Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնուրույն մտածողներն ու գործողները պակասել են

Հուլիս 04,2009 00:00

Սա ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի կարծիքն է մեր հասարակական-քաղաքական որոշակի շրջանակների մասին:

(սկիզբը՝ «Առավոտի» նախորդ համարում)

– ԵԽԽՎ-ում մեր երկրի մասով ընդունվեց հերթական բանաձեւը՝ 1677-ը, որը կարծում եմ՝ բավականին լուրջ փաստաթուղթ է, եւ հարկ կա, որ մենք ամենայն մանրամասնությամբ այն զննենք, սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ գործեց հայկական տարբերակը՝ մոռացանք գլխավորի մասին եւ սկսեցինք աղմուկ բարձրացնել երկրորդականի շուրջ՝ ինչո՞ւ պետք է թուրքը ստորագրի մեզ վերաբերող փաստաթղթի տակ: Որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ՝ ինչպե՞ս եք գնահատում սա:

– Դուք շատ ճիշտ գնահատեցիք, ես ցավում եմ, որ մեր քաղաքական-գիտական միտքը մինչ այս պահը նման գնահատական չէր տվել, դուք, իրոք, շատ դիպուկ ասացիք՝ թողած բուն բանաձեւը, թողած այն պրոցեսը, որ կատարվում է ԵԽԽՎ-ում, մենք հիմա լծվել ենք Զարուհի Փոստանջյանին ինկվիզիցիայի ենթարկելու գործին: Մի կողմը ինկվիզիցիայի է ենթարկում, մյուսը սրբացնում է: Ես ձեռնպահ կմնամ գնահատականներ տալ, դա իրենց, իրենց խղճի, իրենց խմբակցության խնդիրն է: Կա մեկ ուրիշ հարց՝ պատվիրակության վերադարձից անմիջապես հետո միջադեպը, չգիտես՝ ում թեթեւ ձեռքով, վերածվեց Նաիրա Զոհրաբյան-Զարուհի Փոստանջյան կոնֆլիկտի: Եթերը դրանով էր լեցուն, ընդ որում՝ Նաիրա Զոհրաբյանի դերակատարությունը այս միջադեպում զրո էր, նրա հետ կապված ոչինչ չի եղել: Իհարկե, հաջորդ օրերին Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը իրենց ասելիքն ասացին, եւ կարծես սրանով ամեն ինչ հարթվեց: Բայց կատարվեց մեկ այլ տգեղ բան՝ կարծես հատուկ հրահանգով մի խումբ պատգամավորներ, որոնք, սովորաբար, ինքնուրույն որեւէ բառ ասել ի վիճակի չեն, կարծես մեկ տեղից հրահանգավորվելով՝ էլ ինչ ասես չասեցին Զարուհու մասին։ Մինչդեռ որեւէ դավաճանություն այդ մարդը չի արել, արել է քաղաքական քայլ, որը, գուցե, եւ ճիշտ չէր, բայց նաեւ այդ քայլին իբրեւ գնահատական տրված ձեւակերպումները ճիշտ չէին: Ի վերջո, մեզանում բանավիճային մթնոլորտի բացակայությունը արդեն ծիծաղելի է դարձել: Երբ հրավիրում էինք Գյուլին, այդ նույն մարդիկ հանկարծ մեկ հրահանգով մոռացան, որ իրենք թրքատյաց են եւ մի օրում դարձան գյուլամոլ:

Մարդիկ, որոնք մի քանի տարի առաջ կարգին մարդիկ էին՝ թե ինքնուրույն մտածելու եւ թե գործելու իմաստով, այսօր դարձել են «զինվորիկներից» մեկը, մեր հասարակական-քաղաքական մթնոլորտը ստի եւ կեղծիքի մեջ թաղված է: Դրանով ոչ մի հարց չենք կարող լուծել, Ղարաբաղի հարց չենք լուծի, սահմանը բացելու հարց չենք լուծի: Իսկ ինչո՞ւ պիտի Թուրքիան գնա զիջումների, բացի սահմանը, երբ որ իր դիմաց թույլ Հայաստան է: Թուրքիան կբացի սահմանը միայն ուժեղ Հայաստանի դեպքում, եթե մեր երկիրը դառնա գործոն, սահմանը կբացվի:

– Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը, եթե կասեք, որ սա ճգնաժամ է, ո՞ւմ մեղքով: Իրավիճակը փոխելու որեւէ հեռանկար կա՞:

– Այն, որ քաղաքական դաշտում ճգնաժամ է, միանշանակ է, բայց խորը ճգնաժամ է նաեւ տնտեսության մեջ, խորը ճգնաժամ է հասարակական տրամադրությունների մեջ: Այս առումով այս ամենը շատ ավելի լուրջ է, քան պարզունակ քաղաքական ճգնաժամ ձեւակերպումը: Չի երեւում՝ ինչ խնդիրներ է դնում մեր պետությունը, չենք տեսնում՝ ինչ քայլերով ենք դրանց հասնելու, ի՞նչ ենք ուզում: Հասարակության մեջ որեւէ խնդիր չի ստանում առողջ-տրամաբանական լուծում, գնում է հասարակության կազմալուծում, հասարակությունը օտարանում է, առողջ, մտահոգ զանգվածները մտել են ներքին էմիգրացիայի փուլ, չեն շփվում պետական կառույցների հետ, չեն շփվում քաղաքական կառույցների հետ, չեն նայում հայկական հեռուստաալիքներ, ամեն մեկը իր չափով չի ազդում երկրում ընթացող պրոցեսների վրա: Դա կար նաեւ 5-10 տարի առաջ, բայց անհատականացված էր, եւ հիմա այդ ամենը կատարվում է է զանգվածաբար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել