Երիտասարդների օրհնության օրը Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում առավոտյան մատուցվեց Սուրբ պատարագ: Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանից երիտասարդները մասնավոր օրհնություն ստացան: Ավելի ուշ Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում նրանք մասնակցեցին տոնական միջոցառման՝ ՀՀԿ Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության, Լոռու ուսանողական միության եւ Գուգարաց թեմի համատեղ նախաձեռնությամբ: Ներկա էին թեմի հոգեւոր դասը, մարզային եւ քաղաքային իշխանություններ, արվեստագետներ, ուսանողներ: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, թեմակալ առաջնորդն օրհնության խոսք հղեց, ապա Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի եւ այլ ուսումնական հաստատությունների ուսանողներ ներկայացրին Սուրբ Սարգիս զորավարի տոնի խորհուրդը, հանդես եկան նաեւ գեղարվեստական համարներով: Վերջում ներկաներին բաժանվեց տոնի խորհրդանիշ համարվող փոխինդը:


















































