Լրահոս
Օրվա լրահոսը

Ի գիտություն ԿԸՀ-ի

Մայիս 23,2009 00:00

Համայնքը կձեւավորվի ընտրություններից հետո

Արձագանքելով ԿԸՀ քարտուղար Աբրաամ Բախչագուլյանի՝ «Առավոտին» տված հարցազրույցում արտահայտած տեսակետներին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն ասաց. «Սահմանադրությունում կա դրույթ, որ Երեւանը համայնք է, բայց դա իրողությանը չի համապատասխանում, եւ բոլորն էլ այդ մասին գիտեն: Իրականում Երեւանը մեկ տասնյակից ավելի համայնքներ ունեցող քաղաք է` դրանք ունեն տեղական ինքնակառավարման մարմիններ, դրանց ընտրովի ղեկավարներ, եւ մեծ հաշվով, այս կերպ Երեւանի ավագանու ընտրություններ կազմակերպելը ոտնահարում է եւ Սահմանադրության, եւ «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» ոգին ու տառը: Սահմանադրության այդ դրույթը, որը հաստատագրում է գոյություն չունեցող իրողություն, Հայաստանի կառավարման մարմինները պարտավոր էին համապատասխանեցնել՝ ինչ-որ ձեւով ստեղծել Երեւանի համայնք, ապա՝ այդ համայնքում ընտրություններ կազմակերպել: Ի դեպ, դեռ ուշ էլ չէ: Եվ բավարար ժամանակ կա, եւ օրենսդրությունն էլ Երեւանի համայնքները միավորելու` մեկ համայնք ստեղծելու հնարավորություններ ընձեռում է»: Պարոն Մելիքյանը հավելում է նաեւ, որ այսպիսով ոտնահարված են երեւանցիների իրավունքները՝ ինքնակառավարման հարցում: Առաջիկա ընտրությունները փաստացի Երեւան համայնքում տեղի չեն ունենալու, որովհետեւ այդ համայնքը կձեւավորվի միայն ընտրություններից հետո: Կարեւորելով այդ փաստը՝ մեր զրուցակիցը դրա վրա է հրավիրում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի, ՍԴ-ի եւ այլ պատկան մարմինների ուշադրությունը, քանի որ գտնում է, որ ի սկզբանե նաեւ ձեւով կեղծ ընտրությունների արդյունքում չի կարող ձեւավորվել Երեւանի ավագանի եւ ընտրվել քաղաքապետ: «Երեւանի տարածքում այսօր գործող համայնքները դադարեցնում են իրենց գոյությունն ընտրություններից անմիջապես հետո, դա նշանակում է, որ նրանք գոյություն ունեն ընտրությունների ընթացքում, ընտրություններից առաջ, մինչդեռ Երեւան համայնքը գոյություն չուներ եւ չի ունենա, որովհետեւ ՏԻՄ մարմինների լուծարման մասին որոշումներ չեն կայացվել, համայնքապետերին ընտրողները ետ չեն կանչել: Սա ընտրողների իրավունքների ակնհայտ խախտում է»,- ասում է Արման Մելիքյանը: Նա գտնում է, որ մեր երկրում գնալով մեծանում է կեղծիքների ձնագունդը՝ սկսած առաջին կեղծված ընտրություններից, եւ «այս իրավիճակը հաղթահարելու համար պարզապես պետք է կանգ առնել, միասնաբար մշակել համապատասխան քայլեր, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք, այլապես ամեն մի նոր անօրինություն ծնելու է այն քողարկելուն կոչված հազարավոր այլ կեղծիքներ, որոնց տակից դուրս գալը գնալով կդժվարանա»:

Ինչ վերաբերում է ԿԸՀ քարտուղարի կարծիքին, որ Երեւանի ընտրողը որեւէ առավելություն չունի Գյումրիի ընտրողի նկատմամբ՝ Ա. Մելիքյանը հակադարձում է. «Երեւանի ավագանու ընտրություններն, օրենքի առումով, տարբերվում են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից. դա արդեն ակնհայտ խտրականություն է Երեւանի ու Գյումրիի կամ Վանաձորի ընտրողների միջեւ: Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական ուժերից եւ որեւէ մեկը, առավել եւս՝ իշխանությունը, շահագրգիռ չէ մայիսի 31-ին նշանակված ընտրությունների հարցը դիտարկել օրինականության տեսանկյունից: Սա հերթական առիթն է ուժերը փողոցում փորձելու՝ տեղամասերում, ընտրողների վրա ճնշումներ գործադրելով: Ամեն ինչ նորից վերածվում է անհասկանալի, ուժային պայքարի, որի արդյունքում տուժելու ենք բոլորս: Իմ փաստարկների հետ կապված՝ որեւէ կողմից խելամիտ ու շահագրգիռ արձագանքի բացակայությունը ավելի է ամրապնդում ինձ այն համոզմունքիս մեջ, որ այս անգամ նույնպես լինելու են բախումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել