Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՐԱԲՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՄԻԵԴ-ՈՒՄ Է

Հուլիս 10,2009 00:00

\"\"Այդ համատեքստում հոլովվում է հայտնի «կոստոլոմշչիկ» ոստիկան Աշոտ Կարապետյանի անունը

Այս օրերին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քննարկվում է ՀԺԿ նախկին անդամ, 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի բողոքը: Հիշեցնենք, որ 2004թ. ապրիլի 12-ի դեպքերից օրեր անց՝ ապրիլի 23-ին, Արտաշատի ոստիկանության աշխատակիցները ներխուժել էին Գ. Վիրաբյանի տուն եւ որպես ընդդիմության հանրահավաքներին մասնակցողի տարել էին ոստիկանատուն, որտեղ հինգ ժամ ծեծել-խոշտանգելուց հետո տեղափոխել էին մեկուսարան ու միայն հաջորդ օրը գրեթե անգիտակից վիճակում գտնվող Վիրաբյանին շտապօգնության մեքենայով տարել էին հիվանդանոց: Բժիշկները նրան վիրահատել էին՝ հեռացնելով ձախ ամորձին, վնասված էր եղել նաեւ նրա ձախ կողը: Ծեծողներից մեկը, ի դեպ, ով բանալու խրձով ու ոտքերով հարվածներ էր տեղացել Վիրաբյանի վրա՝ գոտկատեղից ցածր հատվածում, եղել էր այն ժամանակ Արտաշատի ոստիկանության բաժնի այն ժամանակ օպերգծով տեղակալ, իսկ այսօր Երեւանի Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը: Գ. Վիրաբյանին մի լավ ծեծելուց եւ պատասխան մի հարված ստանալուց հետո ոստիկանները նրան տարել էին Ա. Կարապետյանի աշխատասենյակ: «Հենց ներս մտավ, թքեց վրաս՝ «բոմժե՛ր, ի՞նչ եք ուզում, էս երկիրը, մեկ է, չեք կարող փոխել»: Տեսավ, որ բոթասներով եմ, կրունկներով սկսեց խփել մատներիս, բոլորին դուրս հանեց, ինքը մենակ էր: Ես իրեն զգուշացրի, որ կողքիս չխփի: Սկսեց կողքիս խփել։ Ձեռքին սեյֆի մեծ բանալի կար, դրանով էր խփում կողքիս, ոտքերիս արանքին: Տեսավ, որ խփելուց բռնում եմ, կանչեց տղաներին, ասաց՝ ձեռնաշղթա հագցրեք: Հետեւի կողմից ձեռնաշղթաներ հագցրին՝ պինդ սեղմելով»:

Այսքանից հետո, ինչպես այս օրերին ընդդիմության համակիր երիտասարդներին ծեծի ենթարկելու դեպքում է, 2004-ին էլ իրավապահները մեղադրանք էին առաջադրել ոչ թե «կոստոլոմշչիկ» ոստիկաններին, այդ թվում՝ Ա. Կարապետյանին, այլ՝ հենց միջին ծանրության մարմնական վնասվածքներ ստացած Վիրաբյանին: Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, իսկ ահա նրա բողոքներն ու միջնորդությունը՝ գործ հարուցել իրեն ծեծողների՝ Արտաշատի ոստիկանության աշխատակիցների դեմ, մերժվել էր: Թեեւ նրան խոշտանգելու փաստը հաստատված էր, բայց այդ ոստիկանների, այդ թվում՝ Ա. Կարապետյանի նկատմամբ ծառայողական քննություն էլ չէր նշանակվել: Վիրաբյանի միջնորդությունը մերժվել էր՝ որակվելով անհիմն՝ այն պատճառաբանությամբ, թե իբր Գ. Վիրաբյանի նկատմամբ հարուցված գործի նախաքննության ընթացքում «քննվել են նաեւ ոստիկանների գործողությունները, եւ չի հայտնաբերվել նրանց կողմից պաշտոնական լիազորությունների սահմանազանցման հանգամանք»: Պարզվել էր, որ ոստիկանները ընդամենը «ինքնապաշտպանվել» են: Ընդունեք, որ սա մեր հասարակությանը շատ ծանոթ պատկեր է, ոնց որ՝ «դեժա վյու»: Հետագա ամիսներին Գ. Վիրաբյանը փորձել էր Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում վիճարկել ոչ միայն այս, այլեւ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իր նկատմամբ գործը կարճելու մասին: Հիշեցնենք, որ նրան առաջադրված մեղադրանքը դեռ նախաքննության փուլում էր կարճվել՝ այն հիմքով, թե՝ նա «իր զրկանքների գնով քավել է մեղքը», մինչդեռ Վիրաբյանը պահանջում էր գործը կարճել կա՛մ հանցակազմի բացակայության պատճառով, կա՛մ ուղարկել դատարան, որտեղ հնարավոր կլինի հասնել արդարացման դատավճռի:

Ինչպես վերն ասացինք, հիմա Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գ. Վիրաբյանի գործը քննվում է ՄԻ Եվրոպական դատարանում:

2008թ. սեպտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ը 20 էջանոց նամակով դիմել էր ՀՀ կառավարությանը՝ խնդրո առարկայի շուրջ, մասնավորապես՝ նաեւ Գ. Վիրաբյանին խոշտանգումների ենթարկած ոստիկանների նկատմամբ գործ չհարուցելու հարցերով պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: ՄԻԵԴ-ի այդ նամակում «Փաստերի հաստատում» բաժնում շատ մանրամասնորեն նկարագրված է այն ամենը, ինչ կատարվել է Գ. Վիրաբյանի հետ, եւ այդ հատվածում, որը կազմում է նամակի առյուծի բաժինը, կարմիր թելի պես անցնում է նաեւ Աշոտ Կարապետյանի անունը՝ որպես խոշտանգող ոստիկաններից մեկի:

Գ. Վիրաբյանի շահերի ներկայացուցիչները ՄԻԵԴ-ին ուղղված իրենց բողոքում շեշտել են, որ իրենց վստահորդի նկատմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի մի շարք հիմնարար դրույթներ, օրինակ՝ 3-րդ, 8-րդ եւ 13-րդ հոդվածները: Որպես այդ դրույթների խախտման փաստեր՝ նշված է այն, որ Արտաշատի ոստիկանությունում Գ. Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգումների, եւ որ իշխանությունները արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել այդ փաստերը քննելու համար, որ նա ձերբակալվել է իր քաղաքական հայացքների համար, որ 2004թ. ապրիլի 23-ին Գ. Վիրաբյանի ձերբակալությունը տեղի է ունեցել առանց հիմնավոր փաստերի, որ խախտվել են Կոնվենցիայի 6-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը՝ քր. գործը կարճվել է առանց դատարան մտնելու եւ բաց դատավարության եւ այլն: Ընդհանուր առմամբ, Գ. Վիրաբյանի շահերի ներկայացուցիչների համոզմամբ, նրա նկատմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 3, 5, 6/1 եւ 6/2, 8, 10, 11 եւ 14 հոդվածների դրույթները:

ՄԻԵԴ-ը այդ բողոքների հիման վրա դիմել է ՀՀ կառավարությանը՝ պարզաբանումներ ստանալու, մասնավորապես, հետեւյալի առնչությամբ. Գ. Վիրաբյանը սահմանված 6 ամիսների ընթացքում բողոքարկե՞լ է իր գործի առնչությամբ դատարանների կայացրած որոշումները, Գ. Վիրաբյանը 2004թ. ապրիլի 23-24-ին Արտաշատի ոստիկանությունում ենթարկվե՞լ է ծեծի, իշխանությունները արդյունավետ ի՞նչ միջոցներ են իրականացրել նրա նկատմամբ դաժան վերաբերմունքը հետաքննելու համար, նրա նկատմամբ հետապնդումը պայմանավորվա՞ծ է եղել իր քաղաքական հայացքներով, ի՞նչ հիմքերով է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատարանը կարճել Գ. Վիրաբյանի նկատմամբ քրգործը:

ՄԻԵԴ-ում Գ. Վիրաբյանի շահերի պաշտպան, «Ֆորում» իրավական կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը երեկ «Առավոտի» հետ զրույցում դժվարացավ ասել, թե արդյոք ՄԻԵԴ-ՀՀ կառավարություն գրագրությունն ավարտվա՞ծ է, որովհետեւ դրանք կարող են շարունակական լինել, եւ ՀՀ կառավարության պատասխանների առնչությամբ հնարավոր է, որ նոր հարցադրումներ ուղղվեն նաեւ Գ. Վիրաբյանի շահերի ներկայացուցիչներին: Միայն հարցի քննարկման ավարտից հետո ԵԴ-ն որոշում կկայացնի գործը վարույթ ընդունել-չընդունելու մասին, թեեւ այն, որ գործը դարձել է քննարկման առարկա եւ չի մերժվել, նշանակում է, որ այդ գործը ԵԴ-ն, ամենայն հավանականությամբ, վարույթ կվերցնի: Համենայնդեպս, ըստ Տ. Տեր-Եսայանի, բողոքում մատնանշված փաստերի առնչությամբ ՄԻԵԴ-ում արդեն շահած գործ կա: Խոսքը վերաբերում է մեկ այլ ՀԺԿ-ականի՝ Լավրենտի Կիրակոսյանի գործին:

Ի դեպ, այսօրինակ գործերով զբաղվող փաստաբանները պնդում են, որ Գ. Վիրաբյանի գործը ՄԻԵԴ-ում «շահող» գործ է, որի արդյունքում ՀՀ իշխանությունները պետք է որ լուրջ հետեւություններ անեն Աշոտ Կարապետյանի նման ոստիկաններին համակարգում պահելու հարցում: Ընդ որում, ՄԻԵԴ-ի հետ առնչություններ ունեցած փաստաբանների մատուցմամբ, հնարավոր է, որ այդ գործը շահելու դեպքում մի դիմում էլ ներկայացվեն եվրոպական պետություններին՝ Աշոտ Կարապետյանին եվրոպական երկրների մուտքի վիզայից զրկելու պահանջով:

Իսկ առայժմ Կենտրոնի ոստիկանապետ Ա. Կարապետյանը, որ Արտաշատի դեպքից հետո ոչ միայն չպատժվեց, այլեւ պաշտոնի առաջխաղացում ունեցավ, շարունակում է մնալ հայրենի իրավապահների «դեմքն» ու «խիղճը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել