Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե 3, այլ 10 միլիոնի պատասխանատուն եք

Հոկտեմբեր 29,2009 00:00

Հայաստանի կառավարության ղեկավարին երեկ հիշեցրին ընդդիմադիր պատգամավորները

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց՝ ձեռքին բռնած Ցեղասպանությանը վերաբերող այն պաստառները, որոնք հոկտեմբերի 22-ին պատառոտել էին ոստիկանները՝ կառավարության շենքի առջեւ իր եւ մի քանի այլ քաղաքացիների բողոքի գործողության ժամանակ: Լարիսա Ալավերդյանը պահել էր պատառոտված քարտեզը, Անահիտ Բախշյանը՝ Ջեմալի եւ Աթաթուրքի նկարներով պատառոտված պաստառը: Հիշեցնենք, որ այդ բողոքի գործողության առիթը հոկտեմբերի 16-ին Տիգրան Սարգսյանի արած հետեւյալ հայտարարությունն էր. «Մենք ունենք պարտավորություններ մեր 3 միլիոն բնակչության առջեւ»: Զարուհի Փոստանջյանը երեկ վարչապետին հիշեցրեց. «Մենք 3 միլիոն չենք, այլ 10 միլիոն, եւ մեր կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի բոլո՛ր հայերի համար, այլ ոչ թե 3 միլիոնի»:

Պատառոտված պաստառները ցույց տալով՝ նա վրդովված հարցրեց. «Ի՞նչ է՝ արդեն Հայաստանո՞ւմ էլ է գործում Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը»: Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց. «Եթե Հայաստանում անձինք նման պաստառներով են ման գալիս՝ սա քրեորեն հետապնդելի արա՞րք է, որը պետք է ենթադրի հարձակում ոստիկանների կողմից։ Ցանկանում եմ իմանալ՝ այդ ո՞ր մի պաշտոնյան է հրաման տվել, որ հարձակվեն մեզ վրա»: Նաեւ փորձեց պարզել, թե ե՞րբ են պատասխանատվություն կրելու այն անձինք, որոնք կատարել են այդ հանցագործությունը:

Տիգրան Սարգսյանն ի պատասխան նախ նշեց. «Երկխոսության համար ճիշտ բառակապակցություններ չեք օգտագործում: Ի սկզբանե ձեր հարցադրումներով ուզում եք ստեղծել կոնֆրոտացիոն, ագրեսիվ մթնոլորտ, որի արդյունքում շատ դժվար է գալ ընդհանրական եզրահանգումների. համենայնդեպս՝ այնպիսի եզրահանգումների, որոնք ձեզ համար ընդունելի կլինեն»: Վարչապետը նաեւ հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանի բողոքն ուսումնասիրության փուլում է. «Բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն եւ ընթացք կտրվի այն միջադեպին, որի մասին այստեղ բարձրաձայնում եք: Եվ իրավական հարթության մեջ այդ խնդիրը կլուծվի»:

Նաեւ հորդորեց չաղավաղել իր հայտարարությունները կամ չընտրել միայն ձեռնտուները. «Ես չեմ հասկանում, թե ի՞նչ նպատակ եք դուք հետապնդում՝ մեղադրելով ինձ այն բանի համար, որ ես իմ հեռուստաելույթում հիշատակել եմ նաեւ 3 մլն այն քաղաքացիներին, որոնք մասնակցում են մեր ընտրություններին, մեր առջեւ դնում խնդիրներ, եւ մեր նախընտրական ծրագրերով ա՛յդ մարդկանց ձայներն ենք ուզում ստանալ, երբ ընտրվում ենք պատգամավոր կամ երկրի նախագահ»:

Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները պատասխանատու են ողջ հայության համար: Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Կրկնում եմ՝ իմ արտահայտությունը 3 մլնի վերաբերյալ պետք չի դուրս բերել համատեքստից: Մենք պատասխանատու ենք հայոց աշխարհի բոլո՛ր խնդիրների համար, բայց դա չի նշանակում, որ մենք պատասխանատու չենք նաեւ ՀՀ-ի 3 մլն քաղաքացիների համար։ Եվ եթե ուզում եք այդ թեմայի վերաբերյալ բանավիճել՝ մենք սիրով պատրաստ ենք այդ բանավեճին»:

«Ժառանգության» պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 29-ին դարձյալ է բողոքի ցույց անելու կառավարության շենքի առջեւ. «Կցանկանայի, որ ապահովվի մեր անվտանգությունը, եւ որեւէ ոստիկան հարձակում չգործի մեր պաստառների եւ մեզ վրա»: Վարչապետի պատասխանն էր. «Ձեր գործողություններն այնպիսին չպետք է լինեն, որ ստիպեն իրավապահ մարմիններին կիրառել օրենքով իրենց տրված լիազորությունները»:

Թեման շարունակեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը՝ պնդելով, թե վարչապետի վերոհիշյալ հայտարարությունը հանրության հուզումն է առաջացրել, եւ հավելեց. «Այդ 10 միլիոնանոց հայոց աշխարհը դեմ արտահայտվեց Հայաստան-Թուրքիա արձանագրություններին»: Տիգրան Սարգսյանը չհամաձայնելով, որ Սփյուռքը դեմ է՝ այսուհանդերձ պնդեց, թե հայկական աշխարհը չի կարող միատարր լինել. «Պետք չէ վախենալ այն հանգամանքից, որ հայկական աշխարհի սուբյեկտների շահերը կարող են լինել տարբեր։ Դա բնական է։ Անբնական կլինի, եթե հայկական աշխարհում գործող բոլոր սուբյեկտների շահերը լինեն միասնական։ Այդպես չի՛ լինում աշխարհում։ Ուղղակի մենք պետք է գտնենք այդ շահերի ճիշտ բախման բանաձեւերը, որպեսզի հայկական աշխարհն արդյունքում շահի, ոչ թե տուժի»:

Այնուամենայնիվ՝ նաեւ հայտարարեց. «Ես՝ որպես վարչապետ, միայն 3 միլիոնի համար պատասխանատու չեմ, այլ որպես այդ հայկական աշխարհում լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ՝ պատասխանատու եմ նաեւ 10 միլիոնի առջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել