Լրահոս
Օրվա լրահոսը

Գլոբալ տաքացման զոհերը կավելանան

Հունիս 02,2009 00:00

\"\"Global humanitarian forum միջազգային կազմակերպությունը, որը ղեկավարում է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, զեկույց է հրապարակել, որում կանխատեսում է գլոբալ տաքացման վնասներն ու մասշտաբները: Lenta.ru-ն հաղորդում է, որ ուսումնասիրությունների տվյալներով՝ ներկայումս աշխարհում գլոբալ տաքացման պատճառով տարեկան մահանում է մոտ 300 հազար մարդ:

Բանն այն է, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է բնության աղետալի երեւույթների, մասնավորապես՝ երաշտի ու ջրհեղեղների աճին: Բացի այդ, փոփոխվող կլիման բացասաբար է ազդում զարգացող պետությունների գյուղատնտեսության վրա, ինչը հանգեցնում է սովի: Մահացածների 90%-ը հենց այդ երկրներից է: Գիտնականները պնդում են, որ 2030 թվականին տաքացման զոհերի թիվը կհասնի տարեկան 500 հազարի: Քոֆի Անանի խոսքերով՝ ներկայումս աշխարհի բոլոր երկրները պետք է կենտրոնացնեն իրենց ուժերը՝ գլոբալ տաքացման դեմ պայքարի վրա: Մասնավորապես, նա կոչ է անում խոշոր պետություններին, որոնք այս տարվա դեկտեմբերին հավաքվելու են Կոպենհագենի համաժողովում, կոնկրետ միջոցներ ձեռնարկել մթնոլորտի մեջ ջերմոցային գազերի արտամղումները կրճատելու ուղղությամբ: Համեմատության համար հետազոտության մեջ նշված է, որ, օրինակ, տարերային աղետներից 2008-ին մահացել է 200 հազար մարդ, սա այն դեպքում, երբ անցած տարի տեղի են ունեցել բազմաթիվ խոշոր տարերային աղետներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել