Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՑԱՆԿԱՑԱԾ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ Է ԱՃՈՂ ՍՏԻ ՀԱՄԱՐ

Հուլիս 04,2009 00:00

Ըստ հոգեբանի՝ գաղտնիք բացահայտողները պարզ հոգի ունեցող մարդիկ են

\"\"«По секрету-всему свету»… Ժողովրդական այս խոսքը թերեւս ծանոթ է բոլորին:

Գաղտնիքներ ունեն բոլորը: Դժվար թե գտնվի այնպիսի մեկը, ով իր կյանքում գաղտնիք ունեցած չլինի… Սովորաբար, երբ մտերիմներիդ գաղտնիք ես վստահում, վերջում միշտ զգուշացնում ես, որ ոչ ոքի չասի, քանի որ դա քո գաղտնիքն է: Իրականում նույն այդ նախազգուշացումը ստիպում է քեզ մտածել, ժամանակ առ ժամանակ հիշել քեզ վստահված գաղտնիքը, կենտրոնանալ դրա վրա, ի վերջո՝ տանջվել: Արդյունքում, օրերից մի օր մեկին բացահայտում ես՝ ազատվելով քեզ տանջող այդ մեծ գաղտնիքից:

Ի՞նչ է գաղտնիքը: Ի՞նչ է այն մարդուն տալիս եւ ինչո՞ւ են մարդիկ հաճախ տանջվում իրենց գաղտնիքների պատճառով: Այս ինչուները մեկնաբանեց հոգեբան Սուսաննա Հակոբյանը: Ըստ որի՝ գաղտնիքը մի երեւույթ է, որն իրականում գոյություն չունի. «Ասում են՝ գաղտնիքը փոքրոգության արդյունք է, մարդկային թուլության չարիք»: Հոգեբանի ձեւակերպմամբ, գաղտնիքը ոմանց համար մտքերն արտահայտելու միջոց է, իսկ մյուսների համար՝ մտքերը քողարկելու հզոր զենք. «Եթե անձի մտավոր, մարմնական հատկանիշները համապատասխանում են հոգեկան հատկանիշներին, ապա անխուսափելիորեն մարդը հավասարակշռված է, պարզ, ազատ, անկաշկանդ, ճշմարիտ»: Հոգեբանը համոզված է՝ ով էլ իրեն լավ տնտղի, կհամոզվի, որ իր ամենանվիրական ցանկություններն ու հույսերը ծնվում ու սնվում են մեծ մասամբ ի հաշիվ որեւէ մեկի գաղտնիքի. «Գրական կերպարներից, ազգային հերոսներից, մեզ շրջապատող մարդկանցից տեսնում ենք, թե որքան ծանր խայտառակություններով, երբեմն՝ սոսկալի տանջանքներով, հոգու արիությամբ, համառությամբ են պահպանվել այս կամ այն գաղտնիքները»:

Գաղտնիքները բացահայտող մարդկանց մասին մեր զրուցակիցն ասաց. «Գաղտնիք բացահայտողները պարզ հոգի ունեցող մարդիկ են: Երբեմն մարդը, հոգեւոր պարզությունից դրդված, պատմում է իրեն հայտնի ողջ ճշմարտությունը: Հենց այստեղից պետք է հասկանալ այն հակասությունները, որ ստեղծվում են գաղտնիքի եւ գաղտնապահության շուրջ»:

Ըստ հոգեբանի, գաղտնիք պահելու համար անհրաժեշտ է ունենալ բնավորության հատուկ ընդգծված գիծ. «Գաղտնապահությունը ուժեղ կամային հատկություն է»:

Հարցին, թե ո՞ր տարիքից է մարդ սկսում գաղտնիքներ ունենալ, Ս.Հակոբյանը պարզաբանեց. «Գաղտնիք իմանալու, պահելու մասին մեզ դեռ մանկուց են սովորեցնում: Օրինակ՝ մենք միշտ երեխաներին սովորեցնում ենք ատել արատները, ջանք չենք խնայում, որ նրանք տեսնեն, թե որքան այլանդակ են դրանք: Սովորեցնում ենք խույս տալ արատներից ոչ միայն գործով, այլեւ սրտով: Հարկ է, որ դրանց վերաբերյալ միտքն իսկ ատելի լինի նրանց: Ցանկացած խաբեության նկատմամբ ծայրահեղ զզվանք տածելով՝ սովորեցնում ենք երեխաներին գաղտնապահության, ծանոթացնում գաղտնիքին: Իսկ հետո տարիներ շարունակ փորձում ենք մեր իսկ դաստիարակած երեխաներին ազատել «ստի» ճիրաններից»:

Հոգեբանը փաստում է, որ մեծ մասամբ գաղտնիքները ծնվում են ստի հողի վրա. «Ցանկացած գաղտնիք պարարտ հող է փարթամ աճող ստի համար: Ցանկացած գաղտնիք կարող է մեծ կեղծիքի տեղիք տալ: Հնարավո՞ր է, արդյոք, առավել զարմանալի որեւէ բան, քան այն, ինչին մենք մշտապես ականատես ենք լինում»: Չնայած, հոգեբանի ասելով, մարդը դեռ մանկուց է «ծանոթանում» գաղտնիքին, այնուամենայնիվ, գաղտնիքը ավելորդ ծանրություն է մարդու կյանքում. «Ծնված օրից մարդը պետք է ենթարկվի այնպիսի օրենքների, որոնք միշտ հանելուկ են եղել նրա համար: Իսկ տնտեսական գործերով ամուսնության, նվիրատվության, կտակի, առուծախի մեջ գաղտնիքներով առաջնորդվելը ուղղակի բարդացնում է կյանքը: 21-րդ դարում մարդկային բանականությունը դարձել է առեւտրի առարկա, իսկ գաղտնիքը՝ շուկայական ապրանք: Համաշխարհայնացման այս վիթխարի գործընթացը՝ բազմապատիկ մեծացրած նրանց կողմից, ովքեր այն դիտում են որպես տեսակ՝ կառքի ներսում այն հայելին է, որի մեջ մենք պետք է նայենք՝ ինքներս մեզ մինչեւ վերջ ճանաչելու համար: Պետք է ներհայեցողության միջոցով գանք ինքնաճանաչման, փորձենք լինել ազնիվ միմյանց նկատմամբ, վստահել մեկս մյուսին, ինչն էլ իր հերթին կհեշտացնի փոխհարաբերությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել