Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հունիս 23,2009 00:00

Հունիսի 19-29-ը «ՀայԱրտ» մշակությաին կենտրոնում հայ հանդիսատեսին իր աշխատանքներով կներկայանա մանրանկարիչ Նարինե Գրիգորյանը: Արտերկրում բազմիցս ցուցադրվելուց հետո հայրենիքում իր առաջին անհատական ցուցահանդեսին երկար սպասած Նարինեն կներկայացնի շուրջ 54 աշխատանք՝ հոգեւոր, ճակատագրի, հավերժության թեմաներով: Ներառված են նաեւ Կոմիտասին նվիրված աշխատանքներ եւ հայոց գրերի 1700-ամյակին նվիրված հայոց 38 տառերը: Հոգեւոր թեմայով նա պատկերել է աստվածաշնչյան կերպարներ: Մանրանկարչի խոսքով, հավերժության թեմայով ներկայացրել է բնության 4 կարեւորագույն տարրեր՝ հող, ջուր, օդ, կրակ: Հավերժացրել է կյանքը աշխարհի ստեղծման օրից, սկսելով Ադամից ու Եվայից: Ճակատագրի թեմայով ստեղծագործությունները նվիրված են հայի անցյալ ու դժվարին պատմությանը: Եվրոպական մի շարք երկրներում իր աշխատանքները ներկայացրած Նարինե Գրիգորյանը չի կարողանում հասկանալ՝ ինչու են հայրենիքում մանրանկարչական աշխատանքների նկատմամբ այսքան անտարբեր: «Հրավիրատոմսեր էի ուղարկել մի շարք մշակութային կառույցների, այդ թվում՝ Մատենադարան, որին, իմ կարծիքով, ամենաշատը պետք է հետաքրքրեին այս աշխատանքները, բայց այդպես էլ ոչ ոք չներկայացավ»,- ասաց Ն. Գրիգորյանը: Նա սեփական փորձով համոզվել է, որ երիտասարդ ստեղծագործողներին ոչ պատշաճ գնահատելու պատճառով իր նմանները մնում են ստվերում ու անհայտ: «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը բարձր է գնահատում երիտասարդ մանրանկարչի մեծ նվիրումով աշխատելու եռանդը. «Այն, որ Նարինեն մեր օրերում փորձում է արթուն պահել արվեստի այս տեսակը, շատ գովելի է, ինքը անցնելու դեռ մեծ ճանապարհ ունի»:

Ն. Գրիգորյանը զբաղվում է նաեւ գեղանկարչությամբ, տիկնիկագործությամբ, ստեղծագործում է գրականության եւ երաժշտության ասպարեզում: Երիտասարդ մանրանկարիչը մինչեւ տարեվերջ նախատեսում է բենեֆիս, որտեղ կներկայացվեն նրա բոլոր ստեղծագործությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել