Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Հուլիս 30,2009 00:00

\"\"

Դատապարտյալ Սիլվա Ասատրյանը հաղթեց Սահմանադրական դատարանում

Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Սիլվա Ասատրյանը վճռաբեկ բողոք էր բերել ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավճռի դեմ, որով դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ ԱԺ պատգամավոր, հանրապետական Մելիք Գասպարյանի մահափորձը պատվիրելու համար:

Ս. Ասատրյանը գտնում էր, որ իրեն անհիմն են դատապարտում, ինքն անմեղ է, պետք է արդարացվի, դատարանը խեղաթյուրել է ապացույցները եւ չի գնահատել իրեն արդարացնող ապացույցները, որոնք գործի նյութերում բազմաթիվ են ու անհերքելի: Բացի այդ, դատարանի դատավճռով պատասխանատվությունը խստացնող եւ իր վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ էր տրվել, ինչպես նաեւ դատարանը մերժել էր այն վկաներին դատարան հարցաքննության հրավիրելը, որոնց ցուցմունքով եւս կհաստատվեր իր անմեղությունը:

Նշված հիմքերով Ս.Ասատրյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը վճռաբեկ բողոք էր բերել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ.դեկտեմբերի 15-ի որոշմամբ առանց պատճառաբանության վերադարձվել է, թեեւ վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լիներ պատճառաբանված:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան, խնդրելով ՀՀ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներին հակասող ճանաչել վճռաբեկ դատարանի կիրառած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի 2.1-րդ մասի՝ «Սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված» դրույթը:

Չնայած դատական դեպարտամենտը եզրակացություն էր տվել, թե գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ Ազգային ժողովն էլ գտել էր, որ դիմումը պետք է մերժվի եւ վիճարկվող նորմը համապատասխանում է Սահմանադրությանը, ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. հուլիսի 28-ի որոշումով փաստաբան Կարեն Մեժլումյանի դիմումը բավարարվեց եւ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներին հակասող ճանաչվեց վիճարկվող դրույթը:

«Առավոտի» հարցին, թե «Ի՞նչ կտա սահմանադրական դատարանում Ասատրյանի հաղթանակը», նրա պաշտպանը պատասխանեց. «Այժմ Ս. Ասատրյանը հնարավորություն ստացավ նոր հանգամանքի հիմքով կրկին դիմելու ՀՀ վճռաբեկ դատարան, ինչը կանենք առաջիկա օրերին»:

Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց նաեւ, որ նշված գործով Սիլվա Ասատրյանի անունից երկու դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնցից մեկն արդեն իսկ վարույթ է ընդունվել, կառավարության հետ հարց ու պատասխանի փուլն անցել է, եւ առաջիկայում սպասվում է եվրոպական դատարանի դրական որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել