Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԷՖԵԿՏ ՏՎԵՑ ԸՆՏՐԱԳՈՂԵՐԻ ԻՄԱՍՏՈՎ

Հունիս 23,2009 00:00

Աղասի Արշակյանը համոզված է, որ համաներումն ավելի արդյունավետ կլիներ, եթե անցկացվեր մարտյան դեպքերից անմիջապես հետո:

– Համաներումը երեկվանից ի կատար է ածվում, մարդիկ աստիճանաբար ազատ են արձակվում բանտերից, ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունը:

– Ովքեր գաղափարի համար երեք օրից ավելի նստել են, գիտեն, որ ազատագրված հոգու համար փակ տեղում ավելի հեշտ է անցկացնելը, քան էս տեսակ սուտ ազատությունների մեջ, որ ունենք: Այնպես որ, «ներվողների» գործն է՝ մարդասպան կամ խարդախ ձեռքից ներում ստանալ, թե ոչ: Ես գտնում եմ՝ համաներումն առաջին հերթին մարդասպաններին էր պետք, ոչ թե գաղափարի համար նստածներին: Իրենք գիտեն՝ այդ համաներումից ինչ կստանան, ինչ չեն ստանա, բայց մեր հասարակությունը եւ իշխանությունները շատ լուրջ հիվանդ են, եւ համաներումը միայն փոքրիկ դեղահաբի դերակատարություն կարող է ունենալ: Ես վստահ եմ՝ քանի դեռ չեն գտնված այն մարդկանց անունները, ովքեր սպանեցին կամ հրամայեցին սպանել, հասարակական գիտակցության մեջ մնալու է այսպիսի դատավճիռ՝ հայտնի իշխանավորները, սեփական իշխանությունը պահելու եւ ժողովրդի վրա կրակելու պատրվակ ունենալու համար, մատաղ արեցին զինվորականին եւ ոստիկանին… Համաներումն ավելի շատ այս իշխանություններին է պետք:

– Կարծում եք՝ ճիշտ կլիներ, եթե համաներում ընդհանրապե՞ս չհայտարարվեր:

– Պետք է արվեր, բայց շատ ավելի շուտ, ոչ թե ձգեին՝ քաղաքապետի ընտրություններ, ԵԽ-ի հետ ինչ-որ խաղեր տալ, ծաղրադատեր անել, խայտառակվել, հետո համաներում անել: Դա պիտի արվեր դեռ մեկ տարի առաջ՝ մարտի վերջին, ապրիլի սկզբին կամ դեպքերից թեկուզ մի քանի ամիս հետո, որ էֆեկտ լիներ: Մարդիկ, ովքեր թրծվեցին այս մեկուկես տարվա ընթացքում, անկախ իրենց նախկին մեղքերից, ազատագրված հոգի ունեն, նրանք ավելի կոփվեցին, եւ նրանց զգալի մասին, որ քաղաքական գործիչ չէին, դարձրին այդպիսին: Այնպես, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ում, անկապ մարդկանց դարձնում էին քաղբանտարկյալ, այս դեպքում էլ նույնը տեղի ունեցավ: Նրանք դրանով խտացրին քաղաքականացված մարդկանց շարքերը: Հիմա բաց կթողնեն, թե նստած կպահեն՝ երկրորդական է: Իսկ ովքեր կստանան այդ համաներումը եւ կգնան իրենց տները՝ դա էլ իրենց գործն է:

– «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, բացատրելով ամնիստիա եւ ամնեզիա բառերի ծագումնաբանությունը, հիշեցրեց, որ դրանք նույն արմատն ունեցող բառեր են, իսկ ամնեզիա նշանակում է հիշողության կորուստ, այսինքն՝ երբ մարդը համաներում է անցկացնում, իր հիշողությունից ջնջում է տվյալ անձի հետ կապված վատ բաները: Համաձա՞յն եք, որ այս համաներումը եւս մաքրում է հիշողությունը:

– Իսկական ուժեղը, որը մեծահոգություն ցուցաբերելով՝ ինչ-որ քայլեր է անում եւ ինքն էլ ներելով մոռացության է տալիս՝ այդ մասով համաձայն եմ: Բայց դա մեր «մեծահոգիների» հետ կապ չունի: Մեր «մեծահոգիները» այդ ոճրագործության հեղինակներն են: Ներումը պետք է անի մեծահոգին: Դահիճը կատարող է, դահիճը չի կարող ներել: Ստացվում է՝ բռնացողը, առանց գիտակցելու սեփական մեղքի բաժինը, իր վրա է վերցրել ներման իրավունքը: Սա սխալ է, սա ճիշտ չէ:

– Իսկ եթե համաներումը լիներ անցած տարվա մարտի վերջին կամ ապրիլին, այդ դեպքում ճի՞շտ կլիներ: Ձեր գնահատականն այն ժամանակ ուրի՞շ կլիներ:

– Իհարկե՝ ուրիշ կլիներ: Այդ մարդկանց անտեղի տառապանքը, դատական ֆարսերը, աշխարհի առաջ խայտառակությունները չէին լինի, հասարակությանը հուսալքելը, հոգեպես կողոպտելը, վաղվա նկատմամբ հավատը խլելը պակաս կլինեին, բայց գոնե ֆորմալ իսկական մեղավորները պետք է պատժվեին: Մինչդեռ իշխանություններն ամեն գնով մեղավորներին թաքցնում են: Բայց չէ՞ որ բոլորը գիտեն, թե ովքեր են մեղավորները, ովքեր են տվել հրամանները եւ մնացել անպատիժ: Այս համաներումը էֆեկտ տվեց ընտրագողերին փրկելու իմաստով: Արագացված դատավարությամբ մի 3-4 հոգի ասացին՝ ներողություն ենք խնդրում, գիտակցում ենք մեր հանցագործությունը, ամենքին 3 տարի տվեցին, եւ մի շաբաթ նստելուց հետո նրանք դուրս պիտի գան: Ահա թե ում համար էր համաներումը:

– Սակայն իշխանությունը հպարտանում է, որ այս համաներումն աննախադեպ է՝ առաջին հերթին այն պատճառով, որ համաներում է անցկացվում ոչ թե ինչ-որ առիթով, այլ որպես հասարակական պահանջ: Օրինակ, Գալուստ Սահակյանը սա որակեց որպես քայլ դեպի ժողովրդավարություն:

– Դե լավ, թող գլուխ չցավացնեն, իրենք ձեւ են անում, թե ժողովուրդը ուզում է, իրենք էլ կատարում են: Իրականում հանրային խորհրդում ամենաշատը երեք անկողմնակալ, բայց դերակատարություն չունեցող մարդ կա, եւ մնացածն ընդգծված կողմնապահ մարդիկ են: Հանրային խորհուրդը դարձրել են իրենց պատիվը, խիղճը եւ միտքը նախորդ դարում թողած մարդկանց տեղ: Այդ մարմինը պետք է ցրել, որովհետեւ մի քանի անգամ մի քանի անձի միջոցով իրենց լավ խայտառակ են արել:

– Իսկ ովքե՞ր են երեք անկողմնակալները:

– Օրինակ, Հովհաննես Զանազանյանը, եթե ուշադիր նայեք, էլի մեկ-երկու հոգի կգտնեք, մնացածը ընդգծված կողմնակալ եւ կողմնորոշված մարդիկ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել