Լրահոս
Օրվա լրահոսը

Նախշեր՝ ջրի հայելու վրա

Օգոստոս 01,2009 00:00

\"\"\"\"
\"\"
\"\"\"\"
\"\"

Եթե երբեւէ որոշելու լինեն աշխարհի ամենագեղեցիկ մարզաձեւերի լավագույն տասնյակը, գեղալողն, անկասկած, առաջին եռյակում իր արժանի տեղը կունենա:

Գեղալողը մարզաձեւ է, որում մարզուհիները երաժշտության հնչյունների ուղեկցությամբ ջրում տարբեր նախշեր եւ պատկերներ են «գործում»: Եթե կատարողը բարձրակարգ վարպետ է, առաջին հայացքից թվում է, թե ամեն բան արվում է թեթեւ ու անկաշկանդ: Բայց իրականում ամեն ինչ անչափ դժվար է ու բարդ: Լողորդուհիները ֆիզիկական լուրջ ծանրաբեռնվածությունների են ենթարկվում, որի համար արտակարգ դիմացկունություն է անհրաժեշտ: Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչպես կարելի է մի քանի րոպե գլխիվայր վիճակում ընկղմված մնալ ջրի մեջ ու միմյանց հաջորդող պատկերներ ու նախշեր «նկարել»:

Գեղալողն իր նրբություններն ունի: Այդ թվում նաեւ՝ օժանդակ պարագաներն ու սարքավորումները: Օրինակ, մարզուհիները քթին հատուկ սեղմակ են դնում, որպեսզի ջուրը չներթափանցի թոքեր, մազերի եւ դեմքի համար օգտագործում են այնպիսի կոսմետիկ նյութեր, որոնք ջրի մեջ ոչ մի պարագայում չեն լուծվում ու պահպանում են սանրվածքը: Շատ մեծ կարեւորություն ունեն նաեւ ջրի խորքում տեղադրված բարձրախոսները, որոնք մարզուհիներին օգնում են շարժումներն առավելագույն չափով ներդաշնակեցնել:

Գեղալողը ի հայտ է եկել 1920 թվականին՝ Կանադայում, եւ կոչվել է «Բալետ՝ ջրում»: Հետաքրքիր է, որ մարզաձեւի հիմնադիրները եղել են տղամարդիկ, եւ հետագայում է այն զուտ կանանց մարզաձեւ դարձել: Հաջորդ տասնամյակում այն լայն տարածում է ստացել ԱՄՆ-ում:

1948 թվականին գեղալողը մուտք է գործել օլիմպիական խաղեր, բայց սկզբում՝ ցուցադրական մարզաձեւի կարգավիճակով, իսկ օլիմպիական գրանցում ստացել է միայն 1984 թվականին՝ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել