Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթայի երգը՝ Ադրբեջանում

Հուլիս 07,2009 00:00

Ադրբեջանցիներն այս փաստը խիստ ցավագին են ընդունում եւ նմանատիպ սկավառակների տարածումը համարում են դիվերսիա Ադրբեջանի դեմ. ընդ որում՝ այսպիսի կարծիք է հնչում պետական բարձր պաշտոնյաների մակարդակով:

Խոսքը Թաթա Սիմոնյանի եւ Անատոլի Դնեպրովի հայտնի «Հայաստան» երգի մասին է, որ տեղ է գտել «Ռուսական լավագույն երգեր» ժողովածուի մեջ, իսկ ադրբեջանական day.az կայքի ընթերցողներից մեկն էլ հանկարծ հայտնաբերել է, որ երգի կեսը հայերեն է հնչում, այն էլ՝ Հայաստանի մասին ու հայրենասիրական մի երգ: Եվ հասկացել է, որ դա լուրջ վտանգ է Ադրբեջանի համար՝ ազգային անվտանգության տեսանկյունից: Հայրենասեր ադրբեջանցին շտապել է նամակ գրել խմբագրություն, որպեսզի պետական մակարդակով միջամտություն ցուցաբերվի ու «վտանգը» կասեցվի:

Հիշյալ լրատվամիջոցը մեկնաբանության խնդրանքով դիմել է նախ իրենց մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, որտեղ հայտնել են, որ նման հարցերով զբաղվող բաժին չունեն, սակայն հարցի կապակցությամբ մտահոգություն են հայտնել, իսկ նախարարության մամուլի ծառայությունից սկավառակների վաճառքով զբաղվող ընկերությունների հասցեին ասել են. «Եթե ինչ-որ մեկն այդքան շատ է կարոտում հայկական երգերը եւ ուզում է լսել, թող գնա Հայաստան եւ այնտեղ լսի: Նման սկավառակների վաճառքը Բաքվում՝ Ադրբեջանի դեմ է ուղղված»:

Հարցին անդրադարձել է նաեւ «Յենի Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն: Նա կարծում է, որ հայկական երգերով սկավառակների տարածումը դիվերսիա է Ադրբեջանի դեմ. «Ո՞վ իմանա, եթե թարգմանենք այդ երգը, գուցե տեսնենք, որ այնտեղ գովերգվում է նրանց «մորուքավորների հերոսությունը»:

Պատգամավորը հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները կգտնեն նման սկավառակների տարածման աղբյուրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել