Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրներ՝ կապված մրցույթի հետ

Հունիս 26,2009 00:00

Գիտնականներն ու ստեղծագործական միությունների ներկայացուցիչները քննարկում են Ռուսաստանի հայերի միության կազմակերպած ամենամյա մրցույթի մանրամասները:

Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը այս տարի եւս հայտարարում են արդեն ավանդական դարձած «Աշխարհի հետ՝ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» խորագրով մրցույթը: Այն այս տարի համահայկական է, այսինքն՝ ձեռք է բերել միջազգային մրցույթի կարգավիճակ, ավելացել է նաեւ մրցանակաբաշխությունների քանակը. այս տարի կլինի Ջիվան Գասպարյանի անվան մրցանակաբաշխություն, որը նախատեսված է ազգային երաժշտական գործիքների համար: Մրցանակաբաշխություններին մասնակցում են ստեղծագործական միությունները, ԳԱԱ-ն: Երեկ ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում միությունների նախագահները, նախարարությունների, կոնգրեսի ներկայացուցիչները քննարկեցին մրցույթի անցկացման կարգն ու այլ հարցեր: 2009-ի մրցանակաբաշխության հաղթողները մրցանակները կստանան 2010-ին: Ռուսաստանի հայերի միության տասնամյակի կապակցությամբ այդ արարողությունը տեղի կունենա Մոսկվայի Համագումարների դահլիճում: Իսկ նյութերի ներկայացման վերջնաժամկետը 2010-ի մայիսի 31-ն է:

Երեկ քննարկումն ավելի գործնական բնույթի էր: Օրինակ՝ ԳԱԱ բնական գիտությունների ակադեմիկոս քարտուղար Վիլեն Հակոբյանը հետաքրքրվեց՝ Սփյուռքից ինչպե՞ս են ներկայանալու ցանկացողները: Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը պատասխանեց. «Ռուսաստանի հայերի միությունը մասնագիտական կազմակերպություն չէ, որ ներկայացված նյութերը գնահատի: Ուստի դա պիտի անեն ստեղծագործական միությունները, որոնց միջոցով էլ կկազմակերպվի հայտերի ներկայացումը»: Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պողոսյանն էլ մտահոգություն հայտնեց. «Բոլոր մրցույթների կարգում, բացի «լավագույն գիտական աշխատանք» մրցույթից, նշված է, որ կարող են մասնակցել նաեւ Սփյուռքից ներկայացուցիչներ: Բացի այդ, ի տարբերություն մյուս մրցույթների, «գիտական աշխատանք» մրցույթում նշված չէ հաղթող աշխատանքի համար նախատեսված գումարի չափը»: Այս մասին Վ. Աղայանն ասաց. «Այս կարգը վերջնական չէ, այդ պատճառով էլ այժմ քննարկում ենք: Մյուս կողմից էլ թող ակադեմիան ընտրի այն բնագավառը, որին օժանդակելու կարիք կա»:

Իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Գումարի չափը միտումնավոր գրված չէ, քանի որ միայն վերջին պահին է պարզ դառնում, թե հատկացված գումարների վրա հիմնադրամը որքան կարող է ավելացնել»: Այնուհետեւ խոսքը տրվեց ստեղծագործական միությունների նախագահներին: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն ասաց. «Մրցույթի խորագիրը պատահական չէ, քանի որ մենք վտանգներ ենք տեսնում, որ մեր ինքնության կորուստները մի քիչ ավելի արագացված տեմպերով են գնում»: Այնուհետեւ անդրադարձավ մարզային լրագրողներին խրախուսելու խնդրին. «Կարծես թե ամեն ինչ արվում է միայն Երեւանի համար, այն դեպքում, երբ մարզային լրագրողները գտնվում են շատ ծանր իրավիճակում»:

ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ նշեց. «Այս տարի առաջին անգամ հայտարարում ենք արձակի մրցույթ՝ «Հայ արձակը 21-րդ դարում» խորագրով: Եթե նախկինում մրցույթին կարող էին ներկայացվել միայն վեպի եւ վիպակի ժանրով ստեղծագործություններ, ապա այս տարի ներառվեց նաեւ պատմվածքների ժողովածուն: Մրցույթը կապվում է անտիպ ստեղծագործությունների հետ, ուստի, ցավոք, երբեմն շահարկումներ են լինում, որ Հայ գրողների միությունը չգրված վեպերին մրցանակներ է տալիս»: Իսկ Վ. Հակոբյանն ավելացրեց, որ այս տարվա մրցանակաբաշխությունն այնքան էլ ցայտուն չէր, ուստի լավ կլինի մյուս տարի դա հաշվի առնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել