Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաբանության դասագրքերը ենթակա են գրագետ փոփոխության

Օգոստոս 07,2009 00:00

«Էվոլյուցիոն տեսությունն օժտվտած է եւս մեկ հետաքրքիր հատկությամբ՝ յուրաքանչյուր ոք կարծում է, թե հասկանում է այն»,- ասել է

Նոբելյան մրցանակակիր, կենսաբան Ժակոբ Մոնոն:

Սա իմ առաջին փորձն է հեղինակավոր թերթի էջերում պատասխանել կրեացոնիստի (հայերեն լեզվի ջատագովների համար՝ արարչագործության կողմնակցի) կողմից հնչեցված կարծիքին։ «Առավոտ» օրաթերթի 31.07.09թ. համարում լույս է տեսել կ.գ.թ. Լ. Սարգսյանի «Կենսաբանության դասագիրքը ենթակա է փոփոխության» հոդվածը, որում հեղինակը անդրադառնում է շատ արդիական հարցի՝ դասագրքերի բովանդակային փոփոխությանը։ Բնագիտությունը՝ հատկապես կենսաբանությունը, քարացած գիտություն չէ, այն գիտության ամենաերիտասարդ եւ արագ զարգացող ուղղություններից մեկն է, հետեւաբար դպրոցական եւ բուհական ձեռնարկները միշտ ենթակա են վերատպման եւ հաճախ՝ փոփոխության։ Սակայն բնագիտության մեջ կան հիմնարար սկզբունքներ, տեսություններ, աքսիոմներ, որոնց վրա կառուցված է տվյալ ուղղությունը, եւ դրանց դասավանդումը անհրաժեշտ է անկախ նրանից՝ ապրում եք դուք խորհրդային համակարգում, ձեզ համարում եք սոցիալիստ, լիբերալիստ, թե այլմոլորակային։

Գիտության մեջ նման սկզբունքները շատ չեն. եթե մաթեմատիկայի համար դրանք մաթեմատիկական պոստուլատներն են, ֆիզիկայի համար՝ Նյուտոնի մեխանիկայի օրենքները եւ Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր ու մասնավոր տեսությունները, ապա կենսաբանության մեջ դա էվոլյուցիոն տեսությունն է։ Էվոլյուցիոն տեսության հիմքում ընկած է Չարզ Դարվինի (որի ծննդյան 200-ամյակն է նշում այս տարի ամբողջ գիտական աշխարհը) աշխատանքը, համաձայն որի՝ կյանքի բոլոր ձեւերը, ի պատասխան շրջակա միջավայրի փոփոխության, իրենք նույնպես փոփոխվում են՝ հարմարվելով նոր պայմաններին։ Այդ պրոցեսը կոչվում է էվոլյուցիա, այն անընդհատ է, դրա ընթացքում որոշ տեսակներ անհետանում են, կենդանի մնացածներից էլ առաջանում են նորերը։ Նոր տեսակի առաջացումը մեկ այլ տեսակից 100 հազարավոր, անգամ միլիոնավոր տարիների արդյունք է։ Այդ է պատճառը, որ Լ. Սարգսյանը եւ նրա նման կրեացոնիստները ոչ մի «բույսերի եւ կենդանիների նոր տեսակների» առաջացման ականատես չեն լինում։ Ինձ համար զարմանալի չէ, որ կ.գ. թեկնածուն ապրելով խորհրդային համակարգում, հույսով եւ հավատով սպասում էր այն պահին, թե երբ որեւէ կապիկ ակնթարթային էվոլյուցիայի արդյունքում կվերածվի բանական մարդու։ Հավանաբար, ականատես չլինելով նման պատմական երեւույթի, նա որոշում է կայացնում դառնալ կրեացիոնիստ։ Ինձ համար նույնիսկ զարմանալի չէ, որ կ.գ.թ. Լ. Սարգսյանը չի տարբերում դարվինիզմը էվոլյուցիոն տեսությունից (պետք է հուսախաբ անեմ հարգարժան կրեացիոնիստին. մեր դպրոցներում եւ բուհերում դասավանդվում է էվոլյուցիոն տեսությունը, այլ ոչ թե դարվինիզմ) կամ փորձում է կյանքի առաջացումը բացատրել այդ տեսությամբ, այն դեպքում, երբ էվոլյուցիոն տեսությունը (նույնիսկ դարվինիզմը) բացատրում է կյանքի զարգացումը, այլ ոչ թե առաջացումը։ Խնդիրն այն է, որ շատերը, չկարդալով էվոլյուցիոն տեսությունը, կամ, որն ավելի վատ է, կարդալով եւ չհասկանալով այն, սկսում են սխալ եզրակացություններ անել՝ ընկնելով ծայրահեղությունների մեջ։ Դա բնորոշ է բոլոր կրեացիոնիստներին, այդ թվում նաեւ կ.գ.թ. Լ. Սարգսյանին։ Կրիացիոնիստները, ֆինանսավորվելով մի շարք աղանդավորական ֆոնդերից եւ անհատներից, փորձում են ամեն կերպ, գիտական փաստերի վրա հիմնված էվոլյուցիոն տեսությունը փոխարինել կրեացիոնիզմով, որը զուրկ է գիտական որեւէ հիմնավորումից։ Այդ պրոցեսը լայն թափ է առել ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում։ Թուրքիայում, Պակիստանում, Սուդանում, Ս. Արաբիայում պաշտոնապես արգելվել է էվոլյուցիոն տեսության դասավանդումը՝ իսլամին հակասելու պատճառով։ Թուրքական դպրոցներում էվոլյուցիոն տեսության դասավանդման համար մի շարք ուսուցիչներ դատապարտվել են 5-10 տարվա ազատազրկման։ Գիտական հանրությունը, որն ամենեւին էլ չի «տառապում» խորհրդային մտածելակերպով, ցավով է մոտենում նման երեւույթներին։ Գիտական տեսությունները պետք է ընդունվեն կամ մերժվեն, ելնելով գիտական ապացույցներից, այլ ոչ թե անհատական, քաղաքական, կրոնական եւ այլ շահերից։

Կենսաբանության դպրոցական դասագրքերում այսօր էլ կան մի շարք անճշտություններ, եւ անհրաժեշտ է հետագա վերատպությունների ժամանակ վերացնել դրանք, ավելացնել կենսաբանության նոր նվաճումներին վերաբերող նյութեր։ Պետք է փոխել կենսաբանության դասավանդման մեթոդիկան, այն դարձնել ավելի ինտերակտիվ, վերականգնել դպրոցական լաբորատորիաները, կենդանական ու բուսական անկյունները, արշավները, իսկ էվոլյուցիոն տեսության, դպրոցական ծրագրից հանումը կնշանակի վերադարձ դեպի միջնադարյան տգիտություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել