Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ» ԿԱՏԱՐՎԵՑ

Հունիս 20,2009 00:00

Երեկ խորհրդարանը ՀՀ նախագահի առաջարկության հիման վրա որոշում ընդունեց համաներում անցկացնելու մասին

Համաներմանը նվիրված արտահերթ նիստի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ սպասվելիք որոշումը կապված է ԵԽԽՎ-ում եկող շաբաթ սկսվող նստաշրջանի հետ, սակայն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ որեւէ կապ չկա, քանի որ ԵԽԽՎ-ի բանաձեւերում համաներման պահանջ չկա, կա՝ առաջարկ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը միակն էր, որ ուղղակի հարցրեց՝ իսկ ինչո՞ւ ենք խուսափում ասել, որ ԵԽԽՎ-ի բանաձեւերի պահանջների հետ համաներում անցկացնելը ուղղակի կապ ունի. «Հարգելիներս, մենք ինչի՞ց ենք վախենում, մենք կամովին ստանձնել ենք պարտավորություններ, մենք այդ կազմակերպության լիիրավ անդամն ենք, եւ օր առաջ այդ պարտավորությունները կատարելը մեզ միայն պատիվ է բերում»: Դաշնակցական պատգամավորի գնահատմամբ. «Համաներումը ունի լուրջ քաղաքական նշանակություն, եւ այն, ինչ այսօր պետք է արժեւորենք, չգիտես ինչու, ուզում ենք դրանից խուսափել։ Չենք ուզում արժեւորել, որ քաղաքական քայլ է կատարվում, աննախադեպ, ԱԺ պատմության մեջ քաղաքական ընդգծվածության համաներում չի իրականացվել, եւ սա այն դեպքն է, երբ մենք հստակ ասում ենք, որ սա առնչվում է մարտի 1-2-ի իրադարձությունների հետ: Սա պետք է ընդգծել՝ ցույց տալու համար, որ իշխանությունները կատարել են շատ լուրջ քայլ, ցույց տալով, որ չկա վրեժխնդրության խնդիր, այլ կա մեկ նպատակ՝ քաղաքական կամք դրսեւորել, որ օր առաջ փակվի մարտի 1-2-ի ողբերգական օրերի էջը»: Ասաց, որ այս քայլը պետք էր ավելի շուտ կատարվեր՝ շահարկումների հող չստեղծելու համար: Արմեն Ռուստամյանը հայտարարեց նաեւ, որ համաներման մեխը քաղաքական իմաստով պետք է լինի նախագահի առաջարկի 2-րդ կետի «զ» ենթակետը՝ համաներումը պետք է տարածվի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հանցագործություն կատարած անձանց վրա: Առաջարկեց, որ սա ընդունվի առանց որեւէ վերապահման, բոլորի համար. «Որովհետեւ սա նորից կառաջացնի երկակի ստանդարտների, շահարկումների դաշտ, այս կամ այն կերպ կփորձի ստվեր գցել այս նախաձեռնության վրա»: Առաջարկեց վերացնել որեւէ վերապահում: Սակայն ավելի ուշ խորհրդարանի ընդունած տարբերակում այս առաջարկը չընդգրկվեց:

ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը նկատեց. «Ասվեց, որ մեկ էջը փակում ենք, դժբախտաբար, այդ էջը այս փաստաթղթով չի փակվում: Ինչո՞ւ, որովհետեւ չկան հստակ ձեւակերպումներ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված: Իհարկե, դա այս փաստաթղթով չպիտի լիներ, նախորդած ամբողջ ժամանակահատվածում պիտի լիներ: Իսկապես լավ կլիներ, որ փակվեր այդ էջը, բայց չի փակվելու, որովհետեւ չեն արվել անհրաժեշտ քայլեր, հանդուրժողականությունը մի օրում 10-ը կոչով չի լինում»: Նաեւ ասաց, որ չկան այն հարցերի պատասխանները, թե ովքեր են մեղավոր 10 զոհերի համար, ովքեր են թալանել խանութները. «Ուրեմն նրանք, ովքեր դա կազմակերպել են, անկախ նրանից, թե ովքեր են, պիտի բացահայտվեին եւ պատասխան տային: Ցավոք, ստացվում է, որ մենք անում ենք կիսատ ինչ-որ քայլ»:

ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ համաներումը անցկացվում է նրանց հանդեպ, ովքեր «սայթաքել են»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը որպես առաջընթաց ներկայացրեց, որ առաջին անգամ համաներում է կատարվում ոչ թե ինչ-որ առիթով, այլ՝ որպես հասարակական պահանջի հետեւանք: «Սա մեծ առաջընթաց է՝ ժողովրդավարության սկզբունքի առումով»,- ասաց հանրապետական պատգամավորը: «Ժողովրդավարության կարեւորագույն էլեմենտ» որակեց այն, որ «երկրի նախագահը որդեգրել է մի քաղաքականություն, երբ յուրաքանչյուր քայլը հարցնում է ժողովրդից»։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Մենք ոչ թե պետք է գնանք հոդվածների հետեւից, այլ հատուկ պետք է ունենանք այն անձանց ցանկը, որոնք պետք է ազատ արձակվեն, որովհետեւ հասարակության մեջ քննարկումը գնում է ոչ թե հոդվածներով, այլ՝ խոսքը գնում է կոնկրետ անձերի մասին, առավել եւս, երբ մենք չունենք անկախ դատարաններ»: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ համաներման գաղափարը պետք է ողջունել, բայց եւ ասաց. «Ես վստահ եմ, որ այս համաներման ակտով չէ, որ փակվելու է մարտի 1-ի էջը, եւ մենք ակնկալում ենք ավելի կոշտ վերաբերմունք եւ արագ արձագանքում իրական մարդասպաններին եւ մեղավորներին դատապարտելու վերաբերյալ»: ԱԺ նախագահն իր ելույթում խորհուրդ տվեց. «համաներումը չպետք է շփոթել չհիմնավորված ներողամտության հետ, որը կարող է ծնել նոր հանցանքներ»: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը առաջարկեց, որ համաներումը չտարածվի ընտրակեղծիքներ կատարած անձանց վրա, սակայն արդարադատության նախարարը այս առաջարկը չընդունեց: Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «ՀՀ նախագահը դրսեւորել է քաղաքական կամք, նաեւ՝ համարձակություն՝ նման քայլով հանդես գալու»: Ըստ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, համաներումը կտարածվի շուրջ 2 հազար մարդու վրա, իսկ ըստ «Թերթ» էլեկտրոնայինի, հանրապետությունում մոտ 4 հազար բանտարկյալ կա:

98 «կողմ», 1 «դեմ» եւ 3 «ձեռնպահ» ձայներով Ազգային ժողովը երեկ ընդունեց որոշում՝ համաներում անցկացնելու վերաբերյալ: «Ժառանգության» պատգամավորները ձեռնպահ էին, միակ դեմը Զարուհի Փոստանջյանն էր, որը քվեարկությունից հետո «Առավոտին» ասաց. «Ես դեմ քվեարկեցի, որովհետեւ այն մարդիկ, ովքեր հանիրավի գտնվում են բանտախցերում, նրանց հանդեպ եւս մեկ անգամ դատավճիռ կայացվեց: Խոսքը հետընտրական շրջանում կալանված մարդկանց եւ նաեւ՝ ինչու չէ, Արման Բաբաջանյանի մասին է»: Այս համաներումը պատգամավորը որակեց քաղաքական հաշվեհարդար կալանավորված պատգամավորների հանդեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել