Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ «ԹՐԱՖԻՔԻՆԳ»

Հունիս 27,2009 00:00

ՀՀ ոստիկանության ՊՊՎ ջրամատակարարման կառույցների պահպանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Լ. Զաքարյանի դեմ բողոք են բերել ոստիկանության մի շարք աշխատակիցներ:

Մինչ «Առավոտին» դիմելը, նրանք դիմել են ՀՀ կառավարությանը, սակայն հարցը որեւէ լուծում չի ստացել: ԶԼՄ օրենքի համաձայն, աղբյուրի խնդրանքով չբացահայտելով ոստիկանների ինքնությունը, հրապարակում ենք բողոքն ամբողջությամբ:

«Արդեն 3-րդ ամիսն է լրանում՝ ինչ մեր աշխատավարձերը չեն վճարում, նույնիսկ ում ուզում, նրան են տալիս:

Պահակետում 4-ի փոխարեն 3 հոգի է ծառայում, ինչը նշանակում է, որ ծառայողը օրենքով յուրաքանչյուր 4-րդ օրը աշխատանքի գնալու փոխարեն գնում է 3-րդ օրը, այսինքն՝ 1 ամսվա կտրվածքով 8 աշխատանքային օրվա փոխարեն աշխատում են 12 օր եւ դրա դիմաց չեն վարձատրվում:

Համազգեստ չեն տալիս, բայց փոխարենը պահանջում են՝ գնացեք գնեք, դա նույնպես օրենքի խախտում է:

Աշխատավարձը տալիս են 10 հազար դրամով պակաս՝ բացատրելով, թե՝ որպեսզի բոլորին բավարարի, բայց դա ակնհայտ այդպես չէ: Նույնիսկ, եթե աշխատողն աշխատավարձ վճարելու օրը հերթապահության է լինում եւ հաջորդ օրն է գնում աշխատավարձ ստանալու, հաստատ իր համար արդեն գումար չի լինում:

Ամանորի հասանելիք պարգեւավճարներ չեն տրվում:

Բազմակի անգամ աշխատողներս բողոք ենք ներկայացրել. ընդունել են, համոզել, թե ամեն ինչ կշտկվի, սակայն սայլը տեղից չի շարժվել:

Պարոն գնդապետին բողոքելու դեպքում էլ պատասխանը լինում է. ում ձեռք չի տալիս՝ թող դիմում գրի, այլապես ինքս կհեռացնեմ:

Մի խոսքով, գունդը դարձրել է սեփական հիմնարկություն:

Մենք չենք կարծում, որ ՀՀ-ում ոստիկանության որեւէ գնդում այսպիսի իրավիճակ գոյություն ունի, ինչպիսին ՊՊՎ ջրամատակարարման կառույցների պահպանության գնդում է»:

«Առավոտը» վերոհիշյալ ահազանգը հարցադրումներով ուղարկել է նաեւ ՀՀ ոստիկանություն, ակնկալելով, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ թրաֆիքինգի վարչությունն իրական բացահայտումներ կսկսի հենց իրենց համակարգից, նաեւ մեզ տեղեկացնելով աշխատանքային շահագործման կապակցությամբ ձեռնարկած միջոցառումների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930