Լրահոս
Օրվա լրահոսը

15 ՏԱՐԻ ՀԵՏՈ

Հուլիս 07,2009 00:00

1994 թվականն էր, ամիսը չեմ հիշում: Արցախից զինվորական մի ընկերոջս հետ եկել էինք Երեւան ինչ-որ անձնական գործով եւ միայն 3 օրվա թույլտվություն ունեինք մեր ծառայած զորամասից բացակայելու համար:

Վերադարձին Արշակունյաց պողոտայի սկզբնամասում կանգնած ցիստեռնից կանիստրներով ծախվող բենզին էինք գնում, երբ ինձ մոտեցավ մեր խոսակցությունը լսած մի տիկին ու հարցրեց՝ «Որտեղի՞ց եք»: «Ֆրանսիայից էլ, Մարտակերտից էլ»,- պատասխանեցի: Նա իմ արեւմտահայերեն հնչող լեզվիս վրա զարմանալով էր արդեն մեզ մոտեցել ու կատակով, «երբ Ղարաբաղի բարբառով էլ համեմվում է, շատ քաղցր էր հնչում, ակամայից ձեզ ականջալուր եղա»,- խոստովանելով՝ ներողություն խնդրեց, մեզ առաջարկելով դիմացի Մամուլի շենքում իր աշխատած օրաթերթի գրասենյակ բարձրանալով՝ կարճ հարցազրույց տալ, ինչին ընդառաջ գնացինք:

Առաջին անգամ էր, որ նոր հիմնադրված «Առավոտ» թերթի խմբագրություն էի այցելում եւ լրագրողուհի տիկին Հրաչուհի Փալանդուզյանն ինձ հետ արցախյան ազատամարտին վերաբերող հարցազրույց արեց, որի վերնագիրը, շատ հետո իմացա, որ իմ խոսքերից վերցված մի նախադասություն էր՝ «Ամաչում էի եւ այդ պատճառով էլ Արցախ գնացի»:

Այդ օրից 15 տարի է անցել, իսկ ես երկար ժամանակ է արդեն «Վարդաշեն» ՔԿՀ-ում եմ գտնվում, հայրենի «ամենաարդար» դատարանի կողմից 3,5 տարվա ազատազրկման դատապարտվածի կարգավիճակով: Հունիսի 19-ին ԱԺ կողմից համաներման մասին օրենք են ընդունել, եւ, ըստ իմ փաստաբանի, այդ ակտը արցախյան ազատամարտին մասնակից լինելու հանգամանքով անձամբ ինձ վրա էլ է տարածվում, որի հիմքով անհապաղ պետք էր ինձ ազատ արձակեին:

Սակայն «պարզվում» է, որ ամբողջ Արցախի արխիվներում ինձ ման եկող «պետական-պաշտոնական ատյաններին չի հաջողվում իմ մասին տվյալ ստանալ», երբ իմ քրեական գործում առկա նյութերում, միայն ըստ ԼՂՀ պետական մարմնի բնութագրման, սեւը սպիտակի վրա նշվել է թե ժամանակին իմ ծառայած զորամասի համարը, թե ինձ կցված զենքերի համարները եւ թե ԼՂՀ ՊՆ գեներալ Սամվել Բաբայանի կողմից ինձ որպես պարգեւատրում տրված մարտական ատրճանակի մասին տեղեկություններ:

Արցախյան ազատամարտի տարիներին ինձ ոչ ոք «ման չէր եկել», որ տեղս իմանա, քանի որ ես իբրեւ սփյուռքահայ՝ կամովին ինքս եմ որոշել գնալ պատերազմ ու ներկայացել համապատասխան գործով զբաղվող գործիչներին:

Ինձ՝ իմ ունեցած առաջին զինվորական գրքույկն այդ ժամանակ Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի ղեկավար հանդիսացող Սերժիկ Սարգսյանն է տվել դեռ 1992 թվականի մարտ ամսվա սկզբներին:

Դրան հետեւել է նաեւ Պետական պաշտպանության կոմիտեի հատուկ հրամանով միայն սփյուռքահայերին տրված «Ադրբեջանական ՍՍՌ» երկլեզու անձնագրեր՝ ԼՂԻՄ-ի կնիքներով «օրինականացված», որ եթե զոհվելու լինենք, թշնամին չիմանա մեր «սփյուռքահայ» լինելու մեղքը եւ աշխարհով մեկ չգոռգոռա, թե «տեսեք, դրսից վարձկաններ են գալիս իրենց դեմ կռվելու համար»: Այդ անձնագրով ես, բնականաբար, ոչ իմ իսկական անուն-ազգանունով էի գրվել, ծնունդով Արցախի մի գյուղից, այսինքն՝ տեղաբնիկ ԽՍՀՄ քաղաքացի, եւ հավանաբար ճակատագրի հեգնանք է, որ այդ սովետական անձնագիրն ինձ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր տվել:

Այժմ ԼՂՀ նախագահ հանդիսացող Բակո Սահակյանին ես բանակում եմ ճանաչել ու պատերազմի տարիներին եթե ոչ յուրաքանչյուր օր, ապա գոնե շաբաթը մեկ-երկու անգամ Ստեփանակերտի շտաբում հանդիպել, զրուցել ենք, նա այդ ժամանակ ինձպեսներով «հպարտանում» էր, կարծում եմ, որոնք իր իսկ բառերով ասած՝ «սփյուռքում իրենց տաքուկ ու փափուկ, ապահով կյանքը թողած, եկել-հասել են Արցախ, որպեսզի իրենց հայրենակիցների գոյամարտին մասնակցեն»:

Իմ գտնված Շահումյան, ապա Մարտակերտի շրջանի նախկին ազատամարտիկներն ինչ-որ «Վետերանների միություն» ունեն, որի նախագահը հենց իմ մարտական ընկերն է, «Ազատագրական բանակի» արցախյան ճակատի հրամանատարը: Ինչպես այդ տարիներին, այդպես էլ հիմա, Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերում, Ստեփանակերտ, Շուշի եւ Բերձորում ապրող տասնյակ հայորդիներից բաղկացած ու պատերազմի դաժան տարիները միասնաբար անցկացրած շատ ընկերներ ունեմ: Նրանք կան, ապրում, շնչում, արարում, բազմանում են… բոլորն էլ կենդանի մարդ արարածներ են, մեր չքնաղ Արցախ աշխարհի իսկական տերն ու տիրականները:

Ահա այս վիճակում է, որ Արցախից պահանջված տեղեկանքը, կներեք՝ «սպրավկան» արդեն երկու շաբաթ է՝ Երեւան չի հասնում: Ինչ կարող եմ ասել, երբ մարդկային ողբերգությունը անսահման է, սակայն ցանկանում եմ 15 տարի հետո «Առավոտ» օրաթերթի միջոցով արտահայտել իմ զգացումները եւ այս անգամ արդեն հարցման նշանով բարձրաձայն խոստովանեմ, որ «ի՞նչ, ամաչեմ, որ Արցախ եմ գնացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել