Լրահոս
Օրվա լրահոսը

FIDH-ը զեկուցեց

Հունիս 27,2009 00:00

Ու կոչ արեց ՀՀ իշխանություններին

Երեկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) հրապարակել է «Արդար դատավարության իրավունքի իրականացումը ՀՀ-ում» վերտառությամբ իր նախնական եզրակացությունները «2008թ. մարտի գործերով դատավարությունների դիտորդության եւ օրենսդրական վերջին փոփոխությունների հիման վրա»:

Հիշեցնենք, որ FIDH-ը եւ իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հետեւել են 2008թ. մարտի 1-ի ոստիկանության եւ ընդդիմության բախումների գործերով ձերբակալված անձանց դատավարություններին։ Զեկույցում FIDH-ը մտահոգություն է հայտնել «ակնհայտորեն քաղաքական բնույթ կրող դատավարությունների ժամանակ վկաների նկատմամբ բռնությունների բազմաթիվ հաղորդումների վերաբերյալ» արձանագրելով, որ «դատարանի կողմից անօրինական ճանապարհով ստացված վկայությունների ընդունումը խախտում է արդար դատավարության սկզբունքը»։ Նաեւ խիստ քննադատության է ենթարկել ՀՀ-ում որոշ օրենսդրական՝ Դատական, Քրեական դատավարության, Վարչական դատավարության եւ Քրեական օրենսգրքերում 2009թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունները: FIDH-ը համարում է, որ դրանք «վտանգի տակ են դնում մեղադրյալի՝ իր ներկայությամբ դատավարության անցկացման, իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանելու իրավունքը», եւ ՀՀ իշխանություններին կոչ է արել «ապահովել մեղադրյալի՝ իր դատաքննության ժամանակ ներկա գտնվելու իրավունքը, ինչպես նաեւ իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի ու Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի»։ 

Զեկույցում մանրամասն անդրադարձ կա մարտի 1-ի իրադարձություններին եւ դրան հետեւած կալանավորումներին, դատավարություններին, նաեւ, FIDH-ի ձեւակերպմամբ՝ «վկաներից ցուցմունք ստանալու անօրինական մեթոդներին»: «Ընդդիմադիր վեց առաջնորդների դատաքննությունների ընթացքում մի շարք վկաներ հայտնել են դատարանին, թե ինչպես են իրենցից ցուցմունքներ կորզել հետաքննության ժամանակ, որ իրենց նախաքննական ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը։ Վկաներից շատերը հայտարարել են, որ ՀՀ տարբեր ոստիկանական բաժիններում իրավապահ մարմինների ներկայացուցիչները լուրջ հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների են ենթարկել նրանց՝ մեղադրվող ընդդիմադիրների դեմ կեղծ ցուցմունքներ կորզելու նպատակով։ Որոշ վկաներ նաեւ հայտնել են, որ նրանց կանչել են ոստիկանական բաժիններ եւ պահանջել, որ նրանք դատարանում պնդեն իրենց նախաքննական ցուցմունքները»,- ասված է զեկույցում։

FIDH–ը լուրջ մտահոգություն է հայտնել այդ առնչությամբ եւ արձանագրել, որ «նման ապացույցների վրա հիմնվելով, Հայաստանի դատարանները ոտնահարում են ՀՀ միջազգային պարտավորությունները եւ նպաստում են նման ապօրինի մեթոդների կիրառմանը» ու Հայաստանի իշխանություններին կոչ է արել «պահպանել իր վրա վերցված միջազգային պարտավորությունները եւ քրեական վարույթի ընթացքում չօգտագործել այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել դաժան վերաբերմունքի արդյունքում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի եւ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 15-րդ հոդվածի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել