Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏԱԽՈՍ ԶՐՊԱՐՏԻՉ ԵՔ»

Հուլիս 28,2009 00:00

«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նամակով դիմել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ հուլիսի 24-ի ասուլիսում նրա այն պնդման կապակցությամբ, թե 1992-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրել է Նախարարների կոմիտեի փաստաթղթի տակ, որում գրված էր՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է: «Ասուլիսի ժամանակ արցախյան հիմնահարցում «կոնկրետություն» հայցեցիք քաղաքական ուժերից ու գործիչներից: Կոնկրետ՝ Դուք ստախոս զրպարտիչ եք,- նամակում գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:- Հանրային  իմ ծառայության ողջ ընթացքում, այդ թվում 1992թ., ցույց տվեք թեկուզ մի փաստաթուղթ, պարբերություն, նախադասություն կամ գեթ մեկ տող, որտեղ Արցախի ինքնիշխանության, անկախության, ապագաղութացման ու ինքնորոշման իմ ի սկզբանե դավանած հավատո հանգանակին հակառակ ստորագրել եմ կամ քվեարկել: Ձեզ օգնեմ, թեեւ Դուք լավ գիտեք. նման բան գոյություն չունի»: 

Նա նաեւ Գալուստ Սահակյանին առաջարկել է բացահայտել, թե «Դուք կոնկրետ ինչ էիք անում՝ քաղաքականորեն եւ անձնական հաշվով, երբ ես, որպես ԱԳ նախարար, ապաեւ շարքային քաղաքացի՝ տեւապես հիմնավորում էի ԼՂՀ ճանաչման հրատապ հրամայականը, եւ կոնկրետ՝ գործարքի մեջ մտնելով բոլոր ժամանակների իշխանավորների հետ, ահա այսօր ուր եք հասցրել բյուրեղյա մարդկանց այդ քաղաքականությունը, ձեռքի հետ էլ՝ օգուտներն անհատական: Իսկ Դուք դեռ խոսում եք սկզբունքներից, պատասխանատվությունից: Ձեր հերթական այս կեղտոտ հերյուրանքը կարող  էի արժանացնել նույն այն լռելյայն պատասխանին, որով՝ հարգելով Ձեր տարիքն ու փորձը, վերաբերել եմ Ձեր կատարած նախորդ բոլոր ստահոդ ու կեղծավոր հայտարարություններին: Չուզենալով Ձեզ հասցնել որեւէ անձնական ցավ կամ վիրավորանք, ոչ էլ Ձեզ համեմատել մեզանում զգալի տարածում գտած անամոթաբար ստեր մոգոնող պաշտոնյաների, գործիչների, կուսակցապետերի, հեռուստատերերի, հաղորդավարների, խմբագիրների ու տարատեսակ վարձու գրչակների հետ, պարզապես լռել եմ: Եվ՝ իզուր: Դուք արդեն պատկանում եք նույն այդ դասին: Ես Ձեզ եւ Ձեր նմաններից պահանջ չունեմ եւ չեմ էլ կարող ունենալ: Ամոթ եմ զգում Ձեզ համար, եւ նրա համար, որ մեր երկրի «իշխող» կուսակցությունն ու խմբակցությունը ղեկավարման նման որակ է ապահովում: Սրանից դատելով՝ արդեն տեսանելի են իշխանության գործունեության կեղծ հիմքերը, ինչպեսեւ, ցավոք, պետության իրական վիճակը»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել