Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԸ՝ ԱՎԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիս 04,2009 00:00

ՀԳՄ նախագահի ընտրության նախօրեին «Հայելի» ակումբում բանավիճում էին երիտասարդ գրողները. ով է ավելի արժանավոր թեկնածու՝ գործող նախագահ Լ. Անանյանը, թե՞ գրող Ռ. Դավոյանը: Երիտասարդ գրող Վահե Արսենն ընտրություններին կմասնակցի ու իր ձայնը կտա գործող նախագահին. «Եթե գրական դաշտում լիներ մի երրորդ ավելի արժանավոր թեկնածու, ձայնս առանց հապաղելու կտայի նրան, բայց հիմա Լեւոն Անանյանից ավելի արժանավորին չեմ տեսնում»: Վահեի կարծիքը կիսում էր նաեւ Արքեմնիկ Նիկողոսյանը. «Ես հարգում եմ Ռ. Դավոյանին, բայց նրան նախագահի լավագույն թեկնածու չեմ տեսնում»: Միքայել Աբաջանցը չհամաձայնեց գործընկերների հետ՝ ասելով, որ Անանյանը միայն խառնաշփոթ է ստեղծում միությունում. «ՀԳՄ բոլոր անտաղանդ ստեղծագործողները Լ. Անանյանի հովանավորության տակ են, եւ միայն նրանք են լավագույնը ճանաչվում ու արժանանում մրցանակների»,- ասաց Մ. Աբաջանցը: Թե ովքեր ու քանիսն են մրցանակի արժանացած ու անտաղանդ գրողները՝ նա դժվարացավ մտաբերել: Վահե Արսենի խոսքով, չնայած ինքը երբեւէ չի արժանացել մրցանակի, բայց տեսնում է երիտասարդ ստեղծագործողների մեծ բանակ ու համոզված է՝ բոլորին էլ մի օր մրցանակի հերթը կհասնի: Ա. Նիկողոսյանն էլ համոզված է՝ նույնիսկ լավագույնն էլ արժանանա մրցանակի, միշտ էլ դժգոհողներ կլինեն: Նա չկարողացավ հիշել գրական որեւէ հավաք, որը ամբողջովին նվիրված լիներ գրական խնդիրներին կամ ստեղծագործական շրջանն ամփոփեր. աթոռակռվի պայքարը յուրաքանչյուր հավաքի անբաժան մասն է եղել: Վ. Արսենի կարծիքով էլ, նախագահի թեկնածության համար պայքարում են նրանք, ովքեր այլեւս գրական դաշտում ոչինչ չունեն անելու, սպառել են իրենց ասելիքը: Բանախոսները համաձայն էին միայն մի հարցում. տիրող իրավիճակը ոչ միայն չի խանգարում, այլեւ նպաստում է գրողների ստեղծագործելուն. հանդիպման վերջում էլ լավատեսորեն ասացին, որ ամենաուշը այս աշնանը կավարտվեն բոլոր տարաձայնությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել