Լրահոս
Օրվա լրահոսը

2010-ին կունենանք 4G ցանց

Հոկտեմբեր 31,2009 00:00

Հաշվի առնելով այն կանխատեսումները, որ լայնաշերտ շարժական ինտերնետը կպահպանի զարգացման միտումները նաեւ հաջորդ տարի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ծրագրում է ներդնել «Երկարաժամկետ էվոլյուցիայի» (LTE)՝ տեխնոլոգիաների վրա հիմնված չորրորդ սերնդի (4G) լայնաշերտ ծառայություններ: Դրանք հասանելի կլինեն 2010-ին: Երեկ այսպիսի հայտարարություն է տարածել ընկերությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի լայնաշերտ ծառայություններից օգտվողների թիվը շարունակում է աճել՝ ամեն ամիս արձանագրելով «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանից օգտվողների 40 տոկոս աճ: Լայնաշերտ ծառայություններից օգտվող բաժանորդները «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տվյալների փոխանցման տարատեսակ ծառայություններից օգտվողների մի մասն են: Այսօրվա դրությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի GPRS, EDGE եւ UMTS/HSPA տեխնոլոգիաների հիման վրա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվում է 600 հազար մարդ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ավելի քան 2 միլիոն բաժանորդների մոտ 30 տոկոսը: Այս տարվա հունվարից սկսած, բաժանորդների այս խումբն աճել է 17 տոկոսով: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդների շուրջ 20 տոկոսն օգտվում է UMTS/HSPA տեխնոլոգիաների հիման վրա իրականացվող 3G ծառայություններից: Ակնկալվում է, որ Հայաստանի եւս 47 քաղաքներում եւ խիտ բնակեցված գյուղական համայնքներում, 3G ցանցի ներդրումից հետո, ծառայություններից օգտվողների թիվը շարունակելու է աճել՝ ավելի վաղ արդեն իսկ այն օգտագործող Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի հետ կազմելով Հայաստանի բնակեցված տարածքի 64,4 տոկոսը: 2.5G եւ 3G ծառայությունները հասանելի են նաեւ Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այդ թվում՝ կառամատույցներում, շարժասանդուղքներին ու շարժման մեջ գտնվող գնացքի վագոններում: Հավատարիմ մնալով «Վոդաֆոն» եւ «ՄՏՍ» ընկերությունների միջեւ ձեռք բերված ռազմավարական համագործակցության պայմանավորվածությանը, «Վոդաֆոնի» մասնագետներն իրականացնում են «ՄՏՍ»-ի բոլոր դուստր ձեռնարկությունների ընթացիկ աշխատանքի արդյունավետության մոնիտորինգ: «Վոդաֆոնի» փորձագետների կողմից անցկացված վերջին հետազոտությունների համաձայն, «ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության արդյունավետությունը համապատասխանում է Արեւմտյան Եվրոպայում ընդունված չափանիշներին: Ինչպես հոկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «ՄՏՍ»-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը, «ՄՏՍ» խմբի բոլոր ընկերություններից առավել բարձ ցուցանիշներն է գրանցում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, այդ թվում՝ արդյունավետ կառավարման եւ ղեկավարման ասպարեզում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հետամուտ է իր բաժանորդներին առավել հարազատ ու ընկալելի ներկայանալ իր ապրանքանիշով, ինչպես նաեւ մատուցել առավել համապարփակ նորարարական ծառայություններ: «Մենք ջանք չենք խնայի է՛լ ավելի ամրապնդելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի դիրքերը, ընկերությունն ավելի մոտ դարձնելով իր բաժանորդներին»,- մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,- «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի առաքելությունն անցնում է զուտ գործարարության սահմաններից: Կայուն զարգացման տեսլականը պահպանելով մեր գործունեության հիմքում, 2010-ին եւս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակելու է համագործակցությունը հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ հավատարիմ մնալով տարեցտարի նորանոր ոլորտներ ընդգրկող Կորպորատիվ պատասխանատվության մեր ռազմավարությանը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» Կորպորատիվ պատասխանատվության ծրագրերն ընդգրկում են մշակույթի, սպորտի, բնապահպանության եւ կրթական ոլորտները: Հավասարապես ուշադրության կենտրոնում են երեխաները: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միշտ հետեւողական է բաժանորդների համար միջազգային չափանիշներին համապատասխան որակի սպասարկում ապահովելու գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել