Իսրայելը հայտարարել է, որ կարգապահական պատիժներ է կիրառել իսրայելական բանակի երկու բարձրաստիճան սպաների նկատմամբ, որոնք անցյալ տարվա հունվարին Գազայի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ սպիտակ ֆոսֆոր էին կիրառել: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասված է ՄԱԿ-ի հանձնարարությամբ հարավաֆրիկյան դատավոր Ռիչարդ Գոլդսթոունի (նկարում) պատրաստած եւ հրապարակած զեկույցի առնչությամբ՝ իսրայելական կողմի պատասխանում: Աղբյուրի մատուցմամբ, բացահայտված չեն ո՛չ պատժի ենթարկված հրեա զինվորականների անունները, ո՛չ էլ նրանց նկատմամբ կիրառված պատժի տեսակը: Հայտնի է միայն, որ խոսքը գնում է բրիգադի մի գեներալի եւ փոխգնդապետի մասին:
Հիշեցնենք, որ Գոլդսթոունն իր հայտնի զեկույցի եզրակացության մեջ մեղադրել էր հակամարտության երկու կողմերին էլ՝ ե՛ւ իսրայելցի զինվորականներին, ե՛ւ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» ծայրահեղական զինված խմբավորմանը՝ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:
ՄԱԿ-ի կողմից Իսրայելի բանակի հրամանատարությանն ուղղված հիմնական առարկությունն այն է, որ համաձայն միջազգային կոնվենցիայի, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը ծխի վարագույր ստեղծելու նպատակով, թույլատրված է բացառապես բաց տարածքներում եւ խստորեն արգելված է խիտ բնակեցված շրջաններում, այդուհանդերձ, Իսրայելի զինվորականները 2009թ. հունվարի 17-ին սպիտակ ֆոսֆորի հրե արկեր են կրակել պաղեստինյան Բեյթ-Լախիա քաղաքում, նաեւ այնտեղ գտնվող ՄԱԿ-ի առաքելության շենքի ուղղությամբ: Այն ժամանակ ՄԱԿ-ի առաքելության եւ քաղաքի տարածքում գտնվող դպրոցի շենքերը մասամբ քանդվել էին, իսկ ներսում գտնվող մարդիկ զոհվել էին:


















































