Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկական կուլտուրա առարկան ե՞րբ «կվերածնվի»

Նոյեմբեր 03,2009 00:00

 Բուհերում այս առարկայի դասավանդումը
«մահամերձ» վիճակում է

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման պետական երաշխիքները կոչվող 6-րդ հոդվածի «բ» կետով որպես պետական երաշխիք սահմանվում է հետեւյալը. «Բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը, ֆիզիկական կուլտուրա առարկայի պարտադիր դասավանդումն ուսումնական բոլոր հաստատություններում՝ ուսումնառության ամբողջ ընթացքում»: Սակայն բոլորին է հայտնի, թե ՀՀ ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումն ինչ հիմքի վրա է դրված: Գաղտնիք չէ, որ դպրոցում՝ աշակերտները, բուհերում՝ ուսանողները, մեծամասամբ մատների արանքով են նայում այս առարկային: Ու եթե հանրակրթական դպրոցներում առարկայից գոնե ավարտական քննություն են հանձնում, բուհերում հիմնականում դա լինում է ստուգարք կամ լավագույն դեպքում դիֆերենցիալ՝ գնահատականով ստուգարք: Ընդունենք, որ առարկայի նկատմամբ կրթական հաստատության կամ նրա վերադասի վերաբերմունքից շատ բան է կախված:
Առարկան ինչպե՞ս կարող է նորմալ դասավանդվել, եթե ուսումնական հաստատություններում չկան դրա համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Օրինակ, վերանորոգված մարզադահլիճ, որակյալ գույք, հանդերձարան-լոգարաններ, այլ անհրաժեշտ պարագաներ: «Առավոտի» շրջայցը մի քանի պետական բուհերում ցույց տվեց, որ այս մտահոգությունները տեղին են: Նույնիսկ ԵՊՀ-ն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), որոնք ունեն նաեւ Երեւանից դուրս մարզաառողջարանական բազաներ եւ բավականին մեծ թվով ուսանողներ, լիովին ապահովված չեն ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման լիարժեք պայմաններով:
ԵՊՀ-ն մարզաառողջարանական բազաներ ունի Բյուրականում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Հանքավանում, սակայն այս բուհում էլ կան խնդիրներ: Զրուցեցինք Մայր բուհի մարզական ակումբի նախագահ, ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի պրոֆեսոր Հենրիկ Թումանյանի հետ: Նա ինքն էլ հիշատակեց օրենքը, նշելով, որ ֆիզիկական կուլտուրա առարկան պետք է դասավանդվի ուսումնառության ողջ ընթացքում, բայց ցավով փաստեց. «Ելնելով պայմաններից՝ այն դասավանդվում է երկու տարի՝ 1-2-րդ կուրսում: Ու չնայած 3-4-րդում առարկան չի դասավանդվում, ուսանողները մասնակցում են տարբեր սպորտային միջոցառումների, սեկցիաների: 1-2-րդ կուրսերում էլ դասավանդվում է շաբաթական 2 ժամով, որը շատ քիչ է»: Տարիներ առաջ գրվել է նաեւ բուհերի համար ֆիզիկական դաստիարակության ծրագիր, որով էլ հիմնականում առարկան դասավանդվում է: Սակայն ուսումնական ծրագիրը ոչ մի օգուտ չի կարող տալ, երբ այն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ, շենքային պայմաններ բուհերը չունեն: Պարոն Թումանյանը նշեց. «Որակյալ գույք չկա, չնայած համալսարանն իր միջոցների չափով ապահովում է: Տարեկան 1.5-2 միլիոն դրամ է հատկացվում գույք ձեռք բերելու համար: Քանի որ դա քիչ է, գնում ենք, օրինակ՝ 10-15 հազարանոց գնդակներ, որոնք այնքան էլ որակյալ չեն եւ մեկ ամիս էլ չեն դիմանում: Վերանորոգված չեն հանդերձարանները, բայց փորձում ենք դասերը հնարավորինս մասնագիտորեն անցկացնել: Նայած ուսանողները որ խաղային ձեւերին են լավ տիրապետում, նրանց ընդգրկում ենք մասնագիտական խմբերում: Բայց այս դեպքում էլ սանիտարահիգիենիկ պայմաններն այն չեն: Տաք ջուր չկա, որ ուսանողները լոգանք ընդունեն, հետո տուն գնան: Բացակայությունների հարցն էլ է խիստ դրված: Դրանց համար նույնիսկ հեռացման վտանգ կա: Բայց այնքան էլ շատ չեն դասերից բացակայողները»:
Վերադասի ուշադրության պակասի պատճառով հաճախ ավելի լուրջ խնդիրներ էլ են լինում: Օրինակ, որոշ բուհերում փակվում են ֆիզիկական կուլտուրայի ամբիոններ, յուրացվում տարածքներ: Հ. Թումանյանը հիշեց. «ԵՊՀ-ի «սեւ շենք» կոչվող մասնաշենքի հարեւանությամբ կառուցված ԵՊՀ նոր մասնաշենքի տարածքում տեղակայված էր մեր մեծ դահլիճը, այն վերցրին մեր ամբիոնի ձեռքից: Գոնե այդ մասնաշենքերում սովորող ուսանողները չէին հասնի կենտրոնական մասնաշենքի հարեւանությամբ գտնվող մարզադահլիճ, թե չէ, մինչեւ տեղ են հասնում՝ դասն ավարտվում է: Համալսարանի ատամնաբուժարանի տեղում ժամանակին գտնվում էին մեր մեծ դահլիճի լավագույն հանդերձարանները, որոնք այժմ չկան: Ավտոպարկն էլ բերեցին տեղադրեցին մեր տարածքում, մեքենաները գալիս-գնում են եւ խանգարում մեր դասերը: Այս ամենը վաղուց է կատարվել»:
ՀՊՏՀ-ում էլ, որի մարզաառողջարանական բազան Դիլիջանում՝ Բլդան գետի ափին է, խնդիրները քիչ չեն: Բուհում առարկայի դասավանդման շուրջ զրուցեցինք ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լեւոն Սամվելյանի հետ: Նա տեղեկացրեց. «Մարզասարքերը, անհրաժեշտ այլ պարագաները ձեռք ենք բերում բուհի միջոցներով: Վերջին տարիներին դրական փոփոխություններ տեղի ունեցան Զեյթունի մասնաշենքում. 1400 քմ բաց տարածքը վերածվել է բասկետբոլի, վոլեյբոլի, մինի ֆուտբոլի եւ թեթեւ ատլետիկայի մարզահրապարակների: Բայց լողավազանը ֆինանսական միջոցների սղության պատճառով նախագծից հանվեց»: Հարցրինք՝ թե ինչի՞ց է գալիս ընդհանուր առմամբ առարկային մատների արանքով նայելու տենդենցը: Պարոն Սամվելյանը պատասխանեց. «Դա պայմանավորված է բուհի ղեկավարության վերաբերմունքով: Օրինակ, մեզ մոտ հարցը խիստ է դրված, եթե երրորդ կուրսից առարկան այլեւս չի դասավանդվում, ուսանողներն այդ տարիներին հաճախում են տարբեր սեկցիաներ»:
ՀՊՃՀ-ում այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում լողավազանի տարածքում. սանհանգույցները, հանդերձարանները սալիկապատվել են, բարեկարգվել լողախցիկները: Մարմնակրթության եւ սպորտի ամբիոնի վարիչ, միջազգային կարգի մրցավար Արարատ Ղոչիկյանը մեզ ասաց. «Մեզ մոտ առարկան 1-2-րդ կուրսերում դասավանդվում է շաբաթական 4 ժամ, երրորդ կուրսում՝ շաբաթական երկու ժամ: Ունենք նաեւ վեց, ութ, տասներկու ժամանոց մարզական կատարելագործման խմբեր: Դեռ 2004-ին ամբիոնով պատրաստեցինք մարմնակրթության աշխատանքային ծրագիրը: Մեր բուհում բոլոր կիսամյակներում դասընթացն ավարտվում է ոչ թե ստուգարքով, այլ դիֆերենցիալ՝ գնահատականով ստուգարքով»: Բուհը մարզաառողջարանական բազաներ ունի Հանքավանում, Մեղրաձորում եւ Սեւանի ափին, որտեղ երբեմն հավաքական թիմեր են ուղարկում: Բայց պարոն Ղոչիկյանը նշեց. «Վերջին տարիներին միջոցների սղության պատճառով այդ գործընթացը թուլացել է, բայց ունենք ֆանատ ուսանողներ, որոնք իրենք են ստիպում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասախոսներին, որ հաճախ միջոցառումներ, մրցումներ կազմակերպեն»:
Բուհի լողավազանից օգտվում են նաեւ այլ բուհեր: Ըստ ամբիոնի վարիչի. «Համաձայն կարգի, ուսումնական հաստատության մարզաբազաները կարող է օգտագործել մարզական ակումբը՝ դասից դուրս բնակչության ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու համար: Եվ որոշ բուհեր պայմանագրային կարգով մեր դասերից դուրս օգտագործում են բուհի լողավազանը»:
Վերջում տեղեկացնենք նաեւ, որ որոշվել է պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել մի հանձնաժողով, որն ուսումնական հաստատություններում մոնիտորինգ կանցկացնի՝ պարզելու ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման մակարդակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել