Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է թո՛ւյլ տալ շռայլություն»

Հունիս 17,2009 00:00

\"\"Ասում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը՝ նկատի ունենալով օպերետի ժանրը:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն անցնող թատերաշրջանում մի քանի առաջնախաղ ունեցավ՝ Շեքսպիրի «12-րդ գիշեր», Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում», վերականգնեց ազգային օպերետի լավագույն նմուշներից մեկը՝ Գ. Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինին», ինչպես նաեւ Ջոն Պատրիկի «Տարօրինակ միսիս Սեւիջը» տրագիկոմեդիայի միջոցով հանդիսատեսին առիթ ընձեռեց ակնդիրը դառնալու անկրկնելի Գալյա Նովենցի ինքնատիպ դերակատարմանը:

«Առավոտը» կոմեդիայի թատրոնի հետ կապված իրեն հուզող հարցերն ուղղեց տնօրեն Կարո Շահբազյանին:

– Վերջերս հաճախ է խոսվում այն մասին, որ որոշ պրոդյուսերական կենտրոնների ախորժակը բացվել է նաեւ ձեր թատրոնի շենքի նկատմամբ եւ մտադրություններ կան կոմեդիայի թատրոնը եւս վերածել «ազատ բեմի»:

– Մեր ժամանակներում տարբեր ոլորտների մասին պտտվող խոսակցություններին, այդ թվում՝ մշակութային, լուրջ չեմ վերաբերվում: Չեմ բացառում, որ հնարավոր է կան մարդիկ, որոնք ունեն նման մտադրություն: Միեւնույն ժամանակ՝ չեմ էլ կարծում, որ պետական այրերը, ինչպես նաեւ մշակութային քաղաքականության պատասխանատուները նման նպատակի հանկարծ ընթացք կտան: Ընդհանրապես ողջունում եմ «ազատ բեմի» գաղափարը, բայց կարծում եմ, որ կարելի է գտնել այլ լուծումներ, ընդհուպ մինչեւ նոր շենքի կառուցում, որը հնարավորություն կտա ստեղծագործողներին՝ իրականացնելու իրենց մտահղացումները… Տեւական ժամանակ է, ինչ Մայր թատրոնը գտնվում է մի շրջանում, որը հնարավորություն է տալիս տարբեր բեմադրիչների իրագործելու իրենց նախագծերը: Ես դա «ազատ բեմ» չէի անվանի, քանի որ թատրոնի գեղարվեստական խորհուրդն է տասնյակ բեմադրիչների առաջարկներից ընտրություն կատարում: Համոզված եմ, որ առաջիկայում կգտնվի այն մասնագետը, որին կվստահվի ղեկավարելու հարուստ ավանդույթներ ունեցող այդ օջախը:

– Օպերետի բեմադրությունը ծախսատար է, ինչից էլ որոշ ժամանակահատված խույս էր տալիս ձեր թատրոնը: Բայց «Ուշ լինի, նուշ լինի» օպերետի բեմադրությունը կարծես ցույց տվեց, որ այն, ինչի համար ստեղծված է ձեր թատրոնը, կարող է իրականանալ: Ուրեմն ի՞նչ՝ ցանկությո՞ւն, թե՞ դարձյալ ֆինանսական խնդիր…

– Ցանկություն միշտ էլ եղել է ու կլինի: Երաժշտական մեր թատրոնը, ինչ խոսք, կոչված է հենց օպերետներ բեմադրելու, լինեն դրանք դասական, թե ժամանակակից: Թեեւ կոլեգաներիս կողմից էլ տարբեր առիթներով հնչեցվող գումարի սղություն արտահայտությունը չեմ ուզում կրկնել, բայց իսկապես հնարավորությունները սահմանափակ են: Իսկ օպերետը թանկ հաճույք է. նվագախումբ, երգչախումբ ու բալետային խումբ, մենակատարներ… Թույլ տվեք առանց մանրամասնելու ասել, որ օպերետ բեմադրելու համար իսկապես անհրաժեշտ է թույլ տալ նաեւ շռայլություն:

– Սերնդափոխություն է կատարվում նաեւ ձեր թատրոնում, ինչը նորմալ է: Ձեր թատրոնից եղան նաեւ հեռացողներ (օրինակ՝ դերասան Արա Դեղտրիկյանը), որոնք իրենց վրա են կրում խաղացանկի ծանրությունը: Սա օրինաչա՞փ է, թե՞ կան նաեւ սուբյեկտիվ կամ ոչ ստեղծագործական մոտեցումներ:

– Սերնդափոխությունը ընթանում է բնականոն հունով: Մեր թատրոնում այսօր աշխատում է երեք սերնդի դերասան. սա է ճիշտը: Սերունդներից մեկի բացակայության պատճառով պարզապես կխաթարվի ստեղծագործական ընթացքը: Թատրոնից հեռացողներ բոլոր ժամանակներում էլ եղել են: Պատճառները տարբեր են. մի դերասանը ընտրում է կոմերցիոն թատրոնը, մյուսը մեկնում արտերկիր, երրորդը վիրավորվում է, որ ուշանում է իր՝ պատվավորի կոչման արժանանալը եւ այլն, եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել