Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՆԵՐ՝ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՑ

Հոկտեմբեր 31,2009 00:00

Աշխատանքային այցով նախորդ օրը Շիրակի մարզ էր այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա այցելելով տարբեր կառույցներ՝ հասարակական կազմակերպություններ, մարզպետարան, զորամասեր, ոստիկանություն, լրագրողներին տեղեկացրեց, որ Շիրակի մարզից հնչող բողոքները հիմնականում առնչվում են անօթեւանների խնդիրներին, վարչական դատարաններին ու կրթական ոլորտին:
Դպրոցի մի քանի տնօրեններ Պաշտպանին դժգոհել էին, որ մարզպետն իրենց հնարավորություն չի տալիս մինչեւ տնօրենի ընտրությունը՝ պաշտոնակատար ձեւակերպվել, փոխարենը ժամկետային պայմանագիր է կնքում: Իսկ Ամասիայից դժգոհություններ էին հնչել, որ փախստականներին անձնագրեր չեն տալիս՝ պահանջելով ծննդյան վկայականի բնօրինակը: «Բայց էդ մարդը ո՞նց գնա հասնի Բաքու, որ բնօրինակը բերի, սա զավեշտի է հասնում»,- ասում է օմբուդսմանը: Իսկ թե ի՞նչ կասի Արմեն Հարությունյանը թե իշխանության եւ թե ընդդիմության կողմից իր վերջին զեկույցի մասին հնչեցրած քննադատություններին՝ նա խոստացավ զերծ մնալ «քաղաքական կոնյունկտուրայից». «Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող որեւէ քաղաքական ուժի՝ լինի դա ընդդիմադիր կամ իշխանական, ճաշակով շարժվի եւ այնպես անի, որ իր մոտեցումներն ամբողջությամբ համընկնեն նրա հետ: Իսկ նրանք դրական խոսք են ասում միայն մեկ դեպքում, եթե քո դիրքորոշումը համընկնում է տվյալ քաղաքական ուժի հետ: Քանի որ էդպես չենք աշխատում, երկու կողմից էլ քննադատվում ենք: Իշխանական կողմն ասում է՝ Մարդու իրավունքների պաշտպանը իր քննադատություններով Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում: Համաձայն չեմ իշխանական կոալիցիայի այդ մոտեցմանը, թե հետո՞ ինչ, որ երկրում պրոբլեմներ կան, դու մի բարձրաձայնի: Սա հայրենասիրություն չէ, ես սա անվանում եմ մակերեսային հայրենասիրություն: Ընդդիմության տեսակետին էլ համաձայն չեմ՝ որեւէ դրական բան եթե դու տեսնում ես իշխանության գործունեության մեջ, ուրեմն դու լավ օմբուդսման չես: Օբյեկտիվություն չկա երկու կողմերի մոտ էլ»,- նեղսրտեց հանրապետության իրավապաշտպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել