Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ տան սիրտը մահապատիժ է ուզում

Փետրվար 02,2010 00:00 Share

\"\"Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ, նախագահ Օբամայի մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը հայտարարել է, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող Հալիդ Շեյխ Մոհամեդը (նկարում) կարող է մահապատժի ենթարկվել, եթե նրան առաջադրված մեղադրանքը դատարանում հաստատվի: BBC-ին, վկայակոչելով պաշտոնական աղբյուրը, փոխանցում է, թե կասկածյալը, որը խոստովանել է Նյու Յորքի եւ Վաշինգտոնի վրա կատարված հարձակումների կազմակերպմանն իր առնչությունը, ամենայն հավանականությամբ կդատապարտվի ամենախիստ պատժի: 44-ամյա Շեյխ Մոհամեդը անթաքույց հպարտությամբ եւ հրապարակայնորեն խոստովանել էր, թե 2001-ի հարձակումների գլխավոր կազմակերպիչը հենց ինքն է եղել: Նա կալանավորվել էր 2003թ. մարտի 1-ին, Պակիստանի Ռավալպինդի քաղաքում գտնվող «Ալ-Քաիդայի» տեղական գրասենյակում եւ տեղափոխվել էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտերից մեկը, ուր 183 անգամ ենթարկվել է կտտանքների:
Ուշադրության է արժանի ԱՄՆ-ից ստացված եւս մեկ տեղեկություն, որը փոխանցել է «Reuters» գործակալությունը: Աղբյուրի մատուցմամբ, ԱՄՆ-ն ընդլայնել է Պարսից ծոցում եւ դրա շրջակայքում տեղակայված իր ցամաքային եւ ծովային հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգը՝ Իրանին դիմակայելու նպատակով: Այդ մասին եւս հայտարարել են ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները: Այդ ծրագրով նախատեսվում է ընդլայնել ցամաքային տեղակայության «Patriot» տեսակի ՀՀՊ-ն Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաեւ ՀՀՊ համակարգով հագեցած ռազմական նավերը Միջերկրական ծովում եւ դրա շրջակայքում:
Աղբյուրի մատուցմամբ, ՀՀՊ համակարգերի ընդլայնումը սկսվել էր դեռ Բուշի օրոք եւ ավելի մեծ թափ է ստացել նոր նախագահ Օբամայի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին պնդումների համատեքստում: Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմական շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, ադմիրալ Մայքլ Մալլենը դեռ 2009թ. դեկտեմբերին էր հայտարարել, թե Պենտագոնը պետք է պատրաստ լինի Իրանին դիմակայելու՝ նաեւ ռազմական տարբերակներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել