Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԳԱՆԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ՞

Փետրվար 02,2010 00:00 Share

Կապանի քաղաքապետն ու ավագանու անդամները հոգատարության տարբեր պատկերացումներ ունեն

\"\"
Արտուր Աթայանը «մեկն՝ ընդդեմ բոլորի» վիճակում էր:

Հունվարի 29-ին Կապանի քաղաքապետարանում կայացած ավագանու արտահերթ նիստն ընթացավ նախորդներից տարբերվող անհաշտ եւ լարված մթնոլորտում: Ներկա էին ավագանու 11 անդամից 8-ը, որոնք էլ դեմ էին օրակարգում ընդգրկված վեց հարցերից մեծ մասին: Նման բան ավագանու նախորդ նիստերին չէր լինում:
Արտահերթ նիստում առաջինը քննարկվեց 2010 թվականի համայնքի բյուջեում փոփոխություններ մտցնելու որոշման նախագիծը:
Նախորդ՝ 2009 թվականի պարտքերը մարելու համար նախատեսվում է համայնքային բյուջեն եկամտային մասով ավելացնել 17,143 միլիոն, իսկ ծախսայինը՝ 17,349 միլիոն դրամով: Բացի այդ, քաղաքապետարանը մի շարք կազմակերպությունների պարտքերի մարման համար պահուստային ֆոնդից 29,140 միլիոն դրամ է ուզում հատկացնել: Գոյացած ողջ պարտքը 47,94 միլիոն դրամ է: Ըստ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի, 20-25 միլիոնը նախորդ տարիներից՝ 2007-2008-ից մնացած պարտքեր են, նախորդ քաղաքապետի ղեկավարության ժամանակներից «ժառանգություն», իսկ մնացածը ընթացիկ աշխատանքային պարտքեր են:
Այս որոշումը ընդունվեց, իսկ ահա Կապանի քաղաքապետարանի պահուստային ֆոնդից «Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ գազիֆիկացման համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 204 հազար դրամ չի տրվի: Ավագանու անդամները դեմ են այս նախաձեռնությանը: «Թող դոնոր կազմակերպությունները աջակցեն, ինչո՞ւ մեր բյուջեից մարզային կամ այլ ենթակայությամբ գործող կառույցներին գումարներ հատկացնենք: Դրա փոխարեն մեր մանկապարտեզների գազիֆիկացման համար գումարը կնպատակաուղղենք»,-ընդվզեցին ավագանու անդամները: Քաղաքապետ Արտուր Աթայանն անակնկալի եկավ ավագանու անդամների նման վերաբերմունքից: «Ինձ համար նշանակություն չունի, թե թատրոնը մարզային որ կառույցի ենթակայությամբ է գործում: Մեր քաղաքացիներն են այցելում եւ խիստ անհրաժեշտ է, որ ձմեռվա այս պայմաններում ապահովենք այդ գազիֆիկացումը, մեր հարազատներն են, ի վերջո, այդ դահլիճում նստողները եւ մրսողները»,- հայտարարեց քաղաքապետը եւ ավելացրեց, որ իր անձնական միջոցներից գումար կհատկացնի թատրոնի գազիֆիկացման համար:
Ավագանու անդամները նույն տրամադրվածությամբ դեմ քվեարկեցին Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում 2009-2010 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ֆրանսերեն լեզվի նախասիրական պարապմունքի կազմակերպման համար պահուստային ֆոնդից 330 հազար դրամ գումար հատկացնելու որոշմանը. «Մենք դեմ չենք, թող այդ գումարը տրամադրվի մեր նախակրթարաններում ֆրանսերեն լեզվի ուսուցում իրականացնելու համար»: Ու էլի նույն հակափաստարկը ներկայացրեց քաղաքապետը. «Ի՞նչ տարբերություն, չէ՞ որ մեր երեխաներն են, դպրոցահասակ են, թե նախադպրոցական տարիքի, 10 տարուց ավելի է՝ ֆրանսերենի դասարան չի գործում Կապանում: Եթե դպրոցականները ցանկություն ունեն այդ լեզուն սովորելու, մենք պետք է ուրախ լինենք միայն եւ աջակցենք, ոչ թե անհասկանալիորեն մերժենք: Եթե եկել եք միանգամից դեմ քվեարկելու համար, ապա միանգամից այդպես էլ ասեք»:
Ավագանին ոչ միշտ էր դեմ: Օրինակ, կողմ էր, որ Կապանի մարդաշատ վայրերում տեղադրվեն տեղեկատվական վահանակ-ցուցափեղկեր, ուր փակցված կլինեն ավագանու որոշումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել