Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես զարմացած եմ»

Հունիս 24,2009 00:00

Արամ Գասպարիչը տրամաբանություն չի տեսնում համաներման մասին որոշման մեջ

Այս համաներումը մեծ, քաղաքական իմաստով Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չտվեց, քանի որ կողմերը մնացին իրենց կարծիքներին եւ իրենց դիրքերում. այսպես է կարծում նաեւ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: «Մի կողմ թողնենք միջազգային գնահատականները: Անկեղծ ասած, դրանք ինձ ավելի քիչ են հետաքրքրում, որովհետեւ դրանք ավելի կոնյունկտուրային են, քան օբյեկտիվ: Իսկ ներսում՝ հասարակական համերաշխության, հասարակության ըմբոստությունը հանելու առումով, դա ոչինչ չտվեց, այն պարզ պատճառով, որ օրենքը պետք է գործեր հստակ, եւ դրան համապատասխան էլ գործողություններ լինեին»,- նշում է Արամ Գ. Սարգսյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ համաներումն իրավական ակտ է, ուստի այն բացառապես իրավական ոլորտում պետք է գործեր: Ինչ վերաբերում է այս համաներման «տակ ընկած» «մարտի 1»-ի գործով դատապարտված անձանց՝ «Եթե նրանք անմեղ էին, ոչ թե պետք է ներում ստանային, այլ արդարանային եւ ազատ արձակվեին, դեռ մի բան էլ նրանցից պետք է ներողություն խնդրեին հանիրավի այսքան ժամանակ ազատազրկելու համար: Եթե մեղավոր էին, պիտի պատժվեին այն բաների համար, ինչ արել են, եւ միայն պատժի որոշակի կրումից հետո կարելի էր վաղաժամկետ ազատ արձակել նրանց: Այս պարագայում «մարտի 1»-ի գործով ներում ստացած տղաները միանգամայն իրավացի են, որ գերադասում են մի քիչ ավելի շատ մնալ ազատազրկման վայրերում, բայց արդարացված դուրս գալ, քանի որ այսպես ստացվեց՝ մեղավոր են, ներում ենք: Մեղավոր էին՝ թող պատժվեին»:

Վերանալով «ընդդիմություն-իշխանություն» ձեւակերպումներից՝ Արամ Սարգսյանը եւս ցանկանում է հասկանալ՝ ի վերջո, ովքե՞ր էին 10 զոհերի մեղավորները եւ ի՞նչ պատասխանատվություն են նրանք կրել կամ կրելու, ինչո՞ւ նրանք այդպես էլ չբացահայտված մնացին, արդյոք սրանով նրա՞նց էլ ներումներ շնորհվեց. «Սա ամենամեծ վտանգը եւ նախադեպն է, որն, իմ կարծիքով, պետության իշխանությունն իրավունք չուներ թույլ տալու: Այս ակտը ինձ չի գոհացնում: Եթե քննչական բոլոր գործողություններն այս պահի դրությամբ չեն տվել ամենագլխավոր հարցի պատասխանը՝ ովքե՞ր եւ ի՞նչն էր 10 զոհերի պատճառը ու կատարողները, մնացյալ բոլոր հարցերի պատասխաններն ինձ չեն հետաքրքրում»:

«Առավոտի»՝ այս համաներման արդյունքում ազատության մեջ հայտնվեց նաեւ անձը, ով ընդամենը մի քանի օր առաջ լուրջ ընտրական կեղծիքներ էր գլխավորել եւ իրականացրել, դա արդա՞ր էր, դիտարկման արձագանքը եղավ. «Բացարձակ: Ավելին, ես այդտեղ ընդհանրապես տրամաբանություն չեմ տեսնում: Այդ ձերբակալումը հասարակությանը կարծես թե մի փոքր հույս էր ներշնչել, որ այդպիսի կեղծիքը հանցագործություն է եւ այն կատարած անձը կպատժվի, որպեսզի մյուսներն իմանան՝ նման բան անել չի կարելի: Բայց նման հանցանք կատարած մարդը ներվեց միանգամից՝ առանց պատիժ կրելու: Ի՞նչ ստացվեց: Սրա իմաստը եւ տրամաբանությունը ո՞րն էր: Նման կիսատ-պռատ գործողություններով միայն վնաս է հասցվում: Ես զարմացած եմ, եթե չասեմ ավելին, որ այսպես են փորձում հարցեր լուծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել