակ մտել են մեր երեք պատանի ծանրորդներ: Նրանցից գերազանց է հանդես եկել 56 կգ քաշային, երեւանցի Սմբատ Մարգարյանը: Նա պոկել է 100 կիլոգրամ (2-րդ արդյունք՝ այս մրցաձեւում), հրել 138 կգ, որը նույնպես երկրորդ ցուցանիշն է եւ երկամարտի 238 կիլոգրամով նվաճել աշխարհի պատանիների փոխչեմպիոնի կոչումը եւ մեր հավաքականի հաշվարկին բերել 25 միավոր:

Նույն օրը մինչեւ 50 կգ քաշային կարգում հանդես եկող Վարդան Միլիտոսյանը (Գյումրի)՝ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին, 81+95=176 կիլոգրամ արդյունքով գրավել է 12-րդ տեղը, ինչը թիմային հաշվարկում եւս 12 միավոր է:

Երեկ Չանգմայում պայքարի մեջ մտավ Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ արարատցի, 62 կգ քաշային Վլադիկ Կարապետյանը եւ եզրափակեց այս քաշային կարգի լավագույն տասնյակը՝ հավաքականի համար վաստակելով 16 միավոր: Վլադիկի արդյունքն է՝ 105+130=235 կիլոգրամ:

Երեկ «Առավոտը» կապվեց Թաիլանդում մեր պատվիրակության ղեկավար, ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախագահ Սամվել Խաչատրյանի հետ: Տրամադրությունը լավ էր. «Տղաների մասնակցությունից առայժմ ընդհանուր առմամբ դժգոհ չեմ,- ասաց նա:- Երկու օրվա ընթացքում մրցահարթակ է մտել դեռ երեք ծանրորդ: Բայց այսօրվա դրությամբ Հայաստանը 55 միավորով թիմային պայքարում հինգերորդն է: Պետք է անենք ամեն բան առավելագույն՝ երկու ուղեգրերը նվաճելու համար: Դեռ հինգ հոգի ունենք: Չէի ասի, թե նրանցից անպայման մեդալներ ենք պահանջելու: Դա շատ դժվար է: Դեռ Երեւանում մեր զրույցի ժամանակ ասել եմ, որ այստեղ ոչ այնքան մրցանակային տեղերն են կարեւոր, որքան հնարավորին չափ շատ միավորներ վաստակելը: Դրա համար մեր մյուս տղաները պետք է կարողանան անել ամեն ինչ, որպեսզի տեղ զբաղեցնեն առաջին տասնյակում, իսկ ավելի ցանկալի է՝ ութնյակում»:

Այսօր պայքարի մեջ են ներգրավվելու 69 կգ քաշային Ռաֆֆի Մելիքյանը՝ Գյումրիից, եւ վանաձորցի Արեն Ներսիսյանը՝ 77 կգ քաշային կարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031