Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՊԱՆԵԼ ՀՐԵՇԻՆ, ՓՐԿԵԼ ԱՐՔԱՅԱԴՍՏԵՐԸ»

Մայիս 28,2009 00:00

Իտալացի դաշնակահար Կարլո Գրանդեի հավաստմամբ, վիրտուոզ հասկացությունը ռոմանտիկ ծագում ունի

Հայաստանյան երաժշտական կյանքում հաճախ չեն այն համերգները, երբ կոմպոզիտորի նույնանուն ստեղծագործության կատարումով դուետով հանդես են գալիս այլազգի եւ հայ երաժիշտներ:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան), մայիսի 29-ին կհնչի Մոցարտի Դաշնամուրի կրկնակի կոնցերտը՝ Նարե Արղամանյանի եւ իտալացի Կարլո Գրանդեի կատարմամբ: Իտալացի ճանաչված դաշնակահարը այս տարի Ավստրիայում կայացած «Sparkasse Wortersee» մրցույթում, լինելով ժյուրիի անդամ, նկատել է հայուհուն: Նշենք, որ Ն. Արղամանյանը, ավարտելով Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, 2004-ից սովորում է Վիեննայի University for Music and Performing Arts-ում:

«Առավոտի» հետ զրույցում Կ. Գրանդեն ասաց, որ հենց առաջին փուլից այնքան է տարվել Նարեի արվեստով, որ անկախ մրցույթի արդյունքներից, որոշել է համատեղ ելույթի առաջարկ անել: Մեր դիտարկմանը, թե երբեմն միայն «արագավազ» մատները նկատի ունենալով, երաժշտին համարում են վիրտուոզ կատարող, Նարեն պատասխանեց, որ վիրտուոզ երաժիշտը ամենից առաջ պետք է լինի ունիվերսալ. «Պատահական չէ, որ կոմպոզիտորներից ոմանք դաշնամուրի համար իրենց երկերը գրելիս ցանկություն են հայտնել, որ կատարողը ստեղծագործության այս կամ այն հատվածը նմանեցնի իրենց նախընտրած գործիքի հնչողությանը. օրինակ, Մոցարտի՝ դաշնամուրի համար գրված երկերում հաճախ հանդիպում ենք՝ հնչեցնել ինչպես տավիղ, կամ Բեթհովենն իր որոշ սոնատներում գրել է՝ կատարել երգելու նման… Ինչ վերաբերում է դաշնակահարներիս, ապա դաշնամուրը լիովին հնարավորություն է տալիս կատարման այս կամ այն հատվածը հնչեցնել նախընտրելի երաժշտական գործիքի տեմբրով»: Կ. Գրանդեն էլ հայտնեց, որ վիրտուոզ տերմինն ունի ռոմանտիկ ծագում. ավանդապատումներում վիրտուոզ են կոչել այն քաջերին, որոնք, սպանելով հրեշին, փրկել են արքայադստերը: Նաեւ հավելեց, թե հնարավոր է ստեղնաշարի վրայով մատներդ «վազեն», բայց ունենաս վատ տեխնիկա. «Այնպես որ, վիրտուոզ լինելը կապված է ձայնի արտաբերման, մտքի, ինտելեկտի եւ այլնի, մի խոսքով՝ բաղադրիչների ամբողջական կոմպլեքսի հետ»:

Իտալացի դաշնակահարը փաստում է, որ, ցավոք, վերջին 30 տարիների ընթացքում ճիշտ չի ընկալվում վիրտուոզ հասկացությունը. «Հաճախ որոշ մասնագետներ, տեսնելով երաժշտի մատների արագությունը, միանգամից նրան որակում են վիրտուոզ: Դա սխալ է, որովհետեւ մատների արագությունը ստեղծում է տեսանելի խաբկանք»:

Արվեստագետներից հետաքրքրվեցինք, թե իրենց համագործակցությունը կունենա՞ շարունակություն: Կ. Գրանդեն ասաց, որ թեեւ ինքը ճանաչում է հայ տաղանդավոր այլ երաժիշտների եւս, սակայն Նարեի հետ սիրով կհամագործակցի. չնայած երիտասարդ տարիքին, Նարեն հանրահայտ նվագախմբերի հետ է հանդես գալիս: Համագործակցության «մասով» մեր հարցին ի պատասխան՝ Ն. Արղամանյանն էլ ժպտաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել