Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՋԱՐԴԵՑ ՄԻ ԿԱՐԾՐԱՏԻՊ

Հունիս 30,2009 00:00

\"\"Վստահ է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը

– Ընդունելի՞ է Ձեզ համար ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի մոտեցումը, ըստ որի՝ մեր երկրի ներքաղաքական հարցերին առնչվող փաստաթղթերի փոփոխությանը կարելի է ներգրավվել Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունների անդամներին:

– Ես այս երեւույթն ուրիշ տեսանկյունից եմ ուզում դիտարկել. Եվրոպայի խորհրդի անդամներ են Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ: Եվ ԵԽԽՎ պատվիրակներն այն քաղաքական գործիչներն են, որոնք պիտի ԵԽ անդամ իրենց պետությունների մեջ քաղաքական շատ որոշումներ կայացնելու օրինակ ցույց տան: Բոլորն էլ ասում են, թե Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքացիական հասարակություն ձեւավորելու լուրջ խնդիր ունեն, եւ դրա համար մենք պիտի ժողովրդավարական լուրջ արժեքներ որդեգրենք, մեր երկրներում սահմանենք օրենքի գերակայություն, հաստատենք ժողովրդավարություն: Հիմա ո՞վ պիտի առաջին օրինակը ցույց տա, թե ինչպես աշխատել Եվրոպայի խորհրդում, որպեսզի ժողովրդավարական արժեքների նկատմամբ վերաբերմունքը նույն կերպ ձեւավորի ամեն մեկն իր երկրում: Լուրջ կարծրատիպեր կան այս առումով թե՛ մեր, թե՛ ադրբեջանական հասարակության մեջ: Այդ կարծրատիպերը թույլ չեն տալիս, որ մենք ավելի լայն մտածենք՝ առնվազն որպես տարածաշրջանի մաս: Բայց բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկրները լինեն աշխարհի այն լավ պետությունների պես, որտեղ իրական ժողովրդավարություն կա՝ նորմալ ընտրություններ, օրենքներ եւ այլն: Դրան հասնելու համար ԵԽԽՎ պատվիրակները, կարծում եմ, պիտի տիրապետեն մի քանի աստիճան բարձր քաղաքական մշակույթի եւ իրենց մեջ հաղթահարեն այդ կարծրատիպերը: Այս տեսանկյունից Զարուհու արածը ես գնահատում եմ որպես կարծրատիպը կոտրող քայլ: Առաջարկները, որոնք ներկայացրեց նա, շատ կարեւոր են՝ մեր կուսակցության տեսանկյունից, եւ դրանց ներքո կստորագրեր Հայաստանի մեծամասնությունը: Եվ ենթադրում եմ, որ հենց այդ առաջարկները շրջանառության մեջ դնելու համար նա ներգրավեց նաեւ հարեւան պետությունների պատվիրակներին: Ինչու չէ՝ կարող է նրանք շահագրգռվա՞ծ են, որ Հայաստանում ավելի կայանա ժողովրդավարությունը:

– Իսկ ի՞նչ հիմք ունի այդ ենթադրությունը: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակների ելույթներից դատելով՝ նրանք առավել շահագրգռված են, որ ժողովրդավարության առումով ավելի մեծ խնդիրներ ունեցող իրենց երկիրը դիտվի համեմատաբար շահեկանորեն՝ Հայաստանի ֆոնին:

– Իհարկե, մինչ այժմ ԵԽԽՎ-ում շատ նկատելի են Հայաստանի եւ Ադրբեջանի հակասությունները: Բայց մի օր պիտի կոտրվի՞ դա, պիտի կարողանա՞նք հաղթահարել: Ի վերջո, եթե մենք խոսում ենք տարածաշրջանում համագործակցության, հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, ու նաեւ, որ պիտի մի սեղանի շուրջ, խաղաղ բանակցությունների միջոցով լուծենք այս հարցը, ապա պարտադիր չէ, որ նախագահները միայն մասնակցեն դրան՝ հասարակության ներկայացուցիչներն էլ պիտի գնան մի սեղանի շուրջ իրար լսելու քայլերի: Եթե ԱՄՆ-ն կամ Եվրոպան են կազմակերպում ու մեր երկու երկրների հասարակությունների ներկայացուցիչներին հավաքում մի երրորդ երկրում եւ այնտեղ մտքերի փոխանակում է տեղի ունենում՝ մենք սա ողջունում ենք, հեռուստաեթերով գովազդում: Բայց երբ որ մեր պատգամավորն ինքը քայլ է անում եւ Ադրբեջանի պատգամավորին ներգրավում, որ ստորագրի իր առաջարկների տակ՝ սա համարում ենք գրեթե դավաճանություն:

– Արդյոք տարբերությունն ակնհա՞յտ չէ. Դուք խոսում եք արտաքին քաղաքական խնդիրների մասին, իսկ այժմ խոսքը Հայաստանի ներքին հարցերում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներին դերակատար դարձնելու մասին է: Հիշեցնեմ, որ ամիսներ շարունակ իշխանամետ ԶԼՄ-ները պնդում էին, թե Հայաստանի ընդդիմությունը եւ Ադրբեջանը բնական դաշնակիցներ են, քանի որ նույն խնդիրն ունեն՝ պետության թուլացումը: Արդյոք այսպիսի քայլերն առիթ չե՞ն դառնա՝ հիմնավորելու նման պնդումները:

– Որքան մինչ այժմ էին այդ պնդումներն անհիմն ու անհեթեթ, նույնքան էլ այս քայլն այդ կերպ որակելը կլինի անհեթեթ ու անհիմն:

Իրականում տարբերություն չկա՝ ներքին ու արտաքին քաղաքականությունը մի շղթայի տարբեր օղակներն են, որոնք կապված են միմյանց: Ընդգծում եմ՝ եթե պետություններն ուզում են իրար հետ խնդիրներ լուծել՝ առանց տարբեր մակարդակներում նման շփումների ուղղակի հնարավոր չի լինի դա իրականացնել: Հակառակ կարծրատիպն ամեն մեկս կարիք ունի իր մեջ քանդելու, ջարդելու, փշրելու, քանի որ մենք իրապես խնդիր ունենք տարածաշրջանում խաղաղ գոյատեւելու: Ու Զարուհու այս քայլը շատ համարձակ էր:

– Նաեւ կշռադատվա՞ծ, հաշվարկվա՞ծ էին հետեւանքները:

– Նայած ինչ տեսանկյունից դիտարկես: Հետեւանքները քաղաքական առումով լավ են: Ժամանակավոր է այս վայնասունը: Եվ վստահ եմ, որ Զարուհին գիտեր, որ այսպես է լինելու: Բայց ավելի հեռահար նպատակների առումով շատ կարեւոր էր նրա այս քայլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել