Լրահոս
Օրվա լրահոսը

«HALLOWEEN»՝ ԼԱՏԻՆՈ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

Նոյեմբեր 03,2009 00:00

Հայերի պատկերացումն ու ցանկությունը «Halloween»-ի
եւ այն նշելու մասին՝ տարեցտարի մեծանում է

\"\"Եթե շուրջդ սարդոստայններ են, պատերին սարսափեցնող նկարներ՝ «I will kill you» գրառումներով, աչքիդ երեւում են ուրվականներ, սատանաներ, վհուկներ եւ քեզ ամեն անկյունից ժպտում կամ վախեցնում են մարդանման դդումներ, մի շտապիր ենթադրություններ անել՝ դու դժոխքում չես. պարզապես «Halloween» է: Ամեն տարվա հոկտեմբերի 31-ին բոլոր անգլիախոս երկրները տոնում են «Halloween»-ը: Այն շատ տարածված տոն է, որի ժամանակ երեխաները հագնում են հիմնականում սարսափեցնող զգեստներ ու շրջում տնից տուն՝ հավաքելով քաղցրավենիք ու փոքրիկ նվերներ: Տոնի խորհրդանիշները սատանաներն ու ուրվականներն են, մարդու դեմքով դդումները, որոնք հնում պատրաստում էին չար ոգիներին վանելու համար:
\"\"«Halloween»-ը ուղեկցվում է սարափեցնող խաղերով՝ ալյուրով լի ամաններում կոնֆետներ փնտրելով, որոնց փոխարեն մարդը գտնում է սարդեր. տոնի ընթացքում խնձոր են ուտում, սեր խոստովանում դդումներին… Տարիներ առաջ Ռուսաստանում կայանալիք «Halloween»-ի ժամանակ այս եւ այլ խաղերի հետեւանքով մի քանի տասնյակ մարդիկ վախի պատճառով միջոցառման ընթացքում դիմել են բժշկի, ինչի հետեւանքով մի քանի երկրներում այս տոնի անցկացումը խստիվ արգելվել է:
21-րդ դարում «Halloween»-ը չի շրջանցել նաեւ հայերին:
Հոկտեմբերի 31-ին «Իսպանական կենտրոնի» նախաձեռնությամբ «Fashion club»-ում կազմակերպվել էր «Halloween Latino» երեկույթ: Կենդանի երաժշտություն, դիմակավորված երիտասարդներ, պարեր՝ «cha-cha-cha»-ից մինչեւ «house latino», մայրամուտից մինչեւ լուսաբաց. հայ երիտասարդները տոնում էին ոչ հայկական, բայց զվարճալի տոնը:
Երեկույթի՝ իսպանական, լատինական ոճի միջոցառումների կազմակերպող «Իսպանական կենտրոն» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Փարսյանի խոսքով, հաճելի երեկո անցկացնելու համար չարժե ուշադրություն դարձնել տոնի հայկական կամ ոչ հայկական լինելուն. «Halloween»-ը ամերիկյան, իռլանդական տոն է: Այդ տոնը նշում են բոլոր ամերիկացիները: Այն գերել է նաեւ հայերին, այստեղ էլ տարեցտարի ավելի մեծ շուքով է նշվում: Ինչո՞ւ հետաքրքիր երեկո անցկացնելու համար առիթը բաց թողնենք»:
Ա. Փարսյանի փոխանցմամբ, իրենց «Halloween»-ը տարբերվում է մյուս բոլոր «Halloween»-ներից. «Նշում ենք լատինո-ամերիկյան ոճի «Halloween», այսինքն՝ հնչելու է լատինո-ամերիկյան երաժշտություն: Սա նշանակում է՝ մեր հիմնական միջոցառումներից այդքան էլ չենք հեռանում՝ իսպանական շունչը պահպանում ենք: Դիմակների տեսակետից ոչ մի արտառոց բան չկա, բոլորը հելոուինյան կերպարներով են լինելու, ինչպես ցանկացած «Halloween» երեկույթի ժամանակ, միակ տարբերությունն այն է, որ այստեղ գտնվող բոլորը լատինո-ամերիկյան երաժշտության երկրպագուներն են՝ մեր մշտական այցելուները: Ողջ երեկո կենդանի երաժշտություն է հնչելու՝ «Shevre La Banda»-ն է նվագելու: Կլինի նաեւ մրցույթ՝ «Լավագույն դիմակ», որի համար պատրաստել ենք մրցանակ, եւ մինչ լուսաբաց փորձելու ենք նշել տոնը»:
Հարցին՝ կարողանո՞ւմ են, արդյոք, հայերը «Halloween»-ը ճիշտ նշել, միջոցառման կազմակերպիչն ասաց. «Այո. տարեցտարի ավելի լավ ու ավելի մեծ շուքով են նշում: Բայց այս տարին տոնի պահանջվածությամբ ավելի աչքի ընկավ, քան նախորդ տարիներին էր. բոլորը ձգտում էին ավելի պատրաստված գալ: Բայց դա ոչ միայն պարտադրանքից, որը ներկայացրել էինք մասնակիցներին, որ պարտադիր դիմակավորված գան, այլ իրենց համար էլ էր հաճելի՝ օրն անցկացնել անկրկնելի: Օրինակ, ես բավական երկար պատրաստվել եմ իմ կերպարը ստանալու համար՝ ներկայացել եմ Ֆրանկենշտեյնի կերպարով»:
Ինչ վերաբերում է dress code-ին, Ա. Փարսյանը նշեց, որ այն պարտադիր է, որպեսզի տարբերվի նախորդ միջոցառումներից. «Մեր նպատակն է՝ բոլորը մի պահ մոռանան օրվա թոհ ու բոհը, տարվեն «Halloween»-ով եւ լավ ժամանակ անցկացնեն»:
Հայ երիտասարդների նախընտրած կերպարների մասով էլ մեր զրուցակիցը նկատեց. «Այսօր արդեն հասել ենք նրան, որ կա լուրջ վերաբերմունք: Շատերը հատուկ պատրաստություն են տեսել, այսօրվա համար դերձակների մոտ հագուստ են պատվիրել: Կերպարի վրա աշխատելու կուլտուրան մեզ մոտ արդեն ձեւավորվում է: Բայց առանց մինուսների ոչինչ չի լինում. մարդիկ կան, որ եկել են սովորական հագուստով, բայց ինչպես նախապես նշվել էր՝ առանց դիմակի մուտքն արգելվում է: Ես անձամբ կանգնել եմ մուտքի մոտ, որպեսզի արգելեմ այն մարդկանց մուտքը, ովքեր եկել են առանց դիմակի»:
Մուտքի մոտ նկատեցինք նաեւ դիմակների վաճառասեղան: Անդրադառնալով նաեւ դրան, կազմակերպիչը հավելեց, որ վաճառասեղանը բնավ գումար վաստակելու նպատակ չունի. «Սա արվել է նրա համար, որ ովքեր չեն հասցրել կամ չեն գտել դիմակներ, այստեղից ձեռք բերեն եւ կարողանան ներս մտնել»:
«Առավոտը» զրուցեց տոնի մասնակիցներից մի քանիսի հետ: «Halloween»-ին անպատրաստ ներկայացած Արամը մեզ հետ զրույցում նշեց. «Տեղյակ եմ, որ սա հայկական տոն չէ, բայց եկել եմ այն նշելու, ի դեպ՝ անպատրաստ: Վատ կարծիքներ եմ լսել այս տոնի մասին, բայց փորձում եմ դրանց մեջ չխորանալ: Եկել եմ այստեղ ուրախանալու: Արդեն հասցրել եմ զարմանալ, թե մարդիկ ինչքան լավ են վերաբերվում այս տոնին եւ որքան լուրջ են աշխատել իրենց կերպարների վրա»:
Մեկ այլ անդիմակ մասնակից՝ Անին էլ ասաց. «Սա հայկական տոն չէ, չգիտեմ ինչու են հայերն այդքան սիրում ամեն ինչ օտարներից վերցնել, ոչ մի երկրում չես տեսնի, որ հայկական տոն նշեն: Բայց ամեն դեպքում հաճելի է: Ես յուրահատուկ կերպար չեմ ընտրել, պարզապես դիմակով եմ ներկայացել: Բոլորը կարծես ինչ-որ թեթեւամիտ բաներ են արել, մեկը տիկնիկ է վերցրել եկել, չեմ հասկանում ինչո՞ւ, ինչ կապ ունի տիկնիկը «Halloween»-ի հետ, մյուսը չգիտես ինչեր է հագել… Դա հատուկ պատրաստվել չէ, եւ դրանից չես կարող եզրակացնել, որ հայերը կարողանում են «Halloween» նշել»:
Իրեն «Helloween»-իստ համարող Կարենի խոսքով էլ, այն հայերի մոտ գրեթե ավանդական տոնի է վերածվել. «Այս տոնը քիչ-քիչ իր արմատներն է գցում հայերի մեջ: Ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի մեծ սահմաններ կգրավի Հայաստանում: Կամաց-կամաց դառնում ենք եվրոպական աշխարհի մի մաս եւ փորձում աշխարհի հետ այս օրերին ուրախանալ: Ինչո՞ւ չնշենք… իսկ ո՞վ է սահմանել, որ եթե տոնը հայկական չէ, ուրեմն չպետք է նշել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել